Tuesday, February 1, 2011

ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԽՈՉԸՆԴՈՏԸ

«Լրագիր» 1.2.2011- Կյանքի տրամաբանությունը և պատմական փորձը հուշում են, որ պաշտպանության ենթակա որևէ արժեքի մատչելիության վերահսկողությունը օտարին վստահելը, այդ արժեքը տվյալ օտարին կամ նրա հայեցողությամբ մեկ ուրիշին հանձնելու ռեալ սպառնալիք է:
ՈՒստի գերակա արժեքները` ազատությունը, պատիվը, արժանապատվությունը, կյանքը, ընտանիքը, ազգը, երկիրը, Հայրենիքը գիտակցաբար նման սպառնալիքի ենթարկելը ոչ թե պարզ անխոհեմություն է, այլ դավաճանություն:
Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում Իրանի և Թուրքիայի հետ պետական սահմանի պահպանության մասով մեր գերակա արժեքների մատչելիության վերահսկողությունը վստահված է օտարերկրյա պետություն Ռուսաստանի Դաշնությանը` ի դեմս ՀՀ տարածքում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության զորամասերի:

Այս երևույթի հիմնական հատկանիշները և ՀՀ-ի համար դրա վտանգավորությունը բնութագրվում են հետևյալ պարամետրերով.

1. Սահմանների անձեռնմխելիության ապահովումը իշխանության իրականացման, պետական կառավարման գործառույթ է: Օտարերկրյա պետությանն այդ գործառույթի զիջումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնիշխանության զիջում տվյալ պետությանը:

2. ՀՀ ինքնիշխանության հաշվին և ՀՀ Սահմանադրության խախտմամբ “ՀՀ սահմանների անձեռնմխելիությունն ապահովող” ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունը օտարերկրյա պետության հատուկ ծառայության ստորաբաժանում է: Վերջինս ՀՀ-ում բացահայտ ու իրավազոր կերպով ի շահ ՌԴ-ի հետախուզական և հակահետախուզական համալիր գործունեություն իրականացնելու առարկայական հնարավորություններ ունի: Ընդ որում, այդ գործունեությունը բացարձակապես անվերահսկելի է մեր կողմից: Բնական է, որ անհրաժեշտության դեպքում նման գործունեությունը կիրականացվի նաև ի վնաս ՀՀ-ի: Անխուսափելի է ինչպես ՀՀ-ում գործակալական ցանց ստեղծելու և այն այլազան մանիպուլյացիաների ենթարկելու միջոցով ՀՀ ներքին գործերին միջամտելը, մեր պետության կառավարմանը հայեցողական ու անվերահսկելի կերպով մասնակցելը, այնպես էլ ուրիշ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետ ՀՀ-ի շահերի հաշվին գործակցելը:

3. ՀՀ-ն անմիջական, կենդանի շփում չունի տարածաշրջանի հիմնական սահմանակից դերակատարներ Թուրքիայի և Իրանի հետ: Մինչդեռ սահմանը, որպես կանոն, յուրօրինակ չափիչ սարքի նման ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի կերպերով արտացոլում է սահմանակցի վարքը և հնարավորություն է տալիս համապատասխան կանխատեսումներ անել, որոնք կդրվեն հետագա քաղաքականության հիմքում: Բացի այդ, այս հանգամանքը Թուրքիայի և Իրանի հետ սահմանային հարցերի ու դրանց հետ որևէ առնչություն ունեցող ոլորտների մասով հարաբերվելու գործում ՀՀ-ին զրկում է սուբյեկտությունից, քանի որ հայկական կողմը ստիպված է լինելու որպես միջնորդ ու դատավոր հրավիրել ռուսական կողմին, որն էլ գործելու է ի շահ իր նպատակների:

4. Իր հատուկ ծառայության “ռեզիդենտ” ստորաբաժանման միջոցով օտարերկրյա պետություն ՌԴ-ն կարող է ոչ միայն միջամտել ՀՀ ներքին գործերին և ուղղորդել նրա արտաքին ու ներքին քաղաքականությունը, այլև ուղղակի կերպով մոնիտորինգի տակ պահել և վերահսկել մեր քայլերը: Մասնավորապես` որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ովքեր, ինչ իրավունքով և ինչ չափով են վերահսկում մեր օդային սահմանով մուտքն ու ելքը մեր օդանավակայանում: Մինչև վերջերս նրանք ռուսներ էին, հետո նրանց փոխարինեցին հայազգի սահմանապահներ, որոնցից շատերը ռուսերեն են խոսում: Նրանք մե՞ր, թե ռուսական սահմանապահներ են: Արդյո՞ք օդանավակայանում ՌԴ սահմանապահները վերահսկում են միայն Թուրքիայի և Իրանի չվերթները, ինչպես բխում է համապատասխան միջազգային պայմանագրից: Ինչպե՞ս են բաշխված ՀՀ և ՌԴ սահմանապահների իրավասությունների ոլորտները: Ինչպիսի՞ համագործակցային մեխանիզմ է գործում նրանց միջև, եթե իրականում գործում է: Իսկ եթե կա նման մեխանիզմ, ապա հայկական թե՞ ռուսական կողմն է դրա “մեքենավարը”: Արդյո՞ք ՌԴ սահմանապահները մեր համապատասխան ծառայություններին տրամադրում են իրենց ձեռք բերած տեղեկատվությունը: Իսկ այդպիսի տեղեկատվությունը ՌԴ սահմանապահների կողմից չտրամադրելու դեպքում կա՞ն արդյոք համապատասխան ազդեցության լծակներ և այլն:

Սրանք ընդամենը նախնական, հպանցիկ դիտարկմամբ ոչ մասնագիտական, ընդհանուր տրամաբանության հիման վրա ծագող հարցերի մի մասն են:

Մի բան պարզ է, որ օտարերկրյա պետության հատուկ ծառայությունն իր ստորաբաժանման միջոցով ՀՀ տարածքում ձգտելու է հնարավորինս ընդլայնել իր գործունեության դաշտն ու ազդեցության սահմանները: Եթե հաշվի առնենք այն հանգամանքները, որ ա) այդ ծառայությունը խորհրդային շրջանում Հայաստանի տարածքում անբաժանելիորեն տիրապետել է ոլորտին, բ) նրա գործունեությունն իր բնույթի պատճառով գործնականում անվերահսկելի է և գ) այդ գործունեության պայմանագրաիրավական բազան իր հերթին`իր բնույթի պատճառով, ընդամենը ընդհանրական նորմեր պարունակող միջազգային պայմանագրերից բաղկացած լինելով, հայկական կողմին չի տալիս ռուսական կողմի գործունեության վերահսկողության և պատասխանատվության մեխանիզմներ, ապա ակնհայտ կդառնա, որ ՌԴ հատուկ ծառայությունների գործունեության դաշտի ու ազդեցության սահմանների աճման դինամիկան շատ քիչ է կախված մեր կամքից ու գործողություններից: Ընդհակառակը, մենք ենք հայտնվում հայցողի ու ազդեցության օբյեկտի կարգավիճակում:

5. Իր հատուկ ծառայութան ստորաբաժանման ուժերով ՀՀ սահմանը պահելու հանգամանքը որպես գործիք ու գործոն օգտագործելով, ՌԴ-ն օբյեկտիվորեն հնարավորություն է ձեռք բերում ՀՀ-ին վերաբերելու որպես ֆորպոստի, իսկ հայ ժողովրդին` որպես համայնքի:

Բնութագրական է, որ ՀՀ տարածքում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության պետ գեներալ Բոնդարևը 2-3 տարի առաջ` սահմանապահի օրվան նվիրված միջոցառման ժամանակ միանգամայն ինքնաբուխ ու բնականորեն արտահայտեց այն կարծիքը, որ հայ ժողովուրդը կարող է վստահ լինել իր սահմանների պահպանվածության համար: Նա չխոսեց միջազգային իրավունքի երկու լիիրավ սուբյեկտների` ՀՀ-ի և ՌԴ-ի միջև միջազգային պայմանագրին համապատասխան իր ղեկավարությամբ գործող սահմանապահ զորամասերի պարտականությունների կատարման մասին, այլ որպես ուժի կրող և տիրապետող` հավաստիացրեց ուժ չունեցող և դրան չտիրապետող “խաղաղ ու ստեղծագործ” հայ համայնք-ժողովրդին, որ վերջինիս տերն ու պաշտպանը ՌԴ-ն է:

Պատկերացնո՞ւմ եք, դա ասում է օտար պետության հատուկ ծառայության բարձրաստիճան պաշտոնյան: Ա՛յն պետության, որը հայկական բարձրավանդակ ոտք դնելուց ի վեր` շուրջ 200 տարի, ցարականից բոլշևիկյանի և ապա “ժողովրդավարականի” կատակլիստիկ փոխակերպումների ենթարկվելով անգամ հավատարիմ մնաց մեր հանդեպ իր առանցքային քաղաքականությանը` սպիտակ ջարդի (հարկ եղած դեպքում` նաև Թուրքիային ու Ադրբեջանին մեր նկատմամբ կարմիր ջարդի դրդելու և դրան մասամբ մասնակցելու) միջոցով մեր տարածքը, ինչքը, կյանքն ու արյունը յուրացնելով ոչ պակաս չափով ու քանակությամբ, քան դա կարմիր ջարդի միջոցով արեցին Թուրքիան ու Ադրբեջանը: Ահա ա՛յդ պետության գեներալը հավաստիացնում է, որ անհոգ լինենք, վախենալու բան չկա, իրենք ամեն ինչ վերահսկում են:

6. ՌԴ-ի համար դա կարող է ծառայել (ըստ էության ծառայում է) որպես կայսրության վերարտադրողական տարրերի պահպանման ռեզերվացիա, որպես կայսրության վերականգնման ռեսուրս: Սա հնարավոր է հատկապես այն հիմնարար պատճառով, որ ՀՀ-ի սահմանները ՌԴ-ի ուժերով պահելու ձևաչափը կառուցված է Ադրբեջանի ու Վրաստանի հետ սահմանը “ներքին”, իսկ Թուրքիայի և Իրանի հետ սահմանը “արտաքին” համարելու մեկնակետերի վրա, ինչը ըստ ամենայնի պահպանում ու սնուցում է կայսրության ընդհանուր տիրույթը: Մի քանի տարի առաջ կնքվել է նաև միջկառավարական մի համաձայնագիր, որով նախատեսվում է ռուս սահմանապահների երեխաների համար ՀՀ տարածքում դպրոցներ ստեղծել` այնտեղ սովորելու հնարավորություն տալով նաև շրջակա բնակավայրերի հայ երեխաներին: Ի՞նչ է սա, եթե ոչ մշակութային էքսպանսիա, որի առարկայական դրսևորումներից երկուսին վերջերս ականատես եղանք: Խոսքը օտարալեզու դպրոցներ ստեղծելու նպատակով “Լեզվի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և Երևանի նորընտիր ռուսամոլ քաղաքապետի ու ՀՀ-ում ՌԴ դեսպանության համատեղ ջանքերով իրականացվող “կրթական” ծրագրի մասին է:

7. Դրանով նաև շարունակում է կենսունակ մնալ այն կարծրատիպը, որ մենք մեզ չենք կարող պաշտպանել, որ առանց ռուսի հնարավոր չէ, ինչը ոչ միայն նվաստացուցիչ է ազգային արժապատվության համար, այլև թույլ չի տալիս, որ մենք անձնային ու ազգային առումներով հոգեբանորեն անկախանանք, ազատվենք հոգեբանական բարդույթներից, ժամանակակից պահանջներին բավարարող և համապատասխան մարտահրավերներին դիմակայելու ընդունակ ազգի վերածվենք ու դրա հիման վրա հասնելով լիարժեք հոգեբանական ինքնիշխանության` ստեղծենք ռեալ ինքնիշխան պետություն:

Ժամանակները փոխվել են, փոխվել են ձևերն ու մեթոդները, բայց բնույթն ու էությունը նույնն է: Ներկայիս ՌԴ-ն ժողովրդագրական լուրջ պրոբլեմներ ունի: Բացի այդ, ՀՀ տարածքում ՌԴ սահմանապահ զորամասերի պարտադիր ծառայության կազմը ՌԴ քաղաքացիներով համալրելը իրավական անլուծելի պրոբլեմներ է առաջացրել: ՀՀ և ՌԴ միջև կնքված համապատասխան միջազգային պայմանագրերի համաձայն դրանց անձնակազմը մասամբ պետք է համալրվի ՀՀ քաղաքացիների զորակոչի միջոցով: Սակայն մի քանի տարի առաջ փոփոխված ՌԴ օրենսդրության համաձայն պարտադիր ծառայության ժամկետը մեկ տարի է: Մինչդեռ ՀՀ օրենսդրության համաձայն պարտադիր ծառայության ժամկետը երկու տարի է, ինչի պատճառով հնարավոր չէ կազմակերպել ՀՀ և ՌԴ քաղաքացիների համատեղ ծառայություն: Այս հանգամանքներն հաշվի առնելով` ՌԴ-ն փոխել է մարտավարությունը. ՀՀ տարածքում գտնվող նրա սահմանապահ զորամասերի շարքային, մասամբ նաև` կրտսեր սպայական կազմը համալրվում է ՀՀ քաղաքացիներով, իսկ ավագ և բարձրագույն սպայական ու հրամանատարական կազմը` ՌԴ քաղաքացիներով:

Այսպիսով, “սև” գործը թողնվել է ՀՀ քաղաքացիներին, սակայն կառավարումը մնում է ռուսների ձեռքում: Նման պարագայում ակամա հարց է առաջանում. մեր ինչի՞ն են պետք ռուս հրամանատարները, եթե մեր սահմանը պահպանվում է մեր կենդանի ուժի հաշվին: Ինչ է, մենք ի վիճակի չե՞նք մի քանի սահմանապահ զորամաս կառավարել: Թե՞ նրանք, որ ժամանակին “եկեք ու տիրեք մեզ” խնդրանքով դիմել են վարյագներին, ավելի լավ ու սրտացավորեն դա կարող են անել:

Փաստորեն ՀՀ-ն առնվազն մասամբ անուղղակի կերպով կառավարվում է Հայաստանում տեղակայված ՌԴ հատուկ ծառայությունների ստորաբաժանումների համապատասխան ներկայացուցիչների միջոցով: Դրանք գործում են ՀՀ-ի ինքնիշխանության տիրույթում և գոյատևում են դրա հաշվին` այն սպառելով և սահմանափակելով ի շահ իրենց պետության նպատակների: Եվ որքան է այդ “մասամբը”, ոչ ոք չի կարող ասել:

ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածի համաձայն սահմաննների անձեռնմխելիության պաշտպանությունը ՀՀ ԶՈՒ-ի գործն է: Երեսպաշտ ու դավաճան պետք է անվանել նրանց, որոնք կասեն, թե մենք ի վիճակի չենք պահել մեր սահմանը և կփորձեն բերել, օրինակ, տնտեսական բնույթի հիմնավորումներ: Նույնիսկ ՀՀ-ի տնտեսության համար մեծ բեռ չէ մի քանի լրացուցիչ զորամաս պահելը: Հատկապես, որ ՌԴ սահմանապահ զորամասերի պահպանության ծախսերի մի մասը ՀՀ-ն է հոգում: Իսկ եթե ավելի լուրջ, դա քննարկման ենթակա հարց չէ:

Ինչ վերաբերում է մեզ, ապա պետք է փորձենք հաղթահարել անտարբերությամբ պայմանավորված մեր անգրագիտությունը և ի վերջո ձգտենք հասկանալ, թե ինչ է “ՀՀ տարածքում ռուսական ուժային ներկայությունը”:

Այդ ներկայությունն ունի երկու բաղադրիչ` ՀՀ տարածքում գտնվող ՌԴ ԶՈՒ զորամասերից բաղկացած ռուսաստանյան ռազմակայանը և ՀՀ տարածքում գտնվող ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության զորամասերը: Ցավալի է, որ շատերը, այդ թվում` հանրային կարծիքի ձևավորման համար պատասխանատու լրագրողների մեծ մասը, այս բանը չգիտեն և այդ բաղադրիչներն իրարից չեն տարբերում:

Մինչդեռ սա շատ կարևոր է: Այդ տարբերակումից է սկիզբ առնում մեր պետությունում օտարի ներկայության չափը, ձևը, տեսակն ու կերպը, դրա հնարավոր փոխակերպումներն ու մուտացիաները կանխատեսելու և այդ ամենի նկատմամբ համապատասխան դիրքորոշում ձևավորելու ու ըստ այդմ վարք դրսևորելու, մի խոսքով` սուբյեկտ դառնալու գործընթացը:

Զինված ուժերը, բացի ռազմական դիկտատուրայի դեպքից, ընդամենը քաղաքական իշխանության կամքի գործադրման` գրեթե ամբողջությամբ տեսանելի, ուստի` նաև վերահսկելի, գործառույթ ու լիազորություններ ունեն, մինչդեռ հատուկ ծառայությունները նաև մասնակցում են այդ կամքի ձևավորմանը, ինչը բնույթով առավելապես անտեսանելի և անվերահսկելի գործընթաց է:

Այս օբյեկտիվ տրամաբանությունը հուշում է, որ թեև ՀՀ տարածքում օտարերկրյա պետության ռազմակայանի առկայությունը նույնպես ՀՀ ինքնիշխանության որոշակի նվազեցման գործոն է, սակայն ռազմակայանն իր գործունեության բնույթի հստակության և ոլորտի սահմանափակության պատճառով երբեք չի կարող անցնել տեսանելիության ու վերահսկելիության սահմանները: Պետք է նաև հաշվի առնել, որ մեր տանը ազատ և անկաշկանդ տիրություն անելու, մեր դուռը հայեցողաբար բացել-փակելու, մեր մուտքն ու ելքը վերահսկելու հնարավորությունն ապահովող ՌԴ դաշնային անվտանգության ծառայության “ռեզիդենտ” ստորաբաժանման` ՀՀ տարածքում դրա սահմանապահ վարչության զորամասերի հեռանալով նաև կթուլանա և առավելագույնս կսահմանափակվի ռուսաստանյան ռազմակայանի` որպես մեր ինքնիշխանության նվազեցման գործոնի, դերն ու նշանակությունը:

ՈՒրեմն հասկանանք և համապատասխան հետևություններ անենք, որ ՌԴ սահմանապահների ներկայությունը ու նրանց մեր սրբություն-սահմանը վստահելը մեր ազատության, անկախության և ինքնիշխանության` ՀՀ տարածքում գտնվող հիմնական օտարերկրյա խոչընդոտն է:

Կեցցե ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանը:

ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: