Tuesday, February 1, 2011

UNESCO-ի միջոցով պետք է պահպանենք Թուրքիայում հայկական մշակութային ժառանգությունը. թուրքագետ

Tert.am. 1-2-2011- Թուրքերը լավ շահագործում են վերջերս ձևավորված` Թուրքիան քաղաքակրթությունների խաչմերուկ, իսկ Ստամբուլն էլ քաղաքակրթությունների մայրաքաղաք հռչակելու միտումը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեցին ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը և պատմաբան Ռաֆիկ Թադևոսյանը:
Բանախոսներն անդրադարձան վերջերս թուրքական և հայկական լրատվամիջոցներով տարածված այն տեղեկությանը, թե Թուրքիայում, վարչապետ Էրդողանի նախաձեռնությամբ, պատրաստվում են վերականգնել հայտնի հայ ճարտարապետ Սարգիս Լոլեյի գերեզմանը:
«Լոլեյի անունը ոչինչ չի ասում հայ լայն հասարակությանը, սակայն նա սերում է հայտի ճարտարապետների սերնդից: Թուրքիայում միտում կա վերանայելու հայ հայտնի ճարտարապետների ընտանիքների տեղն ու դերը Օսմանյան կայսրությունում: Դրան հակառակ, թուրք ծայրահեղական պատմիչները փորձում են նվաստացնել կամ ընդհանրապես հերքել հայերի դերը»,- ասաց Անուշ Հովհաննիսյանը:
Ըստ Ռաֆիկ Թադևոսյանի` դա ոչ թե միտում է, այլ խաղ, քաղաքականություն, որը թուրքական կողմը ներկայացնում է որպես միտում: Լոլեյի գերեզմանի վերականգնումը Հայաստանի կամ հայ ժողովրդին ներկայացվում է որպես բարեհաճություն, իսկ Արևմուտքին` որպես Օսմայան կայսրության ժառանգության պահպանում:
«Միտումը զարգանալու իմաստ ունի: Թուրքերի կողմից դա հրաշալի ձևակերպված չափաբաժին է: Արդյո՞ք նրանց բարերարությունը չի գալիս հայերից խլված ոսկիներից: Նման հարցեր պետք է առաջադրել Էրդողանին ու Գյուլին»,- ասաց Ռաֆիկ Թադևոսյանը:
Թուրքիայում հայկական մշակութային կոթողների պաշտպանությամբ, ըստ Թադևոսյանի, պետք է զբաղվեն Սփյուռքի նախարարությունը, Մշակույթի նախարարությունը և հուշարձանների պաշտպանության կոմիտեն:
Անուշ Հովհաննիսյանի կարծիքով՝ մինչև Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումն ու այս հարցի շուրջ որոշակի երկկողմ պայմանագրերի կնքումը, պետք է միջնորդավորված նամակներով փորձել վերահսկել դրությունը:
«Մենք չենք կարող վերահսկել Թուրքիայում հայկական կոթողների վիճակը, քանի որ չկա համագործոկցություն երկու պետությունների միջև: Պետք է UNESCO-ին կամ մեկ այլ միջազգային կառույցին նամակներ հղել, որպեսզի գոնե նրանց միջոցով փոքր-ինչ վերահսկենք հայ մշակութային ժառանգությունը Թուրքիայում»,- ասաց Անուշ Հովհաննիսյանը:

No comments: