Tuesday, February 1, 2011

Հայ դիվանագիտական մտքի հերթական թռիչքն ու անկումը

1in.am. 1-2-2011- Մեր դիվանագիտությունը հերթական պարտությունը կրեց. Չավուշօղլուին հաջողվեց Ղարաբաղյան հարցի «կարգավորման» հանձնաժողովը վերակենդանացնել: Չխոսենք այդ մեռելածին հանձնաժողովի տհաճ հետևանքների մասին: Այդ մասին դեռ շատ հառաչանքներ և աղերսանքներ կհնչեն:
Իհարկե, Չավուշօղլուի հասցեին մեղադրանքի ալիք կբարձրանա: Բայց մի՞թե միայն Չավուշօղլուի:
Իսկ նրանց, ովքեր իրենց ուսերին դրած նրան հասցրին ԵԽԽ-ի նախագահի պատվանդանին, նրա՞նց ինչ պետք է ասենք: Ինչպե՞ս պետք է գնահատենք մեր պատվիրակության բոլոր անդամներին, որոնք ոչ միայն մերժեցին միանալ Չավուշօղլուի դեմ ստորագրահավաքին, այլև ծաղրում և անպատվում էին ստորագրահավաքը կազմակերպողին:

Այո, Զարուհի Փոստանջյանը մեր այն միակ պատգամավորն էր, որը կանխատեսում էր այսօրվա օրը, որը թուղթ ու գրիչը ձեռքին մոտենում էր իր հայրենակից պատգամավորներին և խնդրում էր, աղերսում, նույնիսկ արտասվում էր, որ դեմ դուրս գան Չավուշօղլուի ընտրությանը: Բոլորը մերժեցին Զարուհուն, իսկ երբ այդ նույն խնդրանքով նա դիմում էր այլազգի պատգամավորներին, ասում էին՝ «Իսկ ո՞ւր են քո երկրի պատգամավորների ստորագրությունները»:

Իզուր չէ, որ մեր երկրում Զարուհուն ճանաչում են որպես թշվառների և հանիրավի ծեծվածների, տնից-տեղից դուրս քշվածների, մարդու իրավունքի պաշտպան բարի հրեշտակ: Բայց այդ ստորագրավահաքից հետո նա ինքը դարձավ ծեծված, ամեն տեսակի իրավունքից զրկված:

Նրան զրկեցին Եվրախորհրդի պատվիրակության մանդատից և, առանց ձայնի իրավունքի, փոխարինող նշանակեցին, դեռ ավելին` նրան թույլ չտվեցին մեր պատվիրակության հետ մեկնել Ստրասբուրգ («Փոխարինողի համար փող չունենք»,- հայտարարեց Ազգային ժողովի նախագահը, որը նույն օրերին միլիոնավոր դոլարներ գտավ և Ազգային ժողովի դահլիճը վերանորոգեց):

Այո, մեր պատվիրակությունը 2010 թ. առանց Զարուհու մեկնեց Ստրասբուրգ: Որոշ մարդիկ ազատ շունչ քաշեցին. այլևս չի լինի մեկը, որ կեղտոտ սպիտակեղենը տնից հանի: Չի լինի մեկը, որ բարձրաձայնի 2008 թվի Մարտի 1-ը, տասը զոհերի, քաղբանտարկյալների մասին խոսի: Պրծան Զարուհուց: Սակայն մեր պատվիրակությունը հազիվ էր հասել Ստրասբուրգ, և չէին հասցրել Չավուշօղլուի ընտրվելու և Զարուհուց ազատվելու բանկետը հրավիրել, երբ, ի զարմանս իրենց, Զարուհին հայտնվեց Ստրասբուրգում…

Եվ ո՞վ էր հրավիրել… Չավուշօղլուն:

Չէ, չէ, մի շտապեք մարդասիրական խոսքերով նրան զարդարել: Ի՞նչ է, կարծում եք՝ Չավուշօղլուն ավելի՞ մարդասեր է, քան մեր Ազգային ժողովի նախագահը: Ո՜չ, հազար անգամ ո՜չ: Չավուշօղլուի մեջ գլուխ էր բարձրացել ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՅՏՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ. «Դու պայքարում էիր իմ դեմ, ստորագրություններ հավաքում, բայց դու սխալվում էիր, ես հիշաչար չեմ, քեզ հատուկ հրավիրել եմ և ամբողջ ծախսերը հոգացել…»։

Դիվանագետի գովելի քայլ, որ մենք` հայերս, չունենք: Հիմա, դեռ Երևան չեկած, մեր պատվիրակները այնտեղից հերթով բղավում են. Չավուշօղլու… Չավուշօղլու…«Մենք բոյկոտ կհայտարարենք, և այլն, և այլն»: Իսկ արդյոք ճիշտ չէ՞ր լինի բոյկոտի փոխարեն հրաժարական տալ և բոլորի փոխարեն Ստրասբուրգում միայն Զարուհուն թողնել, այս անգամ՝ ձայնի իրավունքով:

No comments: