Tuesday, February 1, 2011

Կդառնա՞ արդյոք հայկական սփյուռքը մեղսակից

1in.am. 1-2-2011- Սերժ Սարգսյանը սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի բերանով երեկ, ըստ էության, բավական անակնկալ առաջարկություն է արել սփյուռքահայությանը` տեղ առաջարկելով Հայաստանի խորհրդարանում: Սերժ Սարգսյանը դրա համար պատրաստվում է Հայաստանում երկպալատ խորհրդարան ձևավորելու նախաձեռնություն հանդես բերել:
Վերին պալատում էլ տեղ են առաջարկում սփյուռքահայերին: Միևնույն ժամանակ, իշխանությունը երեկ ըստ էության կրկին հրաժարվել է ընդդիմությանը տեղ տալ Ազատության հրապարակում փետրվարի 18-ին հանրահավաք անելու համար. փետրվարի 15-ից մարտի 15-ը իշխանությունն այնտեղ մարզամշակութային միամսյակ է պլանավորել:

Առաջին հայացքից այս երկու տեղեկություններն իրար հետ կապ ունեն միայն նրանով, որ միևնույն իշխանության որոշում են: Իրականում, սակայն, կապը չի սահմանափակվում միայն դրանով: Բանն այն է, որ այդ երկու որոշումները մի ամբողջ ընդհանուր իրականության, երևույթի բաղադրիչներ են, որոնք վկայում են Հայաստան կոչվող պետության հակասական ընթացքի մասին:

Այդ հակասականությունն այն է, որ Հայաստանում փաստորեն նեղացվում են մեր իսկ երկրի քաղաքացիների տեղերը, փոխարենը նոր տեղեր են ընդլայնվում օտար երկրի քաղաքացիների համար: Թվում է, որ այստեղ արտառոց ոչինչ չկա, քանի որ խոսքը օտար քաղաքացիների, բայց ազգությամբ հայերի մասին է: Սակայն իրականում այդ ամենի մեջ առկա է մտածողության, արժեքային շատ լուրջ խնդիր:

Բանն այն է, որ ժամանակակից աշխարհում պետությունն իդենտիֆիկացվում է ոչ թե ազգային պատկանելության, այլ քաղաքացիություն հասկացության հետ: Իսկ Հայաստանի իշխանությունը փաստորեն փորձում է պետության հիմքում դնել էթնիկ գործոնը: Առաջին հայացքից կարող է թվալ, որ այստեղ էլ որևէ լուրջ խնդիր կարծես թե չկա, առավել ևս, որ Հայաստանը կարծես թե էթնիկ պատկերի առումով գերազանցապես հայաբնակ պետություն է:

Բայց այստեղ էլ կա արժեքային շատ լուրջ բաղադրիչ: Բանն այն է, որ էթնիկ առանցքի պարագայում առաջնային պլան են մղվում ոչ թե իրավունքն ու օրենքը, որոնք առավելապես քաղաքացի հասկացությանը բնորոշ արժեքներ են, այլ ավանդույթները, ադաթը, նիստուկացը: Այսինքն, դրանք չգրված օրենքներն են: Եվ ահա իշխանությունը, փաստորեն ոտնահարելով գրված օրենքները, Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանափակում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տեղերը, փոխարենը էթնիկ պատկանելության հիմքով ընդլայնում է ադաթի, ավանդույթի, նիստուկացի չգրված օրենքների տեղը: Այստեղ է թաքնված շան գլուխը:

Էթնոպոպուլիզմով փորձ է արվում խեղդել քաղաքացիության գաղափարի ողնաշարը Հայաստանում, ինչը նույնն է, թե խեղդել օրենք և իրավունք հասկացությունների ողնաշարը: Եվ առավել վտանգավորն այստեղ այն է, որ այդ գործում որպես «հանցակից» ներգրավվում են արդեն Սփյուռքին:

No comments: