Thursday, February 3, 2011

Կարծիք. «Եգիպտոսը կարող է Իրանի նման իսլամիստական դառնալ»

Aysor.am. 3-2-2011- Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի տապալումից հետո, իշխանությանը կարող են գալ ծայրահեղ իսլամիստները` երկիրը դարձնելով «սունիական Իրան», այսօր ասուլիսի ժամանակ տեսակետ հայտնեց արևելագետ Հակոբ Չաքրյանը` նշելով, որ Եգիպտոսի բնակչությունը պատրաստ է երկրի նման վերափոխմանը:
«Եգիպտոսի ժողովուրդը կարող է ընդունել իսլամիստ ծայրահեղականների գալն իշխանության, և հենց դա է մտահոգիչ: Եգիպտոսը չի սահմանափակվում միայն մայրաքաղաք Կահիրեով, իսկ մարզերում իսլամիստների դիրքերը բավական լուրջ են», - նշեց բանախոսը:
Ըստ քաղաքագետի, եթե այդ երկրում, ինչպես 1979 թվականին Իրանում, հաղթանակեն իսլամիստականները, արաբական աշխարհում լուրջ զարգացումներ տեղի կունենան, քանի որ սունիական աշխարհում Եգիպտոսն ունի նույն ծանրակշիռ դերը, ինչ Իրանը` շիականում:

Եգիպտոսի իրադարձություններում արևելագետը կարևորեց բանակի դերը: Նրա խոսքով` եգիպտական զինված ուժերն այսօր չեն կարող կողմնորոշվել` սատարեն նախագահ Մուբարաքին և զրկվեն ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությունից, թե նպաստեն նրա տապալմանը և ճանապարհ բացեն իսլամականներին:

«Այսօր եգիպտական բանակը դեռ չի կողմնորոշվել` անցնի ընդդիմության կողմը, թե ճնշի ելույթները, սակայն պարզ է, որ այդ որոշումը խիստ կարևոր է այդ երկրի համար», - ընդգծեց քաղաքագետը: Նա նշեց, որ այսօր իսլամիստական է, բայց չափավոր` նաև Թուրքիան, իսկ Հորդանանում և Սիրիայում սկսված հուզումները դեռ լուրջ իրադարձությունների չեն վերաճելու` մինչև չորոշվի Եգիպտոսի ճակատագիրը:

Ըստ բանախոսի` նույնիսկ եթե Հոսնի Մուբարաքը մնա իշխանության ղեկի մոտ, Եգիպտոսում տիրող իրավիճակի հետևանքները դեռ երկար ժամանակ իրենց ազդեցությունը կունենան մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների քաղաքական հարաբերությունների վրա:

Ելնելով այդ տրամաբանությունից` Հ.Չաքրանի կարծիքով, տարվա ընթացքում կզարգանան նաև հայ-թուրքական հարաբերությունները` մանավանդ Թուրքիայում ընթացող խորհրդարանական ընտրությունների մթնոլորտում:

No comments: