Մեկնում են ընտանիքով ու ընդմիշտ, ինչի հետևանքով վտանգվում է երկրի անվտանգությունն ու ապագան: Մարդիկ հեռանում են Հայաստանից, իսկ Ռուսաստանն էլ նրանց օգնում է. ճանապարհածախս է տալիս, տուն է տալիս, փող է տալիս և ամենակարևորը աշխատանքով է ապահովում: Դե արի ու մի գայթակղվի, երբ էս երկրում ոչ աշխատանք ունես, ոչ փող, իսկ տունն էլ ամեն րոպե կարող են ձեռքիցդ առնել ` ինչպես օրինակ Հյուսիսային պողոտայի և Կոզեռնի դեպքում եղավ:
«Արտերկրում բնակվող հայրենակիցների վերաբնակեցման» ռուսաստանյան պետական ծրագրի շրջանակներում վերջին երեք տարվա ընթացքում մոտ 2000 մարդ է մեկնել: Հայրենակիցն էլ նա է, ով կիսում է Ռուսաստանի մշակույթն ու ավանդույթները, խոսում ռուսերեն:
Այս ծրագրի պատճառով ՌԴ հյուպատոսարանի դիմաց հերթեր են: Ամեն գնով մարդիկ ցանկանում են օգտվել ծրագրից և ընտանիքով գնալ ռուսական որևէ բնակավայր, քանի որ ապագան այնտեղ են տեսնում: «Պետությունը հոգ չի տանում իր քաղաքացիների մասին, եթե հոգ տաներ, ոչ ոք էլ չէր ուզենա իր հողը լքել: Եթե աշխատանք լինի, աշխատավարձ լինի, մենք կմնանք կապրենք, բայց որ չենք կարող մեզ պահել, մնանք ի՞նչ անենք»,-ասում է մեկնողներից մեկը:
Մյուսն էլ, դժգոհում է, որ «30 հազար դրամ աշխատավարձ ես առանում, 30 հազար դրամ նպաստից զրկվում ես: 30 հազար դրամով երեք երեխա կարո՞ղ եմ պահել», -հարցնում է նա:
Ու թեև այս իրավիճակը մեր երկրում նոր չէ, սակայն կառավարությունը կարծես նոր է ուշքի գալիս ու փորձում քայլեր ձեռնարկել միգրացիան դադարեցնելու համար: Այդ էլ հարց է, իսկապես ուզում է, թե փորձում է այդպես ցույց տալ:
Ամեն դեպքում իր «գերակա ծրագրի շրջանակներում նախարարությունը կփորձի հանրապետությունից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երևույթի ուսումնասիրություն իրականացնել և կանխել արտագաղթը», ասպես է հայտարարել Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը։ Այսինքն 2-ից մեկը. Կամ կարելի է կարծել, թե կառավարությունը քնած էր ու չէր նկատել, որ վաղուց արդեն սոցիալ-տնտեսական ծանր պայմանները խեղդում են քաղաքացիներին ու նրանք հանգիստ շնչել են ուզում, կամ պատրաստվում են մարդահամարին: Քանի որ ամենակարող, ու ամենաանհավանական թվերով վիճակագրությունը միայնակ` առանց օգնության չի կարող հեքիաթային թվեր ցույց տալ:
Վաչե Տերտերյանը հայտարարել է, թե միգրացիոն հոսքերի կանխարգելման նպատակով նախատեսվում է որոշակի նպատակային ֆինանսավորում հատկացնել հատկապես սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներին։ Դա, ըստ փոխնախարարի, հնարավորություն կտա մեղմել սոցիալական վատ վիճակը։ Այս երևույթի կանխարգելման նպատակով նաև մի շարք ենթաօրենսդրական ակտեր են մշակվել։
Թե ինչ են տալու այդ «ակտերը» և ինչ ֆինանսական օժանդակություն կլինի պարզ չէ: Դժվար է ասել նաև, թե արտագաղթը կանխելու համար այդ ինչ պետք է անի կառավարությունը այս կարճ ժամանակահատվածում, որ չի հասցրել անի ասենք վերջին տասնամյակում: Ակնհայտ է միայն, որ ժողովրդի մեջ գոյություն ունեցող հուսահատությունն ու հիասթափությունը մի քանի գրոշով չես կարող վերադարձնել ու ոչ էլ փոխհատուցել նրա ոտնահարված արժանապատվության ու ընչազրկության մեջ ապրած կորած տարիների դիմաց . . .
Արմինե Մկրտումյան

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment