Thursday, February 3, 2011

TIME. Թուրքիան` մերձավորարևելյան ժողովրդավարության մոդել

1in.am. 3-2-2011- Հայտնի ամսագիրը վերլուծել է վերջին զարգացումները մերձավորարևելյան տարածաշրջանում` նոր ժողովրդավարական տարածաշրջանային մոդելների համատեքստում դիտարկելով Թուրքիայի օրինակը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն այսօր Մերձավոր Արևելքում ամենահայտնի քաղաքական գործիչն է, մտել է պայքարի մեջ` պաշտպանելով Եգիպտոսի ցուցարարներին և կոչ անելով Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին` ներկայացնել նոր իշխանություն ձևավորելու ծրագիրը:
«Շատ կարևոր է հրապարակել «ճանապարհային քարտեզ» և ժամանակացույց: Եթե այս ժամանակացույցը հրապարակվի, դա ժողովրդին կբավարարի»,- ասել է նա Ղրղզստան կատարած այցի ժամանակ:
Մեկ օր առաջ էլ նա արտահայտվել էր Մուբարաքի դեմ այս օրերին Անկարայի պահած լռությունից հետո: «Ոչ մի կառավարություն չի կարող իշխանության մնալ ի հեճուկս իր ժողովրդի պահանջների»,- ասել էր նա:
Նրա ելույթը հեռարձակվել է արաբական հեռուստաալիքներով և Կահիրեի Թահրիր հրապարակում և ողջունվել ընդդիմության տասնյակ հազարավոր հանրահավաքի կողմից:

Էրդողանի միջամտությունը լուրջ քաղաքական դիվիդենտներ է բերում նրան արաբական «փողոցներում»: Հիմնական պատճառը նրա հակաիսրայելյան արշավն է սկսած 2009 թ. հունվարից, երբ Դավոսի ամենամյա տնտեսական համաժողովի ընթացքում նա հրապարակայնորեն հակադարձեց Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին:

Թուրքիայի վարչապետն իր պաշտոնավարման երկու ժամկետներն օգտագործել է այն բանի համար, որպեսզի տարածաշրջանում մեծանա Թուրքիայի` որպես օսմանների ժառանգորդի դերակատարությունը, որոնք ժամանակին այստեղ իշխել են: Այս ճանապարհին նա զոհաբերեց ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները պրագմատիզմին և առևտրային գործարքներին:

Նա իր արտաքին քաղաքականությունն անվանեց «զրո խնդիրներ հարևանների հետ»: Չնայած դիվանագիտական ամբիցիաներին՝ դարձնել Թուրքիան տարածաշրջանային գերտերություն` նա քիչ հաջողություն ունեցավ Լիբանանի և Պաղեստինի հարցերում` դուրս գալով Լիբանանի ներքաղաքական կարգավորման գործընթացից:

Թուրքիային վերջերս շատ են դիտարկում որպես հիմնականում մուսուլմանական բնակչությամբ մի երկիր, որտեղ պաշտոնապես հաստատված է աշխարհիկությունը, իսկ ժողովրդավարությունն էլ դրված է գործնական հենքի վրա: Մերձավորարևելյան թնջուկի լուծման համար Էրդողանն անցած երեքշաբթի առաջարկեց իր տարբերակը. «Չնայած իր բոլոր թերություններին` թուրքական ժողովրդավարությունը յուրահատուկ ներշնչման առարկա է Մերձավոր Արևելքի համար»,- գրում է թուրքական Radikal-ի խմբագիր Եյուփ Ջան Սաղլիքը:

«Թուրքիային հաջողվել է իր 80-ամյա պատմության ընթացքում պահպանել կրոնական և աշխարհիկ ինքնությունը, և հնարավոր է՝ մի օր էլ Եգիպտոսն ու Իրանն այդ ճանապարհը բռնեն»,- գրում է խմբագիրը:

Էրդողանը, որը 2002 թվից իշխանության է իր «Արդարություն և զարգացում» կուսակցությամբ, կարողացել է իշխանության բերել կրոնական պահպանողականներին` ի հաշիվ աշխարհիկ իշխանության կողմնակիցների` հիմնականում զինվորականների, միաժամանակ ապահովելով տնտեսական աճ. անցած տարի Թուրքիան երկրորդ ամենամեծ աճ ունեցած երկիրն է Չինաստանից հետո:

Էրդողանը ավտորիտար հատկություններ ունի և իր երկրում այս հարցում աճող ճնշումների է ենթարկվում իր ընդդիմախոսների դեմ ուժեղ ձեռքի մարտավարություն կիրառելու համար: Նա դատարան է ուղարկել ավելի շատ լրագրողի, քան նախորդ առաջնորդները, ոստիկանությունը դաժան ճնշում է բոլոր այն բողոքի ակցիաները, որոնք տեղի են ունենում իր այցելությունների ժամանակ, և հիմա էլ նա արժանանում է քննադատության ալկոհոլի սահմանափակման օրենք ընդունելու համար:

Սակայն երեքշաբթի օրը Էրդողանի` Մուբարաքին ուղղված ելույթի երանգն ավելի մեղմ էր, քան նախկինում. «Մենք բոլորս մարդ ենք: Մենք մահկանացու ենք: Մենք հավերժ չենք մնալու: Յուրաքանչյուրս մահանալու է և պատասխան տալու անցյալում իր ասածների համար»:

No comments: