Tuesday, February 1, 2011

ՈՎ ԵՎ ԻՆՉՊԵՍ Է ԸՆՏՐՎԵԼՈՒ ՍՓՅՈՒՌՔԻՑ

«Լրագիր» 1-2-2011- Հայաստանի խորհրդարանը երկպալատ դարձնելու եւ այնտեղ նաեւ սփյուռքահայության ներկայացուցիչներին տեղ տալու մտադրության կապակցությամբ, որ արտահայտել է Սերժ Սարգսյանը, առաջանում են մի քանի հարցեր:
1. Ե՞րբ է Սերժ Սարգսյանը պատրաստվում հանդես գալ այդ առաջարկությամբ առավել կոնկրետ` մինչեւ 2012 թվականի խորհրդարանի ընտրությո՞ւնը, թե դրանից առաջ:

2. Ե՞րբ է Սերժ Սարգսյանը նախատեսում անցկացնել Սահմանադրության հանրաքվեն, որով խորհրդարանը կունենա երկու պալատ ունենալու իրավունք` 2012 թվականի խորհրդարանի ընտրության հետ զուգահեռ` նույն օ՞րը, թե խորհրդարանի 2012 թվականի եւ նախագահի 2013 թվականի ընտրության արանքում` ինչ որ մի օր, թե նախագահի 2013 թվականի ընտրությունից հետո:

3. Ինչպե՞ս է պատկերացնում Սերժ Սարգսյանը սփյուռքահայության ներկայացուցիչների ընտրությունը խորհրդարանի այսպես ասած վերին պալատում: Ո՞վ է սփյուռքում ունենալու առաջադրվելու իրավունք, ո՞վ է ունենալու ընտրելու իրավունք, ի՞նչ մեխանիզմով է կատարվելու ընտրությունը: Արդյոք ընտրողներն ու ընտրվողները պետք է ունենան Հայաստանի քաղաքացիություն, թե դա ընտրելու եւ ընտրվելու համար պարտադիր չէ: Արդյոք Հայաստանի խորհրդարանի վերին պալատի անդամ սփյուռքահայը պետք է ընտրվելուց ինչ որ ժամկետ առաջ անպայման մշտական բնակություն հաստատած լինի Հայաստանում: Կամ արդյոք Հայաստանի խորհրդարանի երկրորդ պալատի անդամ ընտրված սփյուռքահայը պարտավոր է լինելու գալ ու անդամության ընթացքում մշտապես ապրել Հայաստանում:

4. Արդյոք խորհրդարանի երկրորդ պալատի ստեղծումը ենթադրելու է, որ այսպես ասած առաջին պալատի ընտրությունն անցկացվելու է արդեն հարյուր տոկոս համամասնական` այսինքն կուսակցական ցուցակի կարգով, իսկ մեծամասնական ընտրությունն արդեն կվերապահվի երկրորդ` վերին պալատին:

Կան եւ կլինեն բազմաթիվ այլ հարցեր, քանի որ խոսքը բավական լուրջ նախաձեռնության մասին է: Այդ հարցերի պատասխանները հնարավորինս լույս կսփռեն նախաձեռնության իրական նպատակի վրա` դա իսկապե՞ս ուղղված է լինելու պետական կառավարման համակարգի արդիականացմանը, թե պարզապես իշխանության վերարտադրության եւ հարատեւության եւս մի օղակ է ստեղծվում, որին ներգրավվելու է նաեւ Սփյուռքը, ակամայից դառնալով Հայաստանում կարծրացած համակարգի դաշնակից:

No comments: