Tuesday, April 5, 2011

Ի՞ՆՉ ԷՐ ԵՐԱԶՈՒՄ ԷԼՄԱՆ ՄԱՄԵԴՈՎԸ

Մեր տրամադրության տակ է «Խոջալուի գործադիր իշխանության ղեկավար» Էլման Մամեդովի օրագրից մի հատված:
«ԱԶԳ, 05-04-2011- Ըստ այդմ, նա առաջին գրառումը կատարել է 1991թ. նոյեմբերի 11-ին: Այն վերնագրված է. «Նախապատրաստություն Ադր. պրեզիդենտ ընկեր Ա. Ն. Մութալիբովի հետ հանդիպմանը. Բաքու»:
Քաղաքական օրակարգից Էլման Մամեդովն առանձնացրել է հետեւյալը.
- ԼՂԻՄ-ում պրեզիդենտի լիազոր ներկայացուցչություն- խիստ անհրաժեշտ է,
- Կենտրոնակայանն ինչո՞ւ է տեղաբաշխվում Աղդամում,
- Պոլյանիչկոյի մասին......
- Մարզում գտնվող 3+1- ի մասին,
- Ալիֆի հետ մեր ունեցած խոսակցության մասին,
Հիմնական հարցը- պաշտպանության եւ անվտանգության միջոցառումներ:
Ծառայողական ավտոմեքենա:
Այնուհետեւ անցել է «լրացուցիչ նկատառումներ»-ին եւ գրել.
- Գործադիր իշխանության ղեկավարի աշխատակազմի ֆինանսավորում, հաստիքներ եւ այլն,
- Մ. Ասադովի հետ հանդիպում,
- :
Ասվածից հետեւում է, որ`
- հիշյալ օրն Էլման Մամեդովը գտնվել է Բաքվում եւ նախապատրաստվել Ա. Մութալիբովի հետ հանդիպմանը,
- նա ոչ նպատակահարմար է տեսել «ԼՂԻՄ-ում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցչության նստավայրն» Աղդամն ընտրելու Ա. Մութալիբովի որոշումը,
- Էլման Մամեդովը նախապատրաստվել է Ա. Մութալիբովին ինչ-որ բան ասել Պոլյանիչկոյի մասին,
- նա ինչ-որ լուրջ խոսակցություն է ունեցած եղել Ալիֆ Հաջիեւի հետ, որի մասին մտադիր էր տեղեկացնել Ա. Մութալիբովին: Իսկ թե ո՞ւմ նկատի ուներ նա` ասելով «մարզում գործող 3+1», միայն ինքը կարող է ասել,
- տվյալ իրավիճակում Էլման Մամեդովն ընդգծել է «գործադիր իշխանության ղեկավարի աշխատակազմի ֆինանսավորման, հաստիքների» եւ «ծառայողական մեքենա» ունենալու խնդիրները:
Պետք է նկատի ունենալ, որ գրառումը կատարվել է այն ժամանակ, երբ կողմերի միջեւ ստորագրվել էր Ժելեզնովոդսկի կոմյունիկեն, որով խնդիր էր դրվում ԼՂԻՄ-ում վերականգնել իշխանության սահմանադրական մարմինները: Ըստ այդմ, Էլման Մամեդովը պետք է գործեր որպես ոչ թե «Խոջալուի գործադիր իշխանության ղեկավար», այլ` ԼՂԻՄ Ասկերանի շրջանի Խոջալու գյուղի խորհրդի գործկոմի նախագահ: Դա էր տվյալ պահի նրա սահմանադրական կարգավիճակը: Բայց, ինչպես տեսնում ենք, Էլման Մամեդովն ուներ ընդգծված քաղաքական հավակնություններ: Այն էՙ թերեւս դառնալ «ԼՂԻՄ-ում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ»:
Կայացե՞լ է Մամեդով- Մութալիբով հանդիպումը: Այդ մասին օրագրի հեղինակը ոչինչ չի ասում: Ամենայն հավանականությամբ, հանդիպումը եթե անգամ կայացել էլ է, ապա` ապարդյուն: Քանի որ արդեն 26.11.91 թվագրված գրառման մեջ «Խոջալուի գործադիր իշխանության ղեկավարը» խիստ քննադատության է ենթարկում Ա. Մութալիբովին:
Նա, ըստ երեւույթին, ներկա է գտնվել Ադրբեջանի ԳԽ արտահերթ նստաշրջանին, որն ամբողջությամբ նվիրված էր ԼՂ-ին: Դա այն նստաշրջանն է, որն ընդունել է ԼՂ ինքնավար կարգավիճակը լուծարելու հակասահմանադրական որոշում:
Էլման Մամեդովը մեջբերում է նստաշրջանում Ա. Մութալիբովի ելույթից մի հատված, որտեղ վերջինս պատգամավորներին հորդորել է չկայացնել անհավասարակշիռ որոշում եւ նկատել, որ «հայերը դա կօգտագործեն հօգուտ իրենց»:
Խոսքն, ամենայն հավանականությամբ, ԳԽ այն որոշման մասին է, որով կառավարությունը պարտավորվում էր ԼՂ մտցնել Ադրբեջանի ազգային բանակի ստորաբաժանումներ` «ապահովելու Ղարաբաղի լեռնային մասի ադրբեջանական բնակչության անվտանգությունը», ինչը գործնականում եւ իրավաբանորեն հավասարազոր էր ԼՂ հայ բնակչության դեմ պատերազմ սանձազերծելուն:
Նախագահ Մութալիբովի «պացիֆիստական» ելույթն, ահա, խթան է հանդիսացել, որ Էլման Մամեդովն օրագրում «արտահայտի ժողովրդի իրական ցանկությունները»:
Ահա. «Ի՞նչ է սպասում Ձեզնից ժողովուրդը,- մտովի դիմելով Ա. Մութալիբովինՙ գրել է նա եւ ինքն էլ պատասխանել.
- Ադրբեջանական հողերը մաքրել հայերից: Ժողովուրդը Ձեզնից ոչ թե բանակցություններ եւ սուտ խոստումներ, այլ կոնկրետ միջոցառումներ է սպասում»:
«Տվեք ինձ հենման կետ, եւ ես կշրջեմ տիեզերքը», ասել է փիլիսոփան:
«Տվեք ինձ լիազորություններ, եւ ես ԼՂ-ն կդատարկեմ հայերից», սա է Էլման Մամեդովի գրառման ենթատեքստը: Այս նպատակադրվածությամբ էր նա 1991թ. նոյեմբերի 11-26-ը գտնվել Բաքվում, հանդիպել բարձրաստիճան պաշտոնյաների եւ Ադրբեջանի «Ազգային պաշտպանության կոմիտեի» ղեկավարներից Ռահիմ Ղազիեւի եւ պաշտպանության նախարար Բարշադլիի հետ:
Չափազանց «համեստ» է այդ օրերի եւս մի գրառումը. «Բարշադլիի հետ պայմանավորվեցինք, որ ՆԳ նախարարությունից զենք ստանանք»: Իսկ արդեն Խոջալուում նա գրել է. «Ժամը 13:00-ին` միլիցիայի ջոկատի երդման արարողություն հուշահամալիրում»:
Իսկ այսօր նույն Էլման Մամեդովը խոսում է «անպաշտպան Խոջալուում կազմակերպված ցեղասպանության» մասին: Երեւի մոռացել է անձնական օրագրի մասին: Կամ կարծում է, թե այն թոհուբոհի մեջ անհետ կորել է: Սխալվում է: Օրագիրը կա: Եվ հարկ եղած դեպքում կարող է ներկայացվել` որպես ապացույց այն իրողության, որ պատերազմի եւ «ադրբեջանական հողերը հայերից մաքրելուն» նախապատրաստվել է հենց ինքը` Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էլման Մամեդովը, որից, անկասկած, երբեւէ ադրբեջանական ժողովուրդը հաշիվ է պահանջելու Խոջալուի համար:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments: