Tuesday, February 1, 2011

ՊԱԼԱՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

«Լրագիր» 1-2-2011- Երկպալատ խորհրդարանի մտադրությունը, որ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի միջոցով արտահայտել է Սերժ Սարգսյանը, կարող է իսկապես լինել հետաքրքիր: Պետական կյանքի կազմակերպման տեսանկյունից այն հազիվ թե վճռորոշ նշանակություն ունենա, քանի որ եթե իշխանությունն ունի իրավական, Սահմանադրական, արդիական եւ մրցունակ պետություն կառուցելու կամք, ապա նույնիսկ կես պալատանի խորհրդարանն էլ բավական կլինի դրա համար:
Երկպալատ խորհրդարանը կարեւոր նշանակություն կունենա այն առումով, որ կընդլայնվեն առեւտրի իշխանական ռեսուրսները: Օրինակ, եթե այժմ իշխանությունն ունի բաժանելու ընդամենը 131 տեղ, քանի որ այդքան են միապալատ խորհրդարանի մանդատները, ապա երկպալատի պարագայում այդ տեղերը կարող են ընդլայնվել: Իսկ դա նշանակում է, որ իշխանական կարկանդակի ծավալներն են ինչ որ առումով ընդլայնվում: Ընդ որում, այդ ընդլայնումն արդեն դուրս է գալիս Հայաստանի սահմանից, նկատի ունենալով, որ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել երկպալատ խորհրդարանում տեղ տալ նաեւ Սփյուռքի հայության ներկայացուցիչներին:

Սերժ Սարգսյանի այդ մտահղացումը կազդի նաեւ Հայաստանի ՀՆԱ ձեւավորման վրա, քանի որ եթե մանդատները շատանում են, եւ եթե հետեւաբար շատանում են դրա համար պայքարողները, ապա կավելանա նաեւ այն ծախսը, որ մանդատի հավակնորդները կատարում են ընտրությունների համար: Այսինքն, ավելի շատ պլակատներ կտպագրվեն, ավելի շատ հոլովակներ կպատվիրվեն, ավելի շատ ընտրակաշառք կբաժանվի: Այդ ամենն ի վերջո իր արտահայտությունը կգտնի ՀՆԱ հաշվեկշռում: Իհարկե, բաժանվող փողերը հիմնականում որեւէ տեղ արձանագրված չեն, բայց չէ որ ստացողը ծախսելու է եւ դրա դիմաց շահող կտրոն է պահանջելու: Այսինքն, այդ փողն ի վերջո ինչ որ տեղ ֆիքսվելու է:

Իսկ ընդհանրապես, խորհրդարանի երկրորդ պալատը հասարակությանը թերեւս կտա ընդամենը այն, ինչ տվեց ասենք խորհրդարանի “խորթ” պալատը` Հանրային Խորհուրդը: Այսինքն, հասարակությունն այդ ամենից մեծ հաշվով ոչինչ էլ չի ստանա: Բանն այն է, որ հասարակությանը ոչ թե պալատներն են պակասում լավ պետություն ունենալու համար, այլ պալատներում ապրող մարդկանց կամքը, ազնվությունը, պարկեշտությունը, իրավագիտակցությունը, արդիական մտածողությունն ու արժեհամակարգը: Պալատներ Հայաստանում շատ կան, ու ինչքան դրանք ավելանում են, ավելանում է ավելի շատ ոչ թե պետական, այլ պալատական մտածողությունը:

Հետեւաբար երեւի թե արժե ավելորդ պալատներ ձեւավորելու փոխարեն մտածել արդեն եղած պալատներն արդիականացնելու մասին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ


No comments: