Monday, February 14, 2011

Քրդերը հարձակվել են Էրդողանի կուսակցության գրասենյակի վրա

Tert.am. 14-2-2011- Երեկ երեկոյան Ստամբուլի տարբեր շրջաններում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) կողմնակիցները մի շարք ակցիաներ են կազմակերպել, որոնց ընթացքում գրանցվել են միջադեպեր։
CNNTurk–ի փոխանցմամբ՝ ակցիաների ժամանակ, որոնք կազմակերպվել են Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ձերբակալության 12-րդ տարվա կապակցությամբ, PKK–ի կողմնակիցները «մոլոտովյան կոկտեյլ» են նետել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության Ստամբուլում տեղակայված գրասենյակներից մեկի վրա, որի հետևանքով շենքին չնչին նյութական վնաս է պատճառվել։
Քրդերը «մոլոտովյան կոկտեյլ» են նետել նաև Ստամբուլի Աթաթուրքի պողոտայում գտնվող սուպերմարկետներից մեկի վրա, որի հետևանքով առաջացած հրդեհը նյութական մեծ վնասներ է պատճառել։
Բացի այդ, PKK–ի կողմնակիցները ձայնային ռումբ են նետել Ստամբուլի Էյուփ թաղամասում գտնվող բանկերից մեկի շենքի վրա։
Վերոնշյալ դեպքերի առանչությամբ իրականացվում է հետաքննություն։
Նշենք, որ 1999թ. ի վեր յուրաքանչյուր տարվա փետրվար ամսին, ի նշան Օջալանի ձերբակալության և բանտարկության դեմ բողոքի, քրդերը Թուրքիայում անցկացնում են բողոքի ակցիաներ, որոնք ուղեկցվում են նաև փոխադրամիջոցների հրկիզմամբ:
Հիշեցնենք, որ քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը ձերբակալվել է 1999թ. փետրվարի 15-ին:

No comments: