Saturday, July 30, 2011

Ցմահ լինելու առավելությունը

Lragir.am. 30-7-2011- Ինչո՞ւ է կաթողիկոսի գահակալումը ցմահ: Որովհետեւ նա Աստծո ներկայացուցիչն է մեր մեջ (չքննարկենք, թե սա ինչքանով է խելքին մոտ եւ հատկապես ի՞նչ է նշանակում Աստծո ներկայացուցիչը մեկ առանձին ազգի համար, եւ ընդհանրապես ո՞վ է Աստծո ոչ ներկայացուցիչը, եւ ինչի՞ ի վիճակի չէ նա, որին ընդունակ է կաթողիկոսը), ժամանակավոր ներկայացուցիչ չեն լինում: Ժամանակավոր են սոսկ իբրեւ մահկանացու, բայց ոչ իբրեւ ապրող: Կարգն է այդպես: Եվ այդ կարգում Աստծո ներկայությունը չկա, բայց կա նրա մարդկային ընկալումը:
Եկեղեցու գոյության եւ ունեցած իշխանության կանխավարկածն այն է, որ Աստված կա, եւ կաթողիկոսը նրա ներկայացուցիչն է: Կաթողիկոսի ընտրության օգտին քվեարկել են, ինչպես Ազգային եկեղեցական ժողովի սկզբունքն է ամրագրում, “Սուրբ Հոգու ներշնչանքով”: Կաթողիկոսն ինչ-որ իմաստով դառնում է “սուպերմահկանացու”: Հետեւաբար, նրան աթոռազրկելը անհնար է զուտ այն պատճառով, որ, եթե ընտրության մեջ խառն է Աստծո մատը, ապա ինչո՞ւ աթոռազրկման մեջ պիտի շրջանցվի Աստված: Եթե կաթողիկոսն ինքն է շրջանցում Աստծուն, ովքե՞ր են, որ պիտի դատեն, թե հատկապես բարոյականության ի՞նչ սահմաններից դուրս է գտնվում կաթողիկոսը: Եւ ընդհանրապես, ովքե՞ր են դատողները:
Ես գիտեմ, որ եկեղեցին զուտ մարդկային կառույց է, այն ամբողջությամբ մարդկային ընկալման դուռ է, այնտեղից ներս մտնել, չի նշանակում մտնել Աստծո դռնով, այլ նշանակում է մտնել Աստծուն հաստատապես կրելով քո մեջ, չէ՞ որ դուրս գալուց Աստծուն չես թողնում ներսում: Եվ հետո, եկեղեցին հիշեցնում է, որ ամեն ինչ պիտի դառնա եկեղեցի, նույնիսկ լրատվամիջոցը, որը հաճույքով է դատում ուրիշի բացթողումների մասին: Եթե եկեղեցին քո մեջ կրելով ես տեսնում եկեղեցու առաջնորդի, մեղմ ասած, ոչ համապատասխանությունը իր աթոռին, որին նա նստած է ցմահ, քո գործը չէ նրան աթոռից զրկելու պահանջ ներկայացնելը, դու նրա հոտը չես, եթե նույնիսկ նա քո հովիվն է: Հովվությունը մարդուն վերապահված է Աստծուց այն պահից, երբ Աստված իր խոսքն ասում է մարդուն, այնպես որ կաթողիկոսն առավելագույնս քո հովվության դուռն է, քանի դեռ, ասելու բան չէ, Աստված չկա: Բայց, քանի դեռ Աստված չկա, կաթողիկոսը հովիվ լինելու իշխանություն չունի: Ուրեմն, մարդուն ավելի վերապահված է մոլորյալ գառ լինելը, քան` հովիվ լինելը: Իսկ մոլորյալ գառներին ոչինչ չես կարող անել, չեն դատապարտում:
Ինչո՞ւ է կաթողիկոսի այսպիսի գահակալումը` սերտաճում իշխանությունների հետ, իրենից հասակավոր մարդու հետ զրույցում “դու”-ն “դուք”-ից չտարբերելը, Երեւանում նստավայր ունենալու անհագ ցանկությունը, որն արդեն իրագործման փուլում է, հարցեր առաջացնում: Որովհետեւ կաթողիկոսը իջել է փողոց, նա անում է բաներ, որոնք մեզանից յուրաքանչյուրը կաներ, չէ որ մահկանացուն սակավակյացության մշակույթ չունի, չափազանց շատ են նրա պայմանականությունները` նա ընտանիք է պահում, տեսնում է ուրիշի շքեղ կյանքը, որը գայթակղեցնում է: Մահկանացուն երազում է լինել նրա փոխարեն, ով շահում է անօրինականությունից: Կրակին յուղ է լցնում կաթողիկոսի ծարավը` պատասխանել իրեն ուղղված մտահոգություններին: Եվ խնդիրն այն չէ, որ չպետք է պատասխանի: Այլ որ պատասխանը միշտ պետք է լինի ըստ էության: Ի՞նչ կապ ունի հայ ժողովրդի եւ եկեղեցու միասնականությունը մեկ առանձին մարդուն ուղղված մտահոգությունների հետ, ինչպե՞ս վարվել, եթե այդ մտահոգությունները կան, թեպետ դրանք երբեմն անցնում են էթիկայի սահմանները: Եվ ինչու՞ այդ մտահոգությունները չեն կարող հնչել հենց ազգի եւ եկեղեցու միասնականության շրջանակներում: Եվ ընդհանրապես, ի՞նչ կապ ունի ենթադրյալ միասնականությունը խիստ առարկայացված մտահոգությունների հետ:

Կաթողիկոսը պետք է որ իմանա ցմահ աթոռակալ լինելու առավելությունները: Իսկ այդ առավելություններն ասում են` ձեր գործունեությունն ամբողջությամբ անանձնական է, ձեր արարքները նախ Աստծուն են տեսանելի, ավելի ճիշտ, ձեր արարքների միակ հասցեատերը Աստված է, վարվեք այնպես, ասես նրան եք հաշիվ տալիս եւ ոչ թե մեկին, ում հանդեպ ձեր վարքը կդիտվի իբրեւ նրան արված վատություն: Կաթողիկոսը թագավորից տարբերվում է նրանով, որ չունի, չպիտի ունենա անձնական բարեկեցության հարց, քանի որ թագավորի անձնական բարեկեցությունը կարող է լինել նաեւ իր ընտանիքի` զավակների, կնոջ, հարազատների բարեկեցությունը: Դուք այդ պայմանականություններից ազատ եք: Եվ այդ պայմանականություններից պետք է զերծ պահեք նույնիսկ ձեր ամուսնացյալ հոգեւորականներին, քանի որ նրանք են կոչված մեզ մխիթարելու, եւ ոչ թե մենք` նրանց:

Իշխանությունների հանդեպ ձեր չափազանց բարեհաճ վերաբերմունքի ակունքը տեսանելի է ինչ-որ բան կորցնելու վախի մեջ: Ի՞նչ ունեք կորցնելու, ինչո՞վ եք կապված նրանց հետ, որոնք առարկայական կարող են դարձնել այդ կորուստը, եւ ինչո՞ւ չեք ենթադրում, որ իշխանությունը միշտ ավելի սխալական է, հետեւաբար ձեր կարիքն ունի ոչ գործող բարեհաճության, այլ` զգաստացնող բարեհաճության շրջանակներում: Դուք կամ լավ գիտեք ձեր իշխանության թուլությունը, կամ վատ գիտեք այս իշխանությունների ուժը: Դուք թուլացրել եք ձեր իշխանությունը եւ դրանով ձեր հանդեպ ուժեղացրել գործող իշխանություններին: Դուք կարծես չափազանց կախված եք անցողիկից, ինչպիսին գործող իշխանություններն են:

Ի՞նչ կարող են նրանք անել ձեզ, հենց սա պետք է հասկանա հասարակությունը, նա պետք է իմանա, թե որտե՞ղ եւ ինչի՞ համար պետք է կանգնի ձեր թիկունքին: Չէ՞ որ ձեր իշխանությունը ցմահ է: Թե՞ իմանալով, որ այս իշխանությունները շատ բանի են ընդունակ, վախենում եք չափից ավելի մահկանացու լինելուց: Ինչու՞ պետք է հասարակությունը ենթադրի, որ իշխանությունների հանդեպ բարեհաճությունից եկեղեցին շահելու բան ունի, նույնիսկ եթե այդպես չէ: Ինչո՞ւ հասարակությանը ստիպել մխրճվել իր սխալականության մեջ, ինչու՞ եկեղեցի լինելու կոչումը կրողներին թողնել սոսկ հոտի կարգավիճակում, եթե նրանք կարող են ձեզ օգնել էլ ավելի ամրապնդել եկեղեցին ի Հայաստանս եւ ի Սփյուռս աշխարհի:

Մհեր Արշակյան

No comments: