Saturday, February 5, 2011

ԱԼԻ ԽԱՄԵՆԵԻՆ ՆԱԽԱՆՇՈ՞ՒՄ Է ԵԳԻՊՏԱԿԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԵԼՔԸ

«ԱԶԳ», 05-02-2011- Արաբական երկրներում տեղի ունեցող իրադարձությունները Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին «իսլամական զարթոնք» է որակել: Իրանական «IRINN» հեռուստաընկերության եթերով, որի մասին տեղեկացնում են միջազգային լրատվամիջոցները, Խամենեին հայտարարել է, թե Աֆրիկայի հյուսիսում եւ մի քանի այլ մուսուլմանական երկրներում տեղի ունեցող բողոքի ակցիաները 1979-ի Իրանի իսլամական հեղափոխությունն են հիշեցնում:
Ուրբաթօրյա աղոթքի առնչությամբ հեռուստաեթերից դիմելով հավատացյալներին` Իրանի հոգեւոր առաջնորդը քաջալերանքի եւ ողջույնի խոսքեր է ասել «իսլամական ազատագրական շարժման» ալիքի բարձրացման առնչությամբ: Ալի Խամենեիի խոսքերով, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը «Իսրայելի եւ Միացյալ Նահանգների ծառան է»:
Արաբ մուսուլմաններին Ալի Խամենեին հեղափոխության կոչ է արել` «տապալելու ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի հետ կապված դավաճաններին»: Իրանի հոգեւոր առաջնորդը եգիպտական բանակին առաջարկել է ուշադրություն դարձնել «սիոնիստական թշնամու» վրաՙ նկատի ունենալով Իսրայելը, միեւնույն ժամանակ, ողջ արաբ ժողովրդի համար կարեւորելով «իսլամական իշխանության» դերը: Ալի Խամենեին հեռուստաեթերում հանդես է եկել արաբերենով:
Ավելի ուշ նրան պատասխանել է Եգիպտոսի «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը, որը պնդել է, որ այդ երկրում տեղի ունեցողը «իսլամական հեղափոխություն» չէ, այլՙ եգիպտացի ժողովրդի՛ հեղափոխություն...
Ա. Հ.

No comments: