Saturday, February 5, 2011

Ադրբեջանը հեղափոխությա՞ն է նախապատրաստվում

Panorama.am. 4-2-2011- Արաբական երկրների հեղափոխությունները խիստ անհանգստացրել են Ադրբեջանի իշխանություններին: Երկրում լուրջ դժգոհությունների ալիք է բարձրացել, և վարչակարգի գաղափարախոսները խորհուրդ են տվել իշխանությանը` նոր և լուրջ ծրագրեր մշակել` արաբական երկրների ճակատագրից խուսափելու համար:
Իշխանական ճամբարում վերջին գործընթացներից լավ տեղեկացված հավաստի աղբյուրը «Ենի Մուսավաթ»-ին հայտնել է, որ Ադրբեջանի նախարարների կաբինետը արմատական փոփոխության է ենթարկվելու:
Առաջին փուլում վարչապետ Արտուր Ռասիզադեն թոշակի է ուղարկվելու: Նրա հետ միասին պաշտոններից ազատվելու են նաև փոխվարչապետներ Աբիդ Շարիֆովը, Էլչին Էֆենդիևը, գյուղատնտեսության նախարար Իսմեթ Աբբասովը, մաքսային կոմիտեի նախագահ Այդըն Ալիևը, հարկերի նախարար Ֆազիլ Մեմմեդովը, ջրային տնտեսության և մելիորացիայի կոմիտեի նախագահ Ահմեդ Ահմեդզադեն, մի շարք այլ պաշտոնյաներ:
«Փոփոխություններ կկատարվեն նաև ուժային կառույցներում և նախագահի աշխատակազմում: Բայց դրանք դեռևս քննարկման փուլում են և խիստ գաղտնի են պահվում: Ադրբեջանի գեներալիտետը հավատարիմ է նախագահին, սակայն Իլհամ Ալիևը լավ գիտի, որ եթե իր իշխանությունը վտանգվի, այս անգամ հարցը գեներալները չեն լուծելու, և ապագա հնարավոր իրադարձությունները կանխելու համար, չի բացառվում, որ նախագահը զոհի նաև իրեն ամենահավատարիմ գեներալներին:
Այստեղ ամենահետաքրքիր պահն այն է, թե ով կնշանակվի Ադրբեջանի վարչապետ: Վարչապետի ամենալուրջ թեկնածուն կարող էր համարվել արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովը, եթե աշխարհում և երկրում բացասական հեղինակություն չունենար: Ներկայումս վարչապետի հիմնական թեկնածու է համարվում ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը: Նա և քաղաքականացված դեմք չէ, և չի պատկանում ոչ մի կլանի: Նա լավ հարաբերություններ ունի արևմտյան երկրների` հատկապես ԱՄՆ-ի հետ: Նրա մասին լավ է արտահայտվել նարնջագույն հեղափոխությունների կնքահայր Ջորջ Սորոսը: Ադրբեջանի նման երկրում, այն էլ աշխարհում ծայր առած հեղափոխական ալիքի ֆոնին, երկրորդ պաշտոնի ճիշտ ընտրությունը շատ կարևոր է»,- հայտնել է պարբերականը:
Աղբյուրը հայտնել է նաև, որ մոտ օրերին իրագործվելիք այդ նախագծից բացի, իշխանության կողմից գործողությունների մի «B» պլան էլ է մշակվել: «Եթե Ադրբեջանում բողոքի զանգվածային ակցիաներ սկսվեն, և այդ ալիքի ֆոնին ընդդիմությունն ուժեղանա, իշխանությունը կգործարկի իր «B» պլանը, որը ենթադրում է խորհրդարանի ցրում և նոր ընտրությունների անցկացում: Սակայն այդ պահուստային պլանը նախատեսված է իրագործել միմիայն ծայրահեղ իրավիճակ ստեղծվելու դեպքում», -հայտնել է լրատվականը` նշելով, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններն ամբողջությամբ կարգավորելու հնարավորությունից զրկված իշխանությունն իր հույսը դրել է իր մշակած ծրագրերի վրա:

No comments: