Tuesday, February 1, 2011

ՈՒՄ ԵՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՀԱՅ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ

«Լրագիր» 1-2-2011- Անցած շաբաթ տեղի ունեցավ ԵԽԽՎ ձմեռային լիագումար նիստը: ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր ներկայացրեց Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերի մանրամասները:
Փոստանջյանի խոսքով, մի շարք կարևոր որոշումներ ու փաստաթղթեր ընդունվեցին, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծում, հանքերի շահագործման վերաբերյալ փաստաթուղթը և հայտարարություն Արցախի հարցով:
Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ ընդունվել է մի հայտարարություն, որտեղ նշված է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել 1918-1920 թթ Ադրբեջանի Հանրապետության կազմում, որի իրավահաջորդն է համարվում ներկայիս Ադրբեջանը: 1991 թ հանրաքվեի ժամանակ էլ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կողմ է քվեարկել անկախությանը, որը ճանաչվել է միջազգային բազմաթիվ դիտորդների կողմից: Ադրբեջանը չի ճանաչել այդ հանրաքվեն և լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել: Հայտարարության մեջ նշված է նաև, որ Ղարաբաղում անցկացված խորհրդարանական, նախագահական ընտրությունները և 2006 թ հանրաքվեն միջազգային դիտորդների և կազմակերպությունների կողմից ճանաչվել է արդար և թափանցիկ: Որպես ժողովրդավարական երկիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է` արժանի միջազգային ճանաչման և միջազգային կազմակերպություններին անդամակցության:

Փոստանջյանը նշել է, որ հայտարարությունն ընդունելու համար անհրաժեշտ էր 20 ձայն, սակայն հավաքվել է ավելին` 29 ձայն: Ինչ վերաբերում է Հայաստանի պատվիրակության մյուս անդամներին, ըստ Փոստանջյանի, նրանք չեն հասկանում, որ անկախ պետություն են ներկայացնում և պետք է սպասարկեն սեփական շահը, այլ ոչ թե համաձայնեցնեն ուրիշի շահերի հետ: Փոստանջյանը նշել է, որ մինչև ստորագրություններ հավաքելը պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը այս հայտարարությունը «կացնային էր» որակել և ասել է, որ ոչ ոք այն չի ցանկանա ստորագրել:

Զարուհի Փոստանջյանի համար ցավալի է, որ Ռուսաստանի պատվիրակության ոչ մի անդամ չստորագրեց: Սա Փոստանջյանը համարում է Հայաստանի արտաքին քաղաքականության բացթողումը:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողով ստեղծելուն, Փոստանջյանը սա դիվանագիտական պարտություն է համարում: Նա ասել է, որ Դավիթ Հարությունյանը չակարողացավ գոնե մեկ «դեմ» ապահովել: Փոստանջյանը կարծում է, որ պետք է դրվի ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ուժեղացման հարցը:

Ժառանգություն կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էլ նշում է, որ, չնայած արձանագրված հաջողությանը, ոչ մի հեռուստաընկերության կողմից այս փաստը չի լուսաբանվել: «Նրանց չի հետաքրքրում, որ դրսում սպասարկվում է պետական շահը, եթե ընդդիմության ներկայացուցիչ է, ապա չի լուսաբանվում», ասել է Խուրշուդյանը:

No comments: