Saturday, February 5, 2011

ԳԱՖԷՍՃԵԱՆ ԸՆՏԱՆԻՔ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԱՄՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Գաֆէսճեան ընտանիք հիմնադրամը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է
Վաշինգտոն, Հունվարի 28, 2011. “Գաֆէսճեան ընտանիք” հիմնադրամը ողջունում է ԱՄՆ-ի Կոլումբիայի շրջանի դատարանի որոշումը, համաձայն որի Վաշինգտոնի Ազգային Բանկի շենքը և դրան հարակից այլ տարածքներ կվերադարձվեն հիմնադրամին, ինչպես դա նախատեսված էր 2003թ. կնքված համաձայնագրով: Սույն թվականի հունվարի 26-ին ընդունված որոշումը ուղի է հարթում ԱՄՆ-ի մայրաքաղաքի սրտում Հայոց Ցեղասպանության թանգարանի և հուշարձանի կառուցման համար, որը ֆեդերալ դատարանի կողմից որակվել է իբրև “արժանի նպատակ”:

“Որոշումն արդարացի է, - ասել է հիմնադրամի նախագահ և գործադիր տնօրեն Ջերարդ Գաֆէսճեանը` հավելելով, որ “թանգարանի և հուշարձանի կարևորագույն տեսլականը այժմ կարող է իրականություն դառնալ իր ամբողջ նշանակալիությամբ”:

Դատավոր Քոլին Քոլար-Կոթելին 190-էջանոց եզրակացությամբ անհիմն ճանաչվեցին Ասամբլեայի նախագահ Հրայր Հովնանյանի և իր գործընկերների կողմից ներկայացված մի շարք մեղադրանքները, ըստ որոնց պարոն Գաֆէսճեանը և “Գաֆէսճեան ընտանիք” հիմնադրամի փոխնախագահ Ջոն Ուոթերսը հետաձգում էին թանգարանի կառուցումը` գույքը վերադարձնելու նպատակով: Ի հակադրումն, դատարանը վճռեց, որ պարոն Գաֆէսճեանի դիրքորոշումը թանգարանի և հուշարձանի կառուցման հարցում անբասիր է:

“Թանգարանի կառուցման հետաձգման պատճառը ոչ թե պաշտպանյալ կողմի սխալ կառավարման արդյունքն էր, այլ Խորհուրդի` համաձայնության գալու անկարողությունը”, - գրել է դատավոր Քոլար-Կոթելին, հավելելով, որ “հաշվի առնելով Խորհուրդի սակավաթիվ ժողովները և Հովնանյանի դժկամությունը աջակցություն ցուցաբերել նախագծին, զարմանալի չէ, որ Գաֆէսճեանին և Ուոթերսին չհաջողվեց կառուցել թանգարանը իրենց կառավարման երեք տարիների ընթացքում”:

Պարոն Գաֆէսճեանը իր սեփական միջոցներն էր տրամադրել բյուջեի պակասորդները լրացնելու համար: Իրավիճակն “էլ ավելի էր սաստկանում, քանի որ Ասամբլեան չէր փոխանցում թանգարանի և հուշարձանի համար հատկացվող գումարը, իսկ Հովնանյանը այդպես էլ չիրագործեց 5 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրելու իր խոստումը ”, - վճռեց դատարանը:

Պարոն Հովնանյանի և իր գործընկերների վկայությունները մի քանի անգամ որակվեցին իբրև “զարմանալի” և “անհավանական”: Դատավորի դիտարկմամբ` “հաճախակի հիշողության բացակայությունը բխում է հարմարավետությունից, այլ ոչ թե իմացությունից”: Խոսելով պարոն Հովնանյանի, Փիթեր Ոսբիկյանի և Ռոբերտ Կալուսդյանի մասին` նա նշեց, որ “այս անձանց հիշողության պակասը ոչ այլ ինչ է, քան փորձ (գիտակից կամ անգիտակից) նվազեցնելու իրենց ներգրավվածությունը համաձայնագրում, որի հետևանքները Ասամբլեայի համար այդքան աննպաստ էին:

Հիմնվելով ժողովների արձանագրությունների մանրակրկիտ հետազոտության վրա` դատարանը նաև եզրակացրեց, որ Վան Քրիքորյանը “ջանացել է փոփոխել արձանագրությունները` կառուցման և գործառնությունների հանձնաժողովի հեղինակությունը ուժեղացնելու և փաստաթղթերում գոյություն ունեցող հակասությունները կոծկելու նպատակով”:

Անշարժ գույքից բացի, հիմնադրամն այժմ իրավունք ունի անդամակցելու թանգարանի և հուշարձանի խորհրդում, ինչպես նաև ստանալու փաստաբանի վարձատրման փոխհատուցումը: Փոխհատուցման հետ կապված այլ հարցեր իրենց լուծումը կստանան հաջորդ նիստում, վերջնական վճռից առաջ:

Իրավիճակը մեկնաբանեց Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը` ասելով. ՙՈւրախալի է, որ այս ցավագին խնդիրը ստացավ վերջնական իրավական լուծում ` հեռանկարներ բացելով այս կարևրագույն նախաձեռնության իրագործման համար: Եթե հայ ժողովուրդը և իր բարեկամները համախմբվեն, հնարավոր կլինի այն իրագործել նույնիսկ մինչև 2015 թ.` Ցեղասպանության հարյուրամյակը՚:

No comments: