Saturday, July 2, 2011

Իրավիճակը Սերժի եւ Լեւոնի շրջապատում

«Լրագիր» 1-7-2011- Հունիսի 30-ի հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը բարձրացրեց Սերժ Սարգսյանի ու նրա շրջապատի փոխհարաբերության խնդիրը, ասելով, որ Սարգսյանը երկխոսության հարցում կամուկացի մեջ է, որովհետեւ նրա շրջապատը, սովոր լինելով կրակելուն եւ բանտ նստեցնելուն, չի կարողանում պատկերացնել այլ որակի հարաբերություն:
Ինչ է ստացվում: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանն էականորեն տարբերվում է իր շրջապատից եւ սովոր չէ կրակելուն ու բանտ նստեցնելուն, իսկ ահա նրա շրջապատն այդպիսին լինելով կաշկանդում է նրան երկխոսության գործում ավելի օպերատիվ լինելու հարցում:
Իրականում, այստեղ թերեւս գործ ունենք բավական խորքային մի երեւույթի հետ, որը վերաբերում է թե իշխանության, թե ընդդիմության կառուցվածքին: Եթե շրջապատը կաշկանդում է Սերժ Սարգսյանին, նշանակում է, որ Սարգսյանը իր գործողությունների համար հաշվետու է իր շրջապատին: Այսինքն, նա պետք է շրջապատին բացատրություն տա, թե իր գործողություններն ինչքանով են բխում այդ շրջապատի շահից, ինչքանով են սպասարկում այդ շահը, ինչի են հանգեցնելու, ինչ ռիսկեր ու վտանգներ են պարունակում, ում համար, երբ, եւ այլն:

Եթե Սերժ Սարգսյանն այդ բացատրությունները չտա, ապա նրա շրջապատը բնականաբար թույլ չի տա, որ նա երկխոսի ընդդիմության հետ: Այսինքն, իշխանական համակարգում այդ առումով իրադրությունը դրված է հստակ շահերի վրա եւ չի աշխատում այսպես ասած հավատի ու վստահության մեխանիզմը, “Սերժը գիտի, թե ինչ ա անում” եւ այդ կարգի այլ տարբերակները: Սերժ Սարգսյանը ստիպված է ամեն քայլի համար լինել հաշվետու եւ հիմնավորել համակարգին, որ այդ քայլն իր մեջ ավելի շատ օգուտ, քան ռիսկ է պարունակում:

Այդ տեսանկյունից, ինչ վիճակ է Տեր-Պետրոսյանի շրջապատում: Դա հասկանալու համար, նախ պետք է հասկանալ, թե իսկ որն է Տեր-Պետրոսյանի շրջապատը: Նրա շրջապատը Կոնգրեսի քաղխորհո՞ւրդն է, լիդերների ավելի լայն շրջանա՞կը, թե ակտիվը, որ կազմում է մի քանի հարյուր մարդ: Երեւի թե շրջապատ հասկացությունը տվյալ դեպքում պետք է ենթադրի շահառուների շրջանակը: Այդ իմաստով, Տեր-Պետրոսյանն ու Կոնգրեսը շահառուների շրջանակ են հռչակել ամբողջ հասարակությունը եւ ներկայացրել են հանրության շահը սպասարկելու հայտ: Հետեւաբար, տվյալ պարագայում Տեր-Պետրոսյանի շրջապատը դա ոչ քաղբյուրոն է, ոչ լիդերների ավելի լայն շրջանակ, ու ոչ էլ ակտիվը, այլ հասարակությունն ընդհանրապես, քանի որ Տեր-Պետրոսյանը խոսում է հասարակության անունից եւ նրա շահից գործելու մասին:

Ուրեմն, տալի՞ս է արդյոք Տեր-Պետրոսյանը բացատրություններ իր շրջապատին: Այդ շրջապատում գործո՞ւմ է արդյոք նրան կաշկանդելու մեխանիզմ, երբ նա կարող է շատ ուզել անել ինչ որ քայլ, բայց շրջապատը, այսինքն հասարակությունը, այդ բանը թույլ չտա, դրանում չտեսնելով համոզիչ օգտավետություն: Մարտի հանրահավաքներից մեկում հայտարարվեց, որ Կոնգրեսի հանրահավաքները վերածվում են հասարակական ֆորումների, որոնք օժտված են որոշումներ կայացնելու եւ իրացնելու լիազորությամբ:

Մինչ այժմ ի՞նչ նշանակալի որոշումներ է քննարկել եւ կայացրել հանրահավաքը: Իհարկե կարող են ասել, որ կայացվել է երթով Ազատության հրապարակ գնալու որոշում: Իհարկե, կարելի է ասել, բայց կարելի է արդյոք հավատալ այդ ասածին, որ որոշումը կայացրել է հանրահավաքը: Կոնգրեսի ղեկավարության համար պարզ էր, որ երբ էլ հարցնի հանրահավաքի մասնակիցներին, նրանք ասելու էին, որ համաձայն են հրապարակ գնալուն: Հետեւաբար Կոնգրեսը գնացել է այն ժամանակ, երբ ոչ թե հանրահավաքն է նպատակահարմար համարել, այլ Կոնգրեսի լիդերները, որոնք ընդամենը ստեղծեցին հանրահավաքի որոշման կայացման իմիտացիա:

Միակ որոշումը, որ իրապես կայացրել է հանրահավաքը, դա իհարկե գոստոսի 1-ին հաջորդ հանրահավաքն անելու հունիսի 30-ի հանրահավաքի որոշումն էր: Որոշում, որը գործնականում ոչինչ չնշանակող մի բան է այն դեպքում, երբ Կոնգրեսը իշխանությանը ժամանակ է տալիս մինչեւ սեպտեմբեր: Օգոստոսի 1-ի հանրահավաքը վերածվում է տվյալ դեպքում ֆորմալ ձեւականության, եւ թերեւս այդ պատճառով էլ Կոնգրեսի լիդերները հանրահավաքին տվեցին ընտրության հնարավորություն:

Միգուցե ճիշտը դա է, եւ լուրջ քաղաքականությունը պետք է իրացնել մի քանի հոգով, կամ մի քանի տասնյակ հոգով, բայց ոչ թե հարյուր կամ հազար: Բայց, խնդիրն այն է, որ այդ մի քանի տասնյակի շրջանակում, Կոնգրեսում կարծես թե ընդհանրապես վերանում է լիդերի հաշվետվության իրական երեւույթը, եւ ձեւավորվում է Տեր-Պետրոսյանի մոտեցման անառարկելի գերակայություն: Դրա վկայությունն է թեկուզ այն, որ հանրահավաքի ընթացքում տարբեր ելույթ ունեցողներ բոցաշունչ ելույթներ են ունենում իշխանության անելանելիության եւ ժողովրդի հաղթանակի մասին, իսկ վերջում Տեր-Պետրոսյանը ամփոփում է եւ տալիս սպասելու եւ չոգեւորվելու հերթական հրամանը: Եվ հատկանշականն այն է, որ դրանից հետո բոլոր ոգեւորված ելույթների հեղինակները հայտարարում են, որ ճիշտը սպասելն է: Միգուցե ճիշտը սպասելն է, բայց այդ դեպքում ինչ կարիք կա հանրահավաքին ոգեւորվելու, եթե Տեր-Պետրոսյանից հետո միեւնույն է բոլորը սպասելու են:

Եվ այն, որ հունիսի 30-ին Ազատության հրապարակը մեղմ ասած նկատելիորեն սակավամարդ էր, հուշում է, որ հասարակությունը ինքն իրեն տալիս է այդ հարցն ու ստանում պատասխան, որ ոգեւորվելու կարիք չկա, հետեւաբար չկա նաեւ հանրահավաքի գնալու կարիք, եթե այնտեղ հազարերորդ անգամ պետք է լսվեն նույն բաները: Քանի դեռ Կոնգրեսը չունի այդ իրողություններին եւ ռիսկերին բաց նայելու համարձակություն, եւ քանի դեռ դրանք մատնանշողները հռչակվում են մեղմ դեպքում անմիտ, իսկ ընդհանրապես ծախված հերետիկոսներ, Սերժ Սարգսյանն ու իր շրջապատն իրենց ներքին շատ ավելի դեմոկրատական մեխանիզմի առկայության պարագայում շատ ավելի ճկուն են խաղալու, քան Կոնգրեսը:

Խոսքն այստեղ բացարձակապես որակների, գործունեության մեթոդների եւ այլնի մասին չէ: Խոսքն ընդամենը շրջապատներում առկա որոշումների կայացման մեխանիզմների մասին է: Սկզբունքորեն, խոշոր հաշվով, իշխանական համակարգում ներքին մեխանիզմը իր ամբողջականության մեջ թերեւս ավելի մոտ է դեմոկրատականին, քան ընդդիմության մոտ: Եվ առկա իրողությունների պարագայում, նույնիսկ այն դեպքում, երբ այդ ամենը տեղավորվում է հանդուրժողության շրջանակներում, իշխանությունը խաղալու է ավելի ճկուն: Եվ նաեւ հենց իշխանության այդ առավել ճկուն խաղի արդյունքն է գուցե, որ իրավիճակը հասցվեց հանդուրժողության շրջանակի, խուսափելով բիրտ ուժի կիրառման հարկադրանքից:

Բանն այն է, որ այդպիսի մեխանիզմի առկայությունը ցանկացած քաղաքական ուժի եւ առաջնորդի ամրության, ճկունության գրավական է: Տեր-Պետրոսյանը ամբողջությամբ գործի դնելով իր խարիզման եւ հայտարարելով, որ ինքնագործունեությունը դատապարտելի է, ինքն իրեն փաստացի զրկել է ճկունության հնարավորությունից եւ Կոնգրեսը դրել կամ-կամի առաջ:

Կամ տեղի է ունենում այդ կառույցի լուրջ ռեֆորմացիա եւ այդտեղ գործնական բազմակարծության եւ դեմոկրատիայի տարրեր են ներդրվում, նպաստելով կառույցի ադեկվատության բարձրացմանն ու ներգրավված շրջանակների ընդլայնմանը, այդպիսով նոր շունչ հաղորդելով պայքարին, կամ Կոնգրեսը շարունակում է մնալ առավելապես հեղինակությունների կառույց, բայց, դատելով վերջին զարգացումներից ու ավելի եւ ավելի ակնհայտ դարձող ռիսկերից` մնալ, կամ վերածվել, ավելի շատ որպես հեղինակությունների քաղաքական “դամբարան”:

Կոնգրեսի գաղափարն ինքնին, իր նախնական պատկերացումների շրջանակում, թերեւս ենթադրում էր Հայաստանում ներքին ժողովրդավարությամբ հագեցած աննախադեպ կառույցի ձեւավորում, կայացում եւ զարգացում: Կոնգրեսի համար, կարծում եմ, որ լուրջ ձախողումը ոչ թե այն է, որ երեք տարի է, ինչ չի կարողանում լուծել “ավազակապետության կազմաքանդման” հռչակված խնդիրը, այլ այն, որ չստացվեց իրապես լայն հասարակական եւ ազգային կառույցի ձեւավորումը, եւ շրջանակը առավել ընդլայնվելու փոխարեն առավել նեղացավ:

Անշուշտ, Հայաստանի ներքաղաքական կյանքում աննախադեպ երեւույթ է ընդդիմության հետընտրական ինստիտուցիոնալացումը: Բայց դա պետք է դիտարկել ոչ թե որպես նպատակ, այլ որպես միջոց: Հայ ազգային կոնգրես գաղափարը ինտիտուցիոնալացվեց, բայց առավելապես որպես քաղաքական ինստիտուտ, որին սպասարկում է հասարակական բաղադրիչը: Մինչդեռ պետք է թերեւս լիներ հակառակը: Տարվելով իր քաղաքական գործառույթներով, քաղաքական գործառնություններով, Կոնգրեսը թերեւս անուշադրության մատնեց հասարակական ավելի լայն գործառույթներն ու գործառնությունները, իսկ դրանցով զբաղվելու պարագայում էլ` արդյունքը դիտարկել զուտ քաղաքական նպատակահարմարությունների պրիզմայով:

Ներկայիս քաղաքական իրավիճակը Կոնգրեսին կարծես թե այլեւս չի տալիս հետ շրջվելու հնարավորություն, եւ թերեւս ճիշտ կլինի, որ Կոնգրեսը հասարակությանը գոնե թույլ չտա գնալ իր հետեւից, բացատրելով, որ ինքն այդպես գնում է ոչ մի տեղ: Իսկ ավելի ճիշտ կլիներ իհարկե, որ խաղի եւ համակեցության այդպիսի կանոնները լռելյայն ընդունած Կոնգրեսի լիդերությունն ինքը շարունակեր այդ ճանապարհը, Կոնգրեսում գտնվող կամ համակիր բազմաթիվ ադեկվատ շրջանակներին ու շերտերին թույլ տալով մի քիչ հետ գնալ, ու սկսել նորից` այս անգամ ավելի լայն ընդգրկումով եւ շրջապատով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: