Wednesday, April 6, 2011

ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԿԱՐՈՂ Է ԱՄԱՅԱՆԱԼ

Ռոբերտ Քոչարյանը սկսեց Ա1+ հեռուստաընկերության փակմամբ եւ մինչեւ օրս շարունակում է իր այդ արշավը, ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը

-Վիրավորանք եւ զրպարտություն հասկացությունների ապաքրեականացումից հետո դատարանները “ողողվել են” լրատվամիջոցների հայցադիմումներով, որտեղ մեծ չափերի հասնող տուգանքներ են պահանջում ԶԼՄ-ից: Իշխանությունները զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացումը համարում են դրական քայլ: Որպես իրավապաշտպան, ինքներդ ինչպե՞ս եք գնահատում դա:
-Իրականում զրպարտության ու վիրավորանքի ապաքրեականացումը դրական քայլ էր: Դա պետք է տեղի ունենար: Այլ խնդիր է, թե ինչու՞ կամ ի՞նչ նպատակով Հայաստանում դա տեղի ունեցավ: Առաջ, երբ զրպարտությունը դիտարկվում էր որպես քրեական հանցանք, իշխանություններն ստիպված էին քրեական հետապնդում սկսել իրենց ոչ հաճո լրագրողների ու լրատվամիջոցների դեմ: Նման օրինակներ մեր ոչ վաղ անցյալի պատմությունից կարելի է հիշել: Բայց քրեական հետապնդում սկսելու պարագայում բավականին մեծ եւ իշխանությունների համար ոչ այնքան հաճելի աղմուկ էր բարձրանում եւ երկրի ներսում, եւ դրսում: Եւ ահա, այդ անցանկալի աղմուկից, միջազգային իրավապաշտպան ու այլ կարգի կառույցների քննադատություններից խուսափելու համար վճռվեց ապաքրեականացնել զրպարտությունը, միաժամանակ սահմանելով այնպիսի աստղաբաշխական տուգանքներ, որ հնարավոր լինի հեշտորեն փակել կամայական լրատվամիջոց: Դեռ օրենքի քննարկման փուլում շատերը, այդ թվում եւ ես, հրապարակավ տեսակետ էինք հայտնել, որ սա դառնալու է մահակ իշխանությունների համար անհաճո լրատվամիջոցների գլխին: Փաստորեն, մեր վատագույն կանխատեսումները շատ շուտ իրականացան: Պարզից էլ պարզ է, գոնե այսօրվա իրողությունները հաշվի առնելով, որ օրենսդրական այս փոփոխությունը պետք է ուղղվեր եւ ուղղվեց ազատ, իշխանական թելադրանքի տակ չգործող, լրատվամիջոցների դեմ: Արդյունքում՝ ականատեսն ենք լինում լրատվամիջոցների դեմ հայցադիմումների այս շքերթին:

-Ինչպես եք մեկնաբանում այս կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ դատավորներին ուղղված վերջին հայտարարությունը:
-Նորմալ եմ գնահատում: Մարդու իրավունքների պաշտպանն իր այդ ուղերձում հայաստանյան դատավորների ուշադրությունն է հրավիրում Եվրոպական դատարանի նախադեպային նշանակություն ունեցող մեկնաբանությունների վրա եւ հույս է հայտնում, որ այդ սկզբունքները կդրվեն անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությանն առնչվող հայցերի կապակցությամբ հրապարակված դատավճիռների հիմքում: Բայց Կարեն Անդրեասյանը մի կարեւոր հանգամանք է մոռանում: Նա մոռանում է, որ դատարան դիմողների գլխավոր նպատակը լրատվամիջոցի համար անլուծելի խնդիրներ ստեղծելն է: Նաեւ մոռանում է, որ լրատվամիջոցների դեմ հայցերով, որպես կանոն, հանդես են գալիս հզոր իշխանավորները, որոնց խոսքն է դատարանների ու դատավորների համար օրենք, այլ ոչ օրենքը: Լրատվամիջոցների դեմ ուղղված դատական հայցերից պարզ երեւում է, որ դատարան դիմողների նպատակը ոչ թե սեփական արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված վնասի չեզոքացումն է, այլ՝ լրատվամիջոցին պատժելն է, նրա բնականոն աշխատանքը խաթարելն է, այն փակելն է: Ասածիս ապացույցը հսկայական դրամական փոխհատուցում պահանջելն է, թերթի շրջանառու միջոցների վրա նախապես կալանք դնելն է: Հատկապես Հրապարակ օրաթերթի միջոցների վրա դրված կալանքի փաստով Մարդու իրավունքների պաշտպանը կարող է արձանագրել, որ դատավորներին ուղղված իր ուղերձը տեղ չի հասել:

-Լրատվամիջոցների դեմ հետեւողականորեն հայցեր է ներկայացնում Ռոբերտ Քոչարյանը: Հայկական ժամանակ, Ժամանակ, Հրապարակ օրաթերթերի դեմ ներկայացված հայցերում նա ամեն անգամ 6-ական միլիոն դրամ է պահանջում: Այս գործելաոճը, ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում:
-Ռոբերտ Քոչարյանն ըստ էության պատերազմ է հայտարարել լրատվամիջոցներին: Արդեն պարզ է, որ նա հանձնարարել է իր գրասենյակին մանրակրկիտ ուսումնասիրել մամուլը եւ իր անվան հետ կապված ցանկացած ոչ հաճո հրապարակման այս կամ այն կերպ արձագանքել, ինչն էլ նրա գրասենյակի աշխատակիցները բարեխղճորեն անում են: Նրա կողմից ներկայացված բոլոր հայցադիմումներն էլ լրատվամիջոցներին պատժելու նպատակ են հետապնդում: Ինքը՝ Քոչարյանը, իր իշխանավարության առաջին իսկ տարիներից ի ցուց է դրել ազատ խոսքի, իշխանական թելադրանքին չենթարկվող լրատվամիջոցի նկատմամբ իր անհանդուժողականությունը եւ տարօրինակ կլիներ, եթե նա պաշտոնաթողությունից հետո այս հարցում այլ դիրքորոշում որդեգրեր: Նա սկսեց Ա1+ հեռուստաընկերության փակմամբ եւ մինչեւ օրս շարունակում է իր այդ արշավը:

-Ձեր կարծիքով, այս հայցադիմումներն ի՞նչ ճակատագրի կարժանան, եթե դրանք բողոքարկվեն Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում:
-Ճշգրիտ կանխատեսել չեմ կարող, բայց ամենայն հավանականությամբ կդիտարկվեն որպես խոսքի ու մամուլի ազատության դեմ կայացած դատավճիռներ: Իհարկե, Եվրպական դատարանում առաջին հերթին կզարմանան, որ լրատվամիջոցների դեմ ներկայացված հայցերի մի հսկայական մասը ներկայացվել է երկրի նախկին նախագահի կամ նրա ընտանիքի անդամների կողմից: Բայց մինչեւ Եւրոպական դատարան հասնելը շատ ժամանակ կա, եւ այդ ժամանակահատվածում երկրի լրատվական դաշտը կարող է ամայանալ: Զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացմանը հաջորդող հայցադիմումների այս շքերթը, եթե այս թափով շարունակվի, կարող է ճակատագրական լինել հայաստանյան լրատվական դաշտի համար: Հարկավոր է մտածել լուրջ հակակշիռների մասին:

Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ
«Լրագիր» 6-4-2011

No comments: