Sunday, February 13, 2011

«Jane’s Intelligence». Պատերազմի դեպքում Ադրբեջանի հաղթանակը կասկածելի է

Diplomat.am. 12-2-2011- «Չնայած վերջին տարիների գործադրված բազմաթիվ դիվանագիտական ջանքերին, որոնք ուղղված են ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, հակամարտությունը շարունակում է շիկանալ», - արձանագրվում է Միացյալ Նահանգներում գործող «Jane’s Intelligence» հեղինակավոր հետազոտական կենտրոնի վերլուծության մեջ:
«Նավթից և բնական գազից ստացվող շահույթի հաշվին Ադրբեջանը փորձում է փոխել 17-ամյա ստատուս-քվոն, - ընդգծում է հեղինակավոր կենտրոնը և մանրամասնում: - Հենց այդ նպատակով պաշտոնական Բաքուն 2011 թ. մտադիր է ռազմական ոլորտի համար 3.1 միլիարդ դոլար հատկացնել, ինչը 6 անգամ գերազանցում է Հայաստանի կողմից այդ ոլորտին հատկացվող գումարի չափը»:
«Այնուամենայնիվ, չնայած Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ունեցած ֆինանսական զգալի գերակշռությանը` հայ սպաների նկատմամբ ադրբեջանցի սպաների գերակշռությունը աշխատավարձի առումով զգալի չէ», - արձանագրվում է վերլուծության մեջ և ընդգծվում: «Ռազմական ոլորտում պաշտոնական Բաքվի ծախսերի մեծ մասն ուղղվում է սոսկալի վիճակում գտնվող ենթակառուցվածքների զարգացմանը և նոր ռազմական տեխնիկայի ձեռքբերմանը»:

«Ադրբեջանում վերջին մի քանի տարիների ընթացքում փամփուշտների ձեռքբերման նպատակով իրականացված ծախսերը, ամենայն հավանականությամբ, գերազանցել են 1 միլիարդ դոլարը և ակնկալվում է, որ հետագա գնումների համար նույնպես խոշոր միջոցներ են ուղղվելու», - գրում է «Jane’s Intelligence»-ը:

Վերլուծելով կողմերի ռազմական հնարավորությունները` հետազոտական կենտրոնը նշում է, որ զրահամեքենաների թվաքանակի առումով երկու բանակներից և ոչ մեկի մոտ զգալի առավելություն չկա:

«Սակայն կողմերի միջև լուրջ զինված բախումը, ամենայն հավանականությամբ, կսկսվի առաջին հերթին օդային հարձակումներից և փոխադարձ հրետանային գնդակոծությունից, և այդ երկու ոլորտներում հայկական և ադրբեջանական բանակների միջև տարբերությունը կարող է զգալիորեն փոխել իրավիճակը», - գտնում է հեղինակավոր հետազոտական կենտրոնը:

Արձանագրելով, որ Ադրբեջանի մոտ Հայաստանի հանդեպ գերակշռություն կա և զինվորների թվաքանակի, և բյուջեի, և սպառազինությունների ավելացման առումով` «Jane’s»-ը, միևնույն ժամանակ, ընդգծում է. «Այնուամենայնիվ, պարզ չէ, թե կկարողանա պաշտոնական Բաքուն ձևափոխել այդ քանակային գերակշռությունը և արմատապես փոխել իրավիճակը մարտի դաշտում»:

Հեղինակավոր կենտրոնի վերլուծաբանների կարծիքով, այդ հարցում Ադրբեջանի համար որպես մարտահրավեր կարող է ծառայել Լեռնային Ղարաբաղի առավել նպաստավոր աշխարհագրական դիրքը` ռազմական գործողությունների իրականացման համար, Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական միությունը, ինչպես նաև երկրի ներքաղաքական իրավիճակը:
«Ռուսաստանի հետ կնքված դաշինքը Հայաստանի պաշտպանական համակարգի ամրապնդման հիմնական աղբյուրն է հանդիսանում, ինչը Բաքվի համար լրացուցիչ ռիսկեր է ստեղծում. Մոսկվայի հետ փոխգործակցության մեջ մտնելու Ադրբեջանի փորձերը կամ անվտանգության ոլորտում Թուրքիայի և Արևմուտքի հետ դաշինքի կնքումը չեն կարող չեզոքացնել հակամարտության մեջ ներգրավվելու Ռուսաստանի ներուժը», - գրում է հետազոտական կենտրոնը և կանխատեսում, որ հակամարտության լարվածության դեպքում Թուրքիան, ինչպես և Արևմուտքը, կփորձի խույս տալ Ռուսաստանի հետ հակամարտությունից:

«Այս բոլոր հանգամանքները չեն բացառում Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը, այնուամենայնիվ, կողմերի սահմանափակ հնարավորությունները և միջազգային հանրության դիրքորոշումը նվազեցնում են իրադարձությունների զարգացման նման սցենարի հավանականությունը», - եզրափակում է Jane’s Intelligence-ը:

No comments: