Thursday, February 3, 2011

Կփոխվի ոչ միայն Եգիպտոսը, այլև ողջ արաբական աշխարհը. քաղաքագետ

Tert.am. 3-2-2011- «Եթե Եգիպտոսում իշխանության գան իսլամիստական ուժեր, տարածաշրջանում կնվազի Իսրայելի դերը, կմեծանա Իրանի դերը, որին անպայման կարձագանքի ԱՄՆ-ը: Մենք պետք է մտածենք հետևանքների մասին, ոչ թե պատճառների»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքագետը նշեց, որ իրեն չի բավարարում հայաստանյան մամուլի արձագանքները Եգիպտոսի դեպքերին, քանի որ հիմնականում գրում են պատճառների մասին, իսկ պատճառների մասին պետք է խոսեն ոչ թե լրագրողները, այլ արաբագետները:
Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով` եթե Եգիպտոսում չլինեին ներքին պատճառներ, ապա ինչ հսկայական գումարներ էլ ուղղեին արտաքին աշխարհից, այսպիսի իրավիճակ ստեղծել չէին կարողանա:
Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Հայաստանում ևս դեպքերի նման զարգացում, բանախոսը պատասխանեց, որ իրականում սա ալիք կամ դոմինո չէ:
«Եթե իրավիճակին նայենք ոչ թե Երևանից, այլ արաբական աշխարհից, ամեն երկրում իր պատճառները կան: Ամեն դեպքում, եթե անգամ սա ալիք է, Հայաստանում կան բողոքի պատճառներ, բայց դրանք այլ են: Չի կարող այստեղ հեղափոխություն լինել միայն նրա համար, որ Եգիպտոսում հեղափոխություն է»,- ասաց Իսկանդարյանը:

«Սա գունավոր հեղափոխություն չէ, քանի որ չկան ընտրություններ: Ընդդիմությունը սկզբում չուներ ղեկավարներ, իսկ հիմա գծագրվող իրադարձությունները գործընթացի հետևանք են: Հեղափոխություն կլինի թե չէ, ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում՝ Եգիպտոսը կփոխվի: Կփոխվի ոչ միայն Եգիպտոսը, այլև ամբողջ արաբական աշխարհը»,- ասաց բանախոսը:
Ալեքսանդր Իսկանդարյանը առանձնացրեց Սուդանի ու Եմենի դեպքերը Եգիպտոսից: Ըստ նրա` այս երկրներում էլ են գործընթացներ տեղի ունենում, բայց դրանք այլ բնույթ են կրում, քանի որ ուղղված են երկրները կազմալուծելուն:

No comments: