Thursday, July 14, 2011

Արտագաղթը դառնում է ծրագիր

«Լրագիր» 14-7-2011- Ինչու բոլորը արտագաղթից են խոսում, սակայն ոչ ոք մարդկանց կոչ չի անում մնալ:
Այն, որ դա չի անում իշխանությունը, հասկանալի է: Ինչպես խոստովանել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, եթե դժգոհ զանգվածը մնա Հայաստանում, հեղափոխությունն անխուսափելի կլինի: Բացի այդ, արտագաղթը տրանսֆերտներ է ապահովում, իսկ դա նշանակում է, որ կրճատվում են սոցիալական ծախսերը, մի խոսքով, կառավարության համար սա գտածո է:
Սակայն ինչո՞ւ արտագաղթի վտանգների մասին խոսողները կոչ չեն անում մարդկանց մնալ, ինչո՞ւ ընդդիմությունը կոչ չի անում մնալ և պայքարել սեփական իրավունքների համար:
Իհարկե, ոչինչ չի կարող ստիպել մարդուն ապրել այնտեղ, որտեղ վատ է: Տեղաշարժվելու իրավունքն էլ երաշխավորվում է ոչ միայն Սահմանադրությամբ, այլև աստվածային օրենքներով: Սակայն բանն այն է, որ առանց չհեռանալու մասին կոչերի, առանց գործուն ակցիաների, որոնք կարող էին ստիպել կառավարությանը միջոցառումներ ձեռնարկել, արտագաղթի մասին խոսակցությունները ոչ միայն արդարացման միջոց են դառնում, այլև ինչ-որ ծրագրավորված բան: Արտագաղթը շատերի կողմից սկսվում է դիտվել որպես անխուսափելի, դատավճիռ:
Հայերին ներհատուկ է հաճույքով “վատ” թեմաները վայելել և յուրաքանչյուր հարմար պահի վերքերը ցուցադրել: Հարցրեք հայ կանանց առողջության մասին, և նրանք կպատմեն իրենց բոլոր ցավերի մասին կարծես հպարտանալով դրանցով: Արտագաղթը յուրատեսակ վերք է դարձել, որը առիթ-անառիթ պոկում են, այն բուժելու փոխարեն, կառավարությանը պատին դեմ տալու ու պատասխան պահանջելու փոխարեն:
Նաիրա Հայրումյան

No comments: