Tuesday, July 26, 2011

Ով է իրականում հարվածում եկեղեցուն

«Լրագիր» 25-7-2011- Կիրակնօրյա Հայլուրի եթերում հնչեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի պատասխանն այն քննադատություններին, որոնք վերջին օրերին հնչում են Հայ Առաքելական եկեղեցու գործունեության տարբեր դրվագների, եւ ընդհանրապես հասարակական կյանքում եկեղեցու ունեցած դերի եւ գործունեության արդյունավետության եւ որակի կապակցությամբ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի արձագանքը սպասված արձագանք էր, ու թերեւս նույնիսկ ուշացած: Ուշացած թեկուզ այն իմաստով, որ Կաթողիկոսը պետք է արձագանքեր դեռ այն ժամանակ, երբ հասարակությանը, հավատացյալ հայ ժողովրդին հուզում էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի Բենթլիի հայտնի պատմությունը: Այդ ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պետք է արձագանքեր եւ իր հստակ գնահատականը տար Արքեպիսկոպոսի անհատական վարքի, նրա ճոխ կենցաղի կապակցությամբ:
Կաթողիկոսը պետք է արձագանքեր նաեւ հանրության այն դժգոհությանը, որ առաջացավ կապված Երեւանի կենտրոնում նոր կաթողիկոսարանի կառուցման հետ: Գարեգին Երկրորդը պետք է թերեւս արձագանքեր այդ իրավիճակին, փորձեր բացատրել, փաստարկներ ներկայացնել հօգուտ Երեւանում այդ կաթողիկոսարանի կառուցման: Իսկ եթե փաստարկներ չկային, ապա պետք էր հրաժարվել այդ կառույցի մտքից, գիտակցելով, որ այն հանրության մի զգալի հատվածի տրամադրելու է եկեղեցու դեմ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի արձագանքի այլ առիթներ էլ կային նախկինում, դեռեւս 2008 թվականի փետրվար-մարտի իրադարձություններից սկսած, ու նաեւ հետագայում հասարակական եւ քաղաքական կյանքի ճգնաժամային անցուդարձի մեջ արձանագրվող տարբեր երեւույթների կապակցությամբ: Ընդ որում, այդ արձագանքը կարող էր տալ թե Կաթողիկոսն անձամբ, թե Հայ Առաքելական եկեղեցու որեւէ անձով կամ անձանց խմբով միջնորդավորված: Թող ամենեւին հեգնական չհնչի, ներքաղաքական վերջին զարգացումների ֆոնին, բայց Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությունը թերեւս պետք է վաղուց երկխոսություն սկսած լիներ հանրության հետ, հանրային տարբեր շերտերի, մասնավորապես եկեղեցու գործունեության հետ կապված քննադատություն հնչեցնող շերտերի հետ:
Ասում են, թե լավ է ուշ, քան երբեք: Գուցե: Երկխոսություն սկսելը երբեք էլ ուշ չէ, եթե այն լինելու է առարկայական, գործնական, եթե կողմերը միմյանց են լսելու ընդհանուր խնդիրները լուծելու, ոչ թե անձնական շահեր հետապնդելու գլխավոր նպատակով: Բայց, օրինակ Հայլուրի եթերով հնչած արձագանքը կարծես թե հեռու է առարկայական լինելուց: Այդ արձագանքը մինչ այդ տարբեր ամբիոններից, տարբեր մարդկանց հնչեցրած արձագանքի ամփոփումն էր: «Եկեղեցու դեմ հարվածները հետապնդում են մեկ նպատակ՝ տկարացնելու ազգի հոգևոր միասնականությունը», ասում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Կասկած չկա, որ քննադատության ալիքի ներքո անկասկած կլինեն այդպիսի նպատակ հետապնդող շերտեր, անհատներ կամ խմբեր: Անձնական կամ խմբակային շահադիտական նպատակներ հետապնդող տարրերի առկայությունը հատուկ է ցանկացած լայն գործընթացում: Դրանք չեզոքացնելու լավագույն ձեւը հենց հանրության հետ բաց երկխոսություն սկսելն է, հանրությանը ոչ միայն սեփական պահանջներն ու ակնկալիքները ներկայացնելը, այլ նաեւ հասարակության ներկայացրած պահանջներն ու ակնկալիքները լսելը: Միայն այդ դեպքում արդյունավետորեն կչեզոքացվեն անհատական եւ խմբակային շահադիտումներն ու շահարկումները: Իսկ երբ եկեղեցին հրաժարվում է լսել հանրությանը, հրաժարվում է քննարկել բարձրացված խնդիրներն առարկայորեն, հանգամանալից բացատրություն տալ հասարակության դժգոհությունը հարուցած այս կամ այն քայլի համար, այլ այդ ամենը որակում է որպես ինչ որ մութ ուժերի կազմակերպած գրոհ եկեղեցու դեմ, դրանով հենց ինքն է խթանում այդ «մութ ուժերին» եւ արդարացնում առիթից օգտվելու նրանց ջանքը:
Հասարակության քննադատությունը երբեք ինքնանպատակ չի եղել, երբեք օդից չի ընկել, չի հորինվել: Եկեղեցու հանդեպ հանրային քննադատության ալիքն ակտիվանում է կոնկրետ իրադարձությունների եւ միջադեպերի հետեւանքով, որոնց դեպքում եկեղեցին եւ նրա մյուս պաշտպանները փորձում են պատսպարվել հենց «համաշխարհային դավադրության» վահանի հետեւում, չփորձելով անդրադառնալ բուն խնդիրներին, չփորձելով քննարկել հանրային սուր արձագանք առաջացնող խորքային պատճառները, որոնք կարող են առաջին հայացթից ոչ այդքան աղմկահարույց պոտենցիալ կրող մի իրադարձությունից մեծ աղմուկ հանել: Չէ որ դա վկայում է, որ խնդիր կա հասարակություն-եկեղեցի հարաբերությունում, որ այդ խնդրի անտեսման, խլացման հետեւանքով են արձագանքները դառնում այդպես սուր:

Հայ Առաքելական եկեղեցին փորձում է քննադատությանը հակադարձել իր բացառիկ դերի մասին խոսքերով, հայ ժողովրդի պահապանը լինելու առաքելության մասին դատողություններով: Հայլուրի մեկնաբանական տեքստում նույնիսկ կարող է հնչել այդպիսի ձեւակերպում, որ եկեղեցին եղել է մեր ազգի, ինքնության, գիտակցության պահապանն ու եղել է մեր կողքին այն ժամանակ, երբ ոչ ոք չկար մեր կողքին: Այդ մեկնության հեղինակներին թվում է, թե նախ Հայ Առաքելական եկեղեցին է առաջացել, հետո նոր ազգը: Ինչ է նշանակում եկեղեցին մեր կողքին էր, երբ ուրիշ ոչ մեկը չկար: Կարծես թե եկեղեցին ինչ որ օտար մի բան էր ու որոշեց տեր կանգնել հայ ժողովրդին: Չէ որ եկեղեցին հայ ժողովրդի ստեղծագործությունն է, հայ ժողովրդի ստեղծած համակարգը: Չլիներ հայ ժողովուրդ, չէր լինի Հայ Առաքելական եկեղեցի: Ժողովրդով է եկեղեցին եկեղեցի, ոչ թե ժողովուրդն է եկեղեցով ժողովուրդ, առավել եւս պետություն, պետականություն ունեցող ժողովուրդը:
Եվ դա դեռ պատմական իրադարձությունների գնահատականը մի կողմ թողած: Մինչդեռ հայտնի է, որ բազմաթիվ մասնագետներ լրջագույն քննադատության են ենթարկում եկեղեցու նույն պատմական դերը, համարելով, որ պետության չգոյության պայմաններում իր վրա վերցնելով ազգի պահապանի ֆունկցիան, Հայ Առաքելական եկեղեցին պարզապես չի դիմացել այդ բեռի տակ եւ վերնախավերի մտածողության եւ նկարագրի իմաստով ենթարկվել է արժեքային դեգրադացիայի, վերածվելով զուտ «գերատեսչական» շահեր հետապնդող օղակի, որ հետագայում չի ցանկացել իր բացառիկ դերը զիջել պետությանը: Մինչդեռ ժամանակի ընթացքում պետությունն է դարձել ազգերի անվտանգ գոյության եւ զարգացման առավել արդիական ու մրցունակ միջոց ու երաշխիք, քան կրոնական կառույցները:
Բավական դյուրին է ասել, որ եկեղեցու դեմ հնչող քննադատությունը քննադատություն է ազգի, պետության դեմ, ու այդպիսով համարել ասելիքն ասված ու թեման փակված: Խնդիրները, միեւնույն է, մնում են ու խորանում, ընդդերքում էլ ավելի ուժգնացնելով եռքը, ու ամեն մի նոր ժայթքումը դարձնելով էլ ավելի թեժ, որի առիթները հաստատապես լինելու են նաեւ ապագայում, քանի դեռ եկեղեցին չի արել հանրության հետ հարաբերությունը եւ իր հանրային դերը վերանայելու հետ կապված խորքային հետեւություններ, այլ ընդամենը բավարարվել է «դավադրության տեսությամբ» պաշտպանվելով:
Եվ, թերեւս անհրաժեշտ է նաեւ մի էական հանգամանի հստակեցում: Կարծես թե փորձ է արվում ներկայացնել խնդիրը այնպես, որ առկա քննադատական ալիքը, որ պարբերաբար աշխուժանում է, Հայ Առաքելական եկեղեցի երեւույթի դեմ է: Իրականում դա մոլորություն է, կամ էլ պարզապես որոշ մարդիկ փորձում են գիտակցված հարցը ներկայացնել այդպես, փորձելով պաշտպանվել դրա հետեւում:

Հակառակը, քննադատության պարբերական աշխուժություն ապրող ալիքը հանուն Հայ Առաքելական եկեղեցու է, որպեսզի Հայ Առաքելական եկեղեցին լինի մաքուր կառույց, լինի իր արտաքին նկարագրին նաեւ ներքուստ լիովին համապատասխանող կառույց, որպեսզի Հայ Առաքելական եկեղեցում չլինեն երեւույթը հեղինակազրկող եւ ցոփ ու շվայտ կյանքով ապրող հոգեւորականներ, որոնցից ընդամենը մեկի «երկաթե նժույգը» օբյեկտիվորեն կարող է արատավորել հարյուր կամ հազար տարիների աշխատանքը: Մինչդեռ այդ «նժույգները» շատ են, ու ոչ միայն երկաթե, այլ նյութական տարբեր այլ բաղադրությունների:

Այդ ամենի դեմ է քննադատությունը, ոչ թե Հայ Առաքելական եկեղեցի երեւույթի կամ արժեքի: Պարզապես հանրությունն ուզում է հասկանալ, հստակեցնել, թե ի վերջո ինչ արժեք է եկեղեցին` հասարակությանը ծառայող, թե հանրությանը միայն ծառա տեսնող, որը երբեք չպետք է քննության առնի իր իսկ ծնած ու սնած եկեղեցու գործերը, այլ պետք է միայն հարգի ու պատվի եկեղեցականին, չհետաքրքրվելով նրա կյանքով ու գործով:

Նաեւ, հստակ է, որ եկեղեցին դա վերացական հասկացություն չէ: Եկեղեցին դա մարդիկ են եւ նրանց կատարած գործը: Հետեւաբար իսկապես, երբ քննադատում ես այդ մարդկանց, ստացվում է, որ քննադատում ես եկեղեցին: Եվ դա միանգամայն տրամաբանական եւ օրինաչափ իրողություն է, որն առաջին հերթին պետք է հենց եկեղեցու հայրերը գիտակցեն, իմանալով, որ իրենց քայլը առաջին հերթին օգնելու կամ հարվածելու է եկեղեցու հեղինակությանը: Հետեւաբար, եկեղեցու հայրերը առաջին հերթին իրենք իրենցից պետք է պահանջեն հարգել եկեղեցի երեւույթը, նոր հետո միայն դա պահանջեն հասարակությունից:

Իսկ, եթե այդուհանդերձ համարում են, որ որեւէ երեւելի հոր պատճառով պետք չէ քննադատել եկեղեցին, ուրեմն թող հրապարակավ եւ պաշտոնապես հայտարարվի, որ այդ հայրը կապ չունի եկեղեցու հետ: Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությունը կամ պետք է հստակ, պարզ, բաց շփման միջոցով լսի հասարակության կոնկրետ հարցադրումներն ու փորձի փաստարկված եւ լիարժեք պատասխան տալ դրանց, կամ պետք է հայտարարի, որ ինքը կապ չունի եկեղեցու հետ:
Թվում է, թե դա իրավիճակի ծայրահեղացված նկարագրություն է եւ կամ-կամ հարցադրումը չափազանցություն է: Գուցե, բայց եթե իրավիճակը հասել է այդպիսի աստիճանի, դրա մեղավորը առաջին հերթին եկեղեցու ղեկավարությունն ու նրա «պաշտպաններն» են, որ փորձում է հանրային քննադատության տարածությունում թշնամիներ, դավադիրներ, անհավատներ փնտրել: Թեեւ գուցե նրանք բոլորն էլ գիտակցում են, որ դա այն տարածությունն է, որտեղ գտնվում է եւ ուր պետք է փնտրել Հայ Առաքելական եկեղեցու ապագան: Պարզապես նրանցից շատերը զբաղված են սեփական ապագայի որոնումներով, իսկ ոմանք էլ թերեւս չգիտեն ինչով են զբաղված:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: