Մի կողմ թողնենք Ռոբերտ Քոչարյանի քաղաքական մոտիվացիաները, ցանկությունները, հավակնությունները, անձնական զգացումները ՀՀԿ-ի հանդեպ: Անդրադառնանք զուտ այն փաստին, որ իր նախագահության տարիներին նա է միանձնյա գլխավորել ՀՀԿ-ն: Թերեւս քչերը կգտնվեն, որ կվիճարկեն դա: Դա ամենեւին չի նշանակում, որ ՀՀԿ-ն առանց Քոչարյանի չի արել ոչինչ, կամ չի արել մի բան, որը Քոչարյանին դուր չէր գա, բայց նա ստիպված կլիներ համաձայնել: Բայց ակնհայտ է, որ 2000 թվականի ապրիլ-մայիսից ի վեր, ՀՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի բռան մեջ գտնվող կառույց էր, ինչպես այժմ Սերժ Սարգսյանի բռան մեջ է: Բայց նաեւ հետաքրքրական են Հանրապետականների այն դիտարկումները, որ եթե իրենք չաջակցեին Ռոբերտ Քոչարյանին, ապա նա չէր լինի իշխանություն: Ասել, թե դա պարզապես նժդեհական մեծամտություն է կամ ցեղակրոն լիարժեքության բարդույթ, թերեւս կլինի սխալ: Ավելի լավ է հիշել, թե ՀՀԿ-ն երբ աջակցեց Քոչարյանին եւ ինչ պայմաններում: Ելակետային թերեւս պետք է համարել 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո ընկած ժամանակահատվածը: Դա մի ժամանակաշրջան էր, երբ երկրում մեծ հաշվով չկար իշխանություն: Ռոբերտ Քոչարյանը գիտակցաբար, թե ստիպված անցել էր դիտորդության, վարչապետ նշանակված Արամ Զավենի Սարգսյանը առավելապես խորհրդանշական վարչապետ էր, Արմեն Խաչատրյանը խորհրդարանի դեկորատիվ նախագահ էր, բոլորը ապրում էին համընդհանուր կասկածների մթնոլորտում:
Իրավիճակը հանգուցալուծվելու էր պատասխանատվության առաջին իսկ պատրաստակամության գործնական արտահայտման միջոցով: Ու այդ պատասխանատվությունն առաջինը դրսեւորեց հենց ՀՀԿ-ն, ով որոշեց, որ մի կողմ է թողնում Արամ Զավենի Սարգսյանին եւ անցնում է Ռոբերտ Քոչարյանի կողմը: Եթե ՀՀԿ-ն, կամ այսպես ասած ՀՀԿ մարգարյանական թեւը որոշեր, որ պահում է Արամ Զավենի Սարգսյանին, ապա կասկած չկա, որ հեռանալու էր Ռոբերտ Քոչարյանը:
Թե ինչու ՀՀԿ մարգարյանական թեւը կայացրեց Քոչարյանին սատարելու որոշում, երեւի թե այդ թեւի ներկայացուցիչներն իրենք ավելի լավ կիմանան: Միգուցե դեր կատարեց այն, որ Քոչարյանն այդ պահին գրեթե լիովին մենակ էր, բավական ճնշված, 27-ի գործով ձերբակալվել էր նրա անմիջական շրջապատի մի քանի մարդ, նրա հիմնական զինակից Սերժ Սարգսյանն էլ հայտնվել էր բավական խոցելի վիճակում: ՀՀԿ մարգարյանական թեւը գուցե համարեց, որ Արամ Զավենի Սարգսյանին ընտրելու պարագայում ինքը հայտնվելու է այսպես ասած երկրորդական վիճակում, քանի որ Արամ Սարգսյանն ուներ այսպես ասած իր շրջապատը` Վազգեն Սարգսյանի թիմ կոչված շրջանակը` նախարարներ, պատգամավորներ, այլ պաշտոնյաներ եւ զինվորականներ: Ընտրելով Արամ Զավենի Սարգսյանին, ՀՀԿ մարգարյանական թեւը, որը այդ պահին դեռեւս կազմում էր ՀՀԿ դե յուրե ղեկավար թեւը, թերեւս շատ արագորեն կորցնելու էր իր կարգավիճակն ու դաշտը զիջելու էր Արամ Զավենի Սարգսյանի` իմա Վազգեն Սարգսյանի թիմին:
Իսկ Քոչարյանը մենակ էր, նա ուներ թիմի կարիք, կամ կիսախոցված թիմը համալրելու կարիք: Հետեւաբար նրա հետ գործակցությունը մարգարյանական թեւի համար առավել խոստումնալից էր իշխանության մնալու տեսանկյունից: Այդպիսով, մարգարյանական թեւն ու Քոչարյանը իրենց դե յուրե իշխանությունը, որը դե ֆակտո դիտորդություն էր, դարձրին դե ֆակտո իշխանություն:
Այնպես որ, ՀՀԿ-ն այդ ժամանակ այլընտրանք չուներ, եւ ինչքան Քոչարյանին էր փրկում, այդքան էլ փրկում էր ինքզինքը: Իսկ հետագա տարիներն արդեն զարգացան այլ տրամաբանությամբ: Ի տարբերություն ՀՀԿ-ի, որը առավելապես զբաղված էր իշխանությունը խաշի եւ խորովածի սեղանների շուրջ ճաշակելով, Քոչարյանը իշխանական ինդուստրիա էր ձեւավորում, ընդլայնում էր իր “արտադրությունը”, ներգրավում էր նոր ռեսուրսներ ի դեմս այլ կուսակցությունների, զգալիորեն թուլացնելով իր կախվածությունը ՀՀԿ-ից:
Դրա համար էլ 2003 եւ 2007 թվականներին ՀՀԿ ցուցակներն արդեն Ռոբերտ Քոչարյանն էր անուն առ անուն կազմում: Ընդ որում չի բացառվում, որ ոչ միայն նախընտրական, այլ նույնիսկ նաեւ Նոր Տարվա առեւտրի ցուցակները:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment