Thursday, February 3, 2011

Թուրքագետ. Առանց նախապայմանների սահմանի բացումը միշտ էլ հնարավոր է

Panorama.am. 3-2-2011- Հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու սցենարներ շատ կան: Այսօրվա ասուլիսում ի պատասխան Panorama.am-ի հարցին նման կարծիք հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նա հիշեցրեց, մոտենում է 2015 թվականը, երբ նշվելու է Հայոց Ցեղասպանության 100-ամյակը, որը խորհրդանշական տարի է և հայերի, և թուրքերի, ինչպես նաև սիմվոլիզմ շատ սիրող ամերիկացիների համար:

«Ես կարծում եմ, որ 201-ի և 2013-ի ընտրություններից հետո մենք ունենք 2014-ին ու 2015-ին մենք ունենք այդ հնարավորության պատուհանը, երբ Վաշինգտոնի աջակցությամբ, Երևանի ու Անկարայի ցանկությամբ հնարավոր է ինչ-որ առաջխաղացում` արձանագրությունների վերաթարմացում կամ նոր արձանագրությունների կնքում»,-ասաց թուրքագետը:
Նա նաև հնարավոր է համարում Թուրքիայի կողմից առանց որևէ պայմանի սահմանի բացումը: «Նա կարող է միակողմանի բացել սահմանը, և մեզ դնել շատ «հիմար» իրավիճակում»,-ասաց նա, ապա բացատրեց, որ դրան տնտեսական, միգրացիոն և մաքսային առումներով անպատրաստ Հայաստանը կկորցնի իր ամենահզոր խաղաքարտը: «Նա կարող է մեր ամենահզոր խաղաքարտը հօդս ցնդեցնել, եթե օրինակ բացի սահմանը 2015-ի մարտին և գեղեցիկ ձևով շրջանցի Ցեղասպանության 100-ամյա շեմը»,-զգուշացրեց մասնագետը:
Նա ցավ հայտնեց այն հայտարարությունների ու փաստի առնչությամբ, թե գնդակը Թուրքիայի դաշտում է: «Դա այնքան էլ ուրախության բան չէ, դա նշանակում է, որ նախաձեռնությունն է գտնվում Անկարայի ձեռքում: Մենք ցավոք, սրտի արձագանքում ենք Անկարայի գործողություններին, ինչը վատ է: Այնպես որ առանց նախապայմանների սահմանի բացումը միշտ էլ հնարավոր է»,-ասաց նա:
Ա. Շաքարյանը նաև նկատեց, որ Թուրքիային հաջողվում է տարածաշրջանում լուրջ դերակատարում ձեռք բերել, առայժմ Թուրքիան չի կարողանում իր ազդեցությունը տարածել Հարավային Կովկասի վրա: «Թուրքիան շատ լավ հասկանում է, քանի դեռ չկան հարաբերություններ Հայաստանի հետ, նա չի կարող Հարավային Կովկասում ազդեցություն ունենալ»,-ասաց բանախոսը:

No comments: