Thursday, February 10, 2011

Եգիպտոսի ցույցերը նոր թափ են առել. Եգիպտոսը ԱՄՆ–ից պահանջում է կամք չպարտադրել

Tert.am. 10-2-2011- Տասնյակ հազարավոր ցուցարարներ կրկին հավաքվել են Կահիրեի կենտրոնում՝ պահանջելու նախագահ Հոսնի Մուբարաքի անհապաղ հրաժարականը։ Այս մասին հայտնում է BBC–ն։
Հաղորդվում է, որ բողոքի ակցիան դուրս է եկել Կահիրեի Ազատության հրապարակի սահմաններից։ Հարյուրավոր մարդիկ շրջապատել են պետական հիմնարկությունները, ներառյալ՝ խորհրդարանի և կառավարության շենքերը։
Եգիպտոսում առավել ազդեցիկ ընդդիմադիր խմբավորումը՝ «Մուսուլման եղբայրները», հայտարարել են, թե պնդելու են նախագահ Մուբարաքի անհապաղ հրաժարականը՝ ընդգծելով նաև, թե մտադիր չեն «զավթել» իշխանությունը։
Մի շարք բողոքի ակցիաներ տեղի են ունեցել նաև Եգիպտոսի այլ հատվածներում։ Այսպես, Ալ Խարգա քաղաքում Եգիպտոսի անվտանգության ուժերի ներկայացուցիչների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 6 մարդ զոհվել, մոտ 100–ը վնասվածք է ստացել։
Գործադուլ են հայտարարել Սուեզի ջրանցքի շահագործման ոլորտում աշխատող հազարավոր մարդիկ՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։
Եգիպտոսի արտգործնախարար Ահմեդ Աբուլ Գեյթը երեկ ԱՄՆ–ից պահանջել է այլևս «իր կամքը չպարտադել» Եգիպտոսի կառավարությանը։ PBS հեռուստաալիքին տված հարցրազրույցում նա հայտարարել է, թե իրեն զարմացնում են Եգիպտոսում տասնյակ տարիներ շարունակ պահպանվող արտակարգ իրադրությունը հանելու մասին ԱՄՆ կոչերը։
Հիշեցնենք, որ անցած հանգստյան օրերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, թե Եգիպտոսն այլև չի լինի այնպիսին, ինչպիսին նախկինում էր՝ նշելով, թե փոփոխություները պետք է սկսել անհապաղ։ Օբաման նաև ընդգծել էր, թե եգիպացիներին անհրաժեշտ են արդար և թափանցիկ ընտրություններ։
Հիշեցնենք, որ Եգիպտոսում հունվարի 25–ից անկարգություններով ուղեկցվող հակակառավարական բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Անկարգությունների հետևանքով առնվազն 300 մարդ մահացել, մոտ 5000–ը վիրավորվել է։
Ժողովրդական դժգոհությունները մեղմելու համար, Մուբարաքը ավելի վաղ հայտարարել էր, թե 2011թ սեպտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին չի մասնկցի, իսկ մինչ իր պաշտոնավարման ժամկետի ավարտն արմատական փոփոխություններ կիրականացնի երկրում։ Մուբարաքի խոսքով՝ ինքը չի կարող իր լիազորություները վայր դնել մինչ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը, քանի որ դա իսկական քաոս կստեղծի երկրում։
Իսկ օրեր առաջ Մուբարաքը կարգադրել էր պատրաստել իշխանության փոխանցման «ճանապարհային քարտեզը»։ Բացի այդ, նա նաև հրահանգել էր սահմանադրական հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի երկրի սահմանադրական, ինչպես նաև այլ օրենսդրական բարեփոխումների նախապատրաստական աշխատանքներով։

No comments: