Thursday, February 3, 2011

ԳՈՐԻԿՆ ՈՒ ՀՐԱՅՐԸ ՎԻՃԵԼ ԵՆ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վեճ է ծագել ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի եւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի միջեւ։
Արդարադատության նախարարը ներկայացնում էր օրենքների նախագծի մի փաթեթ, որով կանոնակարգվում են հանրահավաքների ու ցույցերի անցկացումը, ինչպես նաեւ իրավապահ մարմինների գործողությունները։ Փոփոխություներ են առաջարկվում նաեւ վարչական իրավախախտումների եւ քրեական օրենսգրքերում, «Ոստիկանությունում ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Դատախազության մասին» «Ոստիկանության մասին» օրենքներում։
Այս առաջարկները հունից հանել են ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին։ «Այդ եվրոպացի փորձագետնե՞րը պետք է մեզ հուշեն, թե հանրահավաքների ժամանակ ազգային անվտանգությունն ու ոստիկանությունը իրենց ինչպես պահեն»,- արդարադատության նախարարի ելույթն ընդմիջել է Գորիկ Հակոբյանը։

Ի պատասխան Հրայր Թովմասյանն ասել է, որ պետք է նայել օրենքները եւ հարցնել իրավաբանների կարծիքները։ Կողմերը խոսում էին բարձր ձայնով, միկրոֆոններն անջատել են, բայց Գորիկ Հակոբյանը շարունակում էր բարձրաձայն դժգոհել։

Վիճաբանությանը միջամտել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ասելով, թե այս նախագիծն ունի լուրջ քաղաքական նշանակություն, սրա վրա նաեւ միջազգային փորձագետներն են աշխատել:

No comments: