Tert.am. 9-2-2011- Փետրվարի 8-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին օրենքի ընդունման 10-ամյակին նվիրված միջոցառում, որին իրենց մասնակցությունն են բերել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, սենատորներ, Ֆրանսիայի մտավորական շրջանակների ներկայացուցիչներ:ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ միջոցառման նախաձեռնողն էր Ազգային ժողովի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամական խմբի փոխնախագահ, ԱԺ վարչական և ֆինանսաբյուջետային հարցերով խորհրդարանական բյուրոյի ղեկավար, իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» (UMP) կուսակցության անդամ, Բուշ-դյու-Ռոնի դեպարտամենտից պատգամավոր ընտրված Ռիշար Մալյեն:
Հանդիսությանը բացման խոսքով հանդես է եկել Ֆրանսիայի Ազգային ժողովի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամական խմբի նախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, կառավարող կոալիցիայի մաս կազմող «Նոր կենտրոն» կենտրոնամետ աջ կուսակցության անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը: Նա գնահատել է տասնամյա վաղեմության իրադարձությունը և կարևորել Հայոց ցեղասպանության ժխտման դեպքում քրեական պատիժ սահմանող օրինագծի Ֆրանսիայի Սենատի կողմից առաջիկայում ընդունելու հանգամանքը:
Հանդիսավոր միջոցառմանը հանրագումարային և վերլուծական ելույթներով հանդես են եկել ֆրանսիացի այլ պատգամավորներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառման ավարտին ամփոփիչ խոսք է ասել Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment