Tuesday, July 26, 2011

ԱԴՐԲԵՋԱՆ. ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«ԱԶԳ», 26-07-2011- Արազ Ազիմովը, որ շուրջ երկու տասնամյակ սպասում է «իր ժամին», բայց այդպես էլ նախարարական աթոռի չի արժանանում, սովորաբար իր մասին հիշեցնում է այն պահերին, երբ կարգավորման բանակցությունների շուրջը հետաքրքրությունը մեծանում է եւ միանգամից «սառը ջուր լցնում» բոլոր սպասումների վրա: Ազիմովի «էքստրավագանտ» հայտարարություններն, այսպիսով, որոշակի օրինաչափությամբ արտացոլում են Բաքվի իրական տրամադրվածությունը:
Ինչպես հայտնի է, Մեդվեդեւի ուղերձի պատասխանն անձամբ Մոսկվա էր հասցրել Էլմար Մամեդյարովը: Հայաստանի դեպքում նման «աշխատանքային այցի» անհրաժեշտություն չեղավ. նախագահի մամլո ծառայությունը պարզապես ծանուցեց, որ Սերժ Սարգսյանը պատասխանել է Մեդվեդեւին: Ըստ երեւույթին, այս հանգամանքը պաշտոնական Բաքվի համար անսպասելի էր:
Իլհամ Ալիեւի աշխատակազմում, ամենայն հավանականությամբ, փորձում են հասկանալ, թե ինչո՞ւ է «խախտվել պարիտետը», բայց այդպես էլ բացատրություն չեն գտնում: Իսկ որտեղ տրամաբանությունը կաղում է, այնտեղ անմիջապես առաջնաբեմ է մղվում երեւակայությունը: Ադրբեջանի պարագայում վերջինս սահմանակցում է պարզ խարդախամտությանը: Եվ չնայած նման կեցվածը երբեւէ դրական ոչինչ չի տվել, Բաքվում չեն կարողանում դուրս գալ իրենց համար սովորական գործելակերպի կաշկանդումներից:
Արազ Ազիմովն այս իմաստով կարող է համարվել անփոխարինելի: Վերջերս նա հայտարարել է, որ «Հայաստանն Ադրբեջանին դավագրգռում է պատերազմի»: Եվ, իբր, այդ կերպ է միայն հնարավոր, որ «Սերժ Սարգսյանն ամրապնդի իր իշխանությունը»:
Դիմանո՞ւմ է տրամաբանության Ազիմովի այս պնդումը: Ըստ ադրբեջանական քարոզչության` ոչ, քանի որ, ինչպես օրերս քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովն էր գրել, «երբ ասում են Հարավային Կովկաս, հասկանում են Ադրբեջան` թե՛ մարդկային, թե՛ նյութական, թե՛ ֆինանսական ռեսուրսների իմաստով»: Ինչպե՞ս կարող է Հայաստանը, որի «բնակչությունը հալվում է աչքի առաջ, որտեղ մարդիկ թշվառ գոյություն են քարշ տալիս, որի բանակում կարգապահությունը զրոյական է», ինչպես օրվա մեջ տասնյակ վարիացիաներով տարփողում է ազերպրոպը, «դավագրգռել Ադրբեջանի նման հզոր պետությանը»:

Եվ ամենաէականը` ինչպե՞ս կարող է պատերազմն ամրապնդել Սերժ Սարգսյանի իշխանությունը, եթե Ադրբեջանում ոչ ոք չի կասկածում, որ «պատերազմ սկսելուց երկու շաբաթ հետո ոչ միայն «օկուպացված տարածքները կազատագրվեն», այլեւ ադրբեջանական բանակը դուրս կգա Հայաստանի հետ սահանի վրա»:

Երրորդ տարբերակ չկա. կամ Ազիմովը ճիշտ է, երբ կարծում է, որ «պատերազմը կամրապնդի Սերժ Սարգսյանի իշխանությունը», իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը փաստորեն պսակազերծում է «բանակի անպարտելիության»` Իլհամ Ալիեւի կողմից սեփական եւ միջազգային հանրությանը մատուցվող առասպելը եւ կանխատեսում, որ հավանական պատերազմի դեպքում իր երկիրը կպարտվի, եւ Սերժ Սարգսյանի իշխանությունը դրանով կամրապնդվի, իսկ հակառակն անհնար է պատկերացնել, որովհետեւ դա կարող է տեղի ունենալ պատերազմում հայկական զինված ուժերի նոր եւ ավելի էական ռազմական հաջողությունների դեպքում, կամ նա իր կառավարության մտադրությունը, այն է` նենգադուլի ենթարկել բանակցային գործընթացը եւ հարմար պահի դիմել նոր ագրեսիայի, փորձում է քողարկել` հնարելով «դավագրգռվելու» վարկածը:

Երկու դեպքում էլ, սակայն, Ազիմովը, որին ադրբեջանական վերլուծաբանական հանրությունը երբեմն համարում է նույնիսկ «պաշտպանության նախարարի հավանական թեկնածու», ցուցադրում է իր մտավոր մակարդակն այնպես, ինչպիսին է այն իրականում, եւ նմանվում արեւելյան առեւտրականի, որ մինչեւ վերջին վայրկյան սակարկում է` հույս պահելով, թե գնորդի նյարդերը տեղի կտան, եւ ինքն ապրանքը կվաճառի իրականից գոնե մի չնչին չափով բարձր գնով:

Այսինքն, Ազիմովը հասկանում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, անվտանգության, հաղորդակցությունների հարցերով Ադրբեջանը որեւէ սպասելիք չունի, բայց դեռ շարունակում է հուսալ, որ «անհնարինը մեկ էլ տեսար` հնարավոր դարձավ»: Եվ որովհետեւ չգիտի, թե նախագահ Սերժ Սարգսյանն ինչպես է արձագանքել Դմիտրի Մեդվեդեւի ուղերձին, նախապես «տակառ է գլորում»: Որպեսզի հետագա ամենահավանական թվացող ձախողումների դեպքում Իլհամ Ալիեւն ինչ-որ ասելիք ունենա:

Բայց կարծես խնդիրը դրված է հստակ. Ադրբեջանը կամ համաձայնում է կարգավորման այն հայեցակարգին, որ ներկայացրել են միջնորդները եւ որի հիման վրա բանակցությունները շարունակելու պատրաստակամություն է հայտնել Հայաստանը, կամ մերժում է եւ լիակատար դարձնում քաղաքական մեկուսացվածությունը: Ոչ ոք աբսուրդի թատրոնի հերթական ներկայացում դիտելու մտադրություն չունի: Ըստ երեւույթին, այդ կարգի խաղերից նաեւ միջնորդներն են հոգնել:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments: