Saturday, February 5, 2011

ՓԱՐԻԶԸ ԼՔՈՒՄ Է ՀԱՅԵՐԻՆ

Le Mond, ԱՐԱ ԹՈՐԱՆՅԱՆ, Փարիզում հրատարակվող «Nouvelles d, Armռnie» հանդեսի տնօրեն
Ցինիկ դիվանագիտության մասին
«ԱԶԳ», 05-02-2011- Ֆրանսիայում 2007 թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՈՒՄՊ (UMP) իշխանական կուսակցության կողմից նախագահի թեկնածու, երկրի այժմյան նախագահ Նիկոլա Սարկոզին, ապրիլի 24-ին ելույթ ունենալով Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների առջեւՙ խոստացավ, որ իր բոլոր ուժերը կներդնի, որ Հայոց ցեղասպանության ժխտման պատժելիության մասին օրենքը, որն արդեն հաստատվել էր Ազգային ասամբլեայի կողմից, կվավերացնի նաեւ Սենատը: Բայց ավաղ, դեռեւս երկու ամիս էլ չէր անցել այդ ժամանակից, երբ նա ժխտեց իր տված խոստումը:
«Վիքիլիքսի» վերջին դիվանագիտական գաղտնի հեռագրերի հրապարակումից հետո իմանում ենք, որ Ելիսեյան պալատի դիվանագետ-խորհրդատու Ժան-Դավիդ Լեւիտը* 2007-ի մայիսի 29-ին լինելով Անկարայում, իր թուրք գործընկերներին վստահեցնում է. «Սարկոզին ամեն ինչ կանի, որ Հայոց ցեղասպանության ժխտման պատժելիության օրենքը չվավերացվի Սենատի կողմից, այդ օրենքը կհանգչի Սենատում»:
Շատ լավ հասկանում ենք ամբարտավանության արժանացած այդ ժխտողականությունը, որը ծածանվում է ֆրանսիական վարագույրի վրա, եւ որը տարբեր ճանապարհներով ֆինանսավորում է Անկարայի կառավարությունը: Այսպիսով, արհամարհված լինելու այս դժբախտությունը սեպ է խրում ցեղասպանության ճանաչման քաղաքականության առջեւ: Այս չարիքը ձեւավորում է իր շարունակությունը տարբեր ուղիներով, որը ոչ միայն չի հերքվի հասարակական կարծիքի պատասխանատուների կողմից, այլեւ օգուտներ կբերի ֆրանսիական պետության ղեկավարի բարյացակամ չեզոքությանը:
Պանթուրքիզմի շահագրգռվածությունները
Ինչպիսի՞ արժեք կարող են ունենալ Նիկոլա Սարկոզիի արտասանած բառերը ֆրանսահայերի առջեւ եւ մանավանդ նրա պերճախոսությունը պատմության վերաբերյալ, եւ ինչպիսի՞ դասեր կարելի է քաղել այս բոլորից: Արժե՞ր արդյոք այս ձեւով ընծա մատուցել Անկարային, երբ երկրի ներսում, թուրք մտավորականության շրջանում վերջապես ուրվագծվում էր հայերից ներողություն խնդրելու ցանկության զգացմունքը:
Արեւմտյան պետությունների ծիծաղն է առաջանում, երբ թուրք իշխանություններըՙ ոգեւորված իրենց հաջողություններից, պահանջում են Իսրայելից վերացնել Գազայի շրջափակումը, երբ իրենք 16 տարուց ի վեր փակել են Հայաստանի սահմանը, պահանջում են, որ Իսրայելը ներողություն խնդրի Թուրքիայիցՙ հունիսին զոհված 9 թուրք ծովայինների համարՙ առանց նույնիսկ երբեւիցե սփոփանքի մի բառ արտասանած լինելու 1915-ի մեկուկես միլիոն հայերի կոտորածի համար, նույնիսկ մինչեւ օրս շարունակելով վիրավորանքներ թափել նրանց (զոհերի) հիշատակի վրա:
Բայց դժբախտությունը երբեք միայնակ չի գալիս, «Վիքիլիքսի» այս մյուս դիվանագիտական հեռագիրը Ֆրանսիայի հասարակությանը ներկայացվեց մեկ շաբաթ անց միեւնույն կայքով, եւ ըստ որի իմանում ենք, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության բարձր պաշտոնյա Ռոլան Կալարագն ԱՄՆ-ի պաշտպանության պետքարտուղար Ուիլյամ Բռնսի հետ հանդիպման ժամանակ բացատրում է վերջինիս, որ Ֆրանսիայի հայկական ուժեղ համայնքի գոյությունը խոչընդոտում է բոլոր այն ընդունելի առաջարկություններին, որ կարող են խաղաղություն հաստատել Լեռնային Ղարաբաղումՙ անազատության մեջ գտնվող հայկական մի տարածաշրջան, որը ձգտում է անկախության, եւ որը շրջափակված է թշնամանքով լի ու պատերազմական գործողությունների ձգտող թուրք-ադրբեջանական զույգով:
Հարց է առաջանում, թե խաղաղություն հաստատելու համար այդ ինչպիսի՞ գեղեցիկ առաջարկություններ է արել Ֆրանսիայի ԱԳՆ-ն, որոնց այդպես խոչընդոտել են ֆրանսահայերը: Ավաղ, այս բոլորը գալիս են ցույց տալու, որ այն ավանդույթները, որոնք գոյություն ունեին անցյալումՙ դավաճանելու եւ լքելու հայերին դժվար պահերին հօգուտ պանթուրքիզմի, կարծես թե վերադառնում են ֆրանսիական պետություն: Մենք չենք ուզում հաշվել զոհերի քանակը, որ դարձել է այդպիսի վերաբերմունքի հետեւանքը: Բայց ինչպես չվրդովվել, երբ գործունեության այս ձեւը միշտ կիրառվում է այդքան շատ կուտակված աղետներից հետո:
* Ժան Դավիդ Լեւիտը հանրապետության նախագահի դիվանագիտության գծով խորհրդատուն է, իր անընդմեջ աշխատանքային գործունեության եւ այն մանրակրկիտ ուշադրության համար, որ նա դարձնում է ԱԳՆ-ի ներսում կատարվող բոլոր գործերին, ստացել է Դիպլոմատոր մականունը (Le Mond, 12.01.11, page 3):
Ակնհայտ լարվածություն էր տիրում ԱԳՆ-ի վերջին նախարար Բեռնար Կուշների եւ Լեւիտի միջեւ, վերջինս միաժամանակ համարվում էր ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանի թափուր մնացած պաշտոնի հավակնորդներից մեկը, բայց հունվարի 19-ին կառավարության ընդլայնված նիստի ժամանակ այդ պաշտոնում նշանակվեց Կանադայում Ֆրանսիայի դեսպան Ֆրանսուա Դելատրը (Le Mond, 21.01.11, page 8):
Պատրաստեց Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

No comments: