Tuesday, July 26, 2011

Երկխոսությունը հեղափոխության հետեւանք է

Մեր զրուցակիցն է հրատարակիչ-դիզայներ Սամվել Փարթամյանը
-Պարոն Փարթամյան, արդեն սկսված ՀԱԿ և կոալիցիա երկխոսությունն ինչպե՞ս եք գնահատում: Դուք անընդհատ խոսել եք այդ երկուսի` գործիքաշարի տարբերության մասին: Այս դեպքում ինչպե˚ս եք որպես նոր մշակույթ բնորոշվող երկխոսությունը գնահատում:
-Արդեն հետաքրքիր է, որ մշակույթ է բնորոշվում մի բան, որ դուրս է «մեկ ազգ, մեկ մշակույթ» սահմանումից: Լավ է, որ մշակույթ է ընկալվում հենց քաղաքականությունը: Կարելի է ասել, որ հայաստանյան բազմաշերտ ու բազմաբնույթ առկա ճգնաժամերը նաեւ այս ընկալման բացակայության արդյունք են: Քաղաքական եւ տնտեսական հետադիմական մշակույթը մշակութային, քաղաքական եւ տնտեսական աղետալի ճգնաժամերի պատճառ է, գավառական անկլավային տնտեսությունը ոչնչացնում է մշակույթը եւ որպես ժառանգություն, ե՛ւ որպես արդիականություն:
Երկխոսության քաղաքական մշակույթը նաեւ արդիական մշակույթ է, արդի մշակույթ է ինքնին: Մշակույթը որպես միայն էթնիկ ավանդույթի դրսեւորման քաղաքականության հետեւանքը ոչ միայն մշակույթի աղքատացումն է: Այն բերում է եւ հասարակության մյուս, «ոչ մշակութային» ոլորտների խեղաթյուրման:
Քաղաքական երկխոսությունը ծանր անակնկալ է բոլոր նրանց համար, ովքեր անհաղորդ էին, թերագնահատում էին կամ դիմադրում 2008-ից սկիզբ առած հասարակական գործընթացներին, նաեւ մշակութային հեղափոխությանը:
Առանց հասարակական մանդատի քաղաքականություն իրականացրած և հասարակական ու քաղաքական էլիտա հայտարարված շատ գործիչներ և հասարակական կառույցներ ի վիճակի չեղան կամ չցանկացան ընկալել Հայաստանում տեղի ունեցող արդիականացման հեղափոխական փոփոխությունները, որոնք շրջադարձային են պետության և հասարակության կյանքում: Նրանց կողմից հանրային լուսանցք մղված ակտիվ հասարակությունը վերականգնում է իր տեղն ու իրավունքը: Ինքնակոչ էլիտաների կողմից արհամարհված, թշնամաբար ու հեգնական ընկալված հանրային ակտիվությունն ու դիմադրությունը, ժողովրդական շարժումը, ակտիվ հասարակական խմբերն ու հասարակական քաղաքական մանդատ ունեցող քաղաքական ուժի ձեւավորումը հանրապետությունը պահեցին անկառավարելիության անդունդի եզրին:

-Կարծում եք սկսված երկխոսությունը իսկապե՞ս հեղափոխություն է:
-Երկխոսությունը հեղափոխության հետևանք է, իշխանության համար դեռ ոչ վաղ անցյալում աներեւակայելի պարտադրանք: Այդ նոր մշակույթն էլ հենց կոչվում է քաղաքականություն և հանրային քաղաքականություն` ի տարբերություն մինչ այս եղած էլիտար խմբերի ոչ հանրային պոլիտիկանության: Երկխոսությունը քաղաքացիական հասարակության հանրային արդյունավետ քաղաքականություն իրականացնելու բարդ ու անհրաժեշտ գործիք է:

-Պարոն Փարթայան, այդ դեպքում ինչո՞ւ հասարակության համար այդքան էլ ընկալելի չէ` ինչ է տեղի ունենում, եւ իսկապե՞ս հանրային շահն է դրված այստեղ: Կարծես թե կա վստահության խորը դեֆիցիտ բոլոր կողմերում:
-Հասարակությունն իրավունք ունի կասկածելու ցանկացած գործընթացի, եթե այն հանրային չէ` սկսած նախագահի գործունեությունից, մինչև այնպիսի գաղտնապահ կառույցներ, ինչպիսիք են ռազմական և անվտանգության ոլորտները, արտաքին հարաբերությունները, բանակցային գործընթացներն ու բանկերի գործունեությունը: Ցանկացած գործընթաց, որ առնչվում է հասարակական կյանքին, բայց պատվիրված չէ հասարակության կողմից, գաղտնի է պահվում հասարակությունից, հասարակական շահի դեմ դավադրություն է:
Այդ առումով, սկսված երկխոսությունը իսկապես հանրային պատվեր է: Նրա արդյունավետությունը կախված է նաև հանրության տեղեկացվածության, ակտիվության և շահագրգռության, ինչպես նաև մասնակցության աստիճանից:

Ինձ դուր է գալիս այն մանկամիտ զարմանքն ու անտեղյակությունը, որ տիրում է իշխանական եւ հարակից ճամբարում: Միշտ համամիտ և միշտ իշխանություն կամ ցանկացած իշխանությանը ծառայության պատրաստ, մինչ այս իրեն քաղաքական կամ ապաքաղաքական էլիտա համարող, հասարակությունից մինչ այս ապահով մեկուսացած հանրությունը տարակուսած է, որովհետև մինչև հիմա արհամարհում է հասարակական կարծիքն ու արդիական ինքնակազմակերպման ներուժը: Նա պարզապես չի հավատում, որ տեղի ունեցող իրադարձություններն իսկապես ժողովրդական հեղափոխական գործունեության եւ հասարակության հեղափոխական արդիականացման ունակության արդյունք են, որ ստեղծել է հանրային այլընտրանքային տարածքներ ու ոլորտներ, յուրացրել հաղորդակցման ու ինքնակազմակերպման արդիական բարդ մշակույթն ու տեխնոլոգիան, ստեղծել քաղաքական միավորում և իշխանությանը պահանջներ պարտադրելու ունակ հավաքական ուժի կենտրոն:

Բանակցությունների իմաստը վերջապես նրանում է, թե իրենց հավերժ իշխանություն պատկերացրած էլիտան պատրա՞ստ է ընդդիմություն դառնալ, իսկ առկա ընդդիմությունը պատրա՞ստ է ժողովրդավարական ու օրինական իշխանություն լինել, ոչ միայն չհալածել ու չոչնչացնել ընդդիմությանը, այլեւ ճանաչել ընդդիմության օրինական իրավունքներն ու պահանջները: Իշխանության համար դա Քադաֆիի օրինակն է, անխուսափելի պատժից անվտանգության երաշխիքներ, անձեռմխելիության ապահովում: Հասարակական շահը օրինականությունն է: Այդ պատճառով, կարծում եմ, իշխանությունն առաջին փուլում պետք է հրաժարվի բոլոր նրանցից, ովքեր բանակցությունների արդյունքում օրինականության շրջանակում անձեռնմխելիության երաշխիքներ չեն ստանալու:

-Որքան էլ շատերը գնահատում են երկխոսությունը, սակայն փաստում են, որ այստեղ հստակ չի դրվում, թե երկիրը ճգնաժամից ինչպես են դուրս բերելու: Կարծում եք` սա արտահերթ ընտրությունից հետո՞ պետք է օրակարգում դրվի:
-Բազմաշերտ և բազմաբնույթ ճգնաժամերի հաղթահարման հանրային քաղաքական պատվերը, որ առկա է Հայաստանում, որին մենք անդրադարձել ենք մեր նախորդ զրույցում, պարզունակ և միաքայլ լուծումներ չունի: Առավել եւս այդ լուծումներն անհնար են քաղաքականության ու իշխանության հին ու հնացող մոդելներով: Իշխանափոխությունը նաեւ իշխանության իրականացման ձեւերի ու բովանդակության փոփոխություն է, իշխանության կրողի փոփոխություն: Հասարակությունը դրա արդյունքում ձեռք է բերում ազատություն եւ իշխանություն: Նա է դառնում իր կյանքի ու գույքի կառավարիչը: Դա միայն քաղաքական ֆունկցիոներների խնդիրը չէ, այլ հասարակության արդիականացման խնդիր: Իրականում մենք ներկա և մասնակից ենք ավարտվող և նոր սկսվող ժամանակաշրջանների: Պրոպագանդայի ու բացահայտ քաղաքական ստախոսության, քաղաքական ինֆանտիլ կոմֆորմիզմի դարաշրջանն արդեն ավարտվել է: Արդիականացման հակադիրը ավանդապահությունը չէ, այլ հենց խորը ճգնաժամը, որը և առկա է Հայաստանում: Ի տարբերություն էլիտար քաղաքականության, որ բերեց խոր ճգնաժամի հնարավոր բոլոր ոլորտներում, նաեւ արտաքին քաղաքական բանակցություններում, կոալիցիա- կոնգրես բանակցությունները ցույց են տալիս, թե ինչ արդյունավետություն կարող է ունենալ հանրության կողմից լեգիտիմությամբ օժտված բանակցային կողմը, բարդ և անհնարին թվացող խնդիրների լուծման հարցում: Սա օրինակ է, թե ինչ առավելություններ ունի լեգիտիմ իշխանությունն ինքնակոչ էլիտար և գաղտնապահ խմբերի նկատմամբ: Կարծում եմ, վստահել - չվստահելը քաղաքականություն իրականացնելու հնացած ձևեր են: Կա ավելի արդյունավետ և արդիական եղանակ, դա մասնակցել-չմասնակցելն է:

-Ո՞վ ինչին պետք է մասնակցի, և ինչպե՞ս կարող է հասարակութունը մասնակցել տեղի ունեցող քաղաքական երկխոսությանը այն դեպքում, երբ հաճախ է խոսվում, որ միևնույն է, որոշողը երկուսն են:
-Ամենակարեւորը բանակցությունների օրակարգի հարցն է: Քաղաքական ուժերը կարող են քննարկել միայն հասարակության առաջ քաշած օրակարգերը: Քաղաքական ուժերը չեն կարող ժխտել առկա օրակարգը կամ առկա հասարակական պրոցեսները, ինչին երկար ժամանակ ականատես էինք եւ ենք: Հասարակությունը իրականացնում է իր քաղաքականությունը ներքին քննարկումների, խնդիրների հանրայնացման, վիճարկման ու կարծիքների բախման արդյունքում: Քաղաքական ուժերը կարող են առկա խնդիրների իրենց լուծման եղանակներն առաջարկել և եթե դրանք նպատակահարմար և ռացիոնալ են, ապա ընկալելի կլինեն հանրության կողմից: Ժխտումը, ինչպես ընդունված է ասել, քաղաքական կատեգորիա չէ: Ինձ զարմացնում է նաև չարտաբերված, սակայն հասարակությանը առաջարկվող ապստամբության առաջարկը քաղաքական ուժերի կողմից, որոնք ոչ ապստամբ են, ոչ հեղափոխական:

-Ո՞ւմ ի նկատի ունեք:
-Նրանց, ովքեր համաձայն չեն երկխոսության` որպես ֆորմատի, այդ երկխոսության հիմնական նպատակին` արդյունավետ քաղաքական փոփոխություններին, որոնք կլեգիտիմացնեն վերահաս ընտրությունների արդյունքները: Չեմ ուզում օգտագործել արտահերթ կամ հերթական արտահայտությունը, որովհետև ցանկացած վերահաս ընտրություն բարդ քաղաքական բովանդակություն ու նշանակություն է ձեռք բերում հանրապետության համար: Դրանք կլինեն «արտակարգ» ընտրություններ:

-Պարոն Փարթամյան, մեր վերջին զրուցակիցները հաճախ են նշում, որ այսօր այն քաղաքացիական հասարակությունը, որ ունեինք 2008-ի հետո, կարծես նահանջել է: Դուք կարծես անընդհատ խոսում եք պրոգրեսից: Որտեղի՞ց այդքան հակադրություն:
-Նահանջը իսկապես առկա է, բայց հասարակական այն խավերի մոտ, որոնք ոչ խորքային, այլ ֆորմալ փոփոխություններ են ուզում`առանց անձնական մասնակցության և ուրիշի ձեռքերով: Տեղի ունեցող պրոցեսներին մասնակցելու համար պետք է մասնակցել հանրային օրակարգի ձևավորմանը: Դա ռացիոնալ աշխատանք է, որտեղ ամեն ոք ներկայացնում է քննարկման ենթակա կարծիք: Կարծիքների համադրման արդյունքում ձևավորվում է հենց օրակարգը: Երկխոսությունը բազմակարծության կարևոր բաղադրիչն է և գործիքը: Սակայն այն նաև վիճարկման և դիմադրության, պարտադրանքի հզոր միջոց է և հենված է հասարակական ակտիվության վրա:
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

No comments: