Tuesday, February 1, 2011

Հայ-ադրբեջանական հարաբերությունների առումով ԵԽԽՎ միակողմանի մոտեցումն ակներև է. Դավիթ Հարությունյան

Tert.am. 1-2-2011- Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կասկածելի որակեց ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները վերականգնելու մասին ԵԽԽՎ Բյուրոյի նախաձեռնած գործընթացը: «Գործընթացը կասկածելի է մեզ համար, և կասկածելի է այն հարցը, թե այն կարող է լինել օբյեկտիվ, թե ոչ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
«Հայկական պատվիրակության անունից ուզում եմ ասել, որ մենք չենք ուզում մասնակցել այն աշխատանքներին, որոնք ունեն ապակառուցողական բնույթ»,- հայտարարեց Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, որ դեռ պարզ չէ, թե ինչով է զբաղվելու հիշյալ ենթահանձնաժողովը, քանի որ հենց ստեղծման առաջին օրվանից այդ հանձնաժողովի բոլոր քայլերը դատապարտվել են անհաջողության:
«Հայ-ադրբեջանական հարաբերությունների առումով Վեհաժողովի ակնհայտ միակողմանի մոտեցումն ակներև է»,- հայտարարեց Հարությունյանը՝ միաժամանակ նշելով, որ իրենք դեռևս չեն որոշել՝ կմասնակցե՞ն ենթահանձնաժողովի աշխատանքներին, թե՞ ոչ: Ըստ նրա՝ իրենք երբեք չեն մասնակցի մի գործընթացի, որը կվնասի ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և այդ առումով լուրջ մտահոգություն ունեն:
«Սա նոր հարթակ է փոխադարձ մեղադրանքներ ներկայացնելու համար»,- հանձնաժողովի մասին ևս մեկ մտահոգություն հայտնեց հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

No comments: