Monday, July 4, 2011

ԱՄՆ ավարտում է Կովկասի բաժանումը

«Լրագիր» 3-7-2011- Ինչպես է փոխվել իրավիճակը տարածաշրջանում Կազանի հանդիպումից հետո, այդ հանդիպումը ազդե՞լ է արդյոք տարածաշրջանի իրադարձությունների վրա, եւ ինչպե՞ս կազդեն քաղաքական գործընթացները Ղարաբաղի խնդրի վրա: Այս հարցն ուղղեցինք քաղաքագետ Իգոր Մուրադյանին:

- Պետք է հասկանալ, որ այնպիսի իրադարձությունները, ինչպես Կազանի հանդիպումը, արմատապես չեն ազդում տարածաշրջանում գործընթացների ծավալման վրա, թեեւ ղարաբաղյան խնդրի քննարկման վրա այն էական ազդեցություն է ունեցել: Առաջատար տերությունները հասկացել են, որ բանակցային գործընթացի իմիտացիան ավարտելու եւ այն իրական գործընթացով փոխարինելու իրենց փորձերը ոչնչի չհանգեցրին, բացի լարվածության աճից ու պատերազմի վերսկսման սպառնալիքի ուժգնացումից:
Ուժի երեք կենտրոնների քաղաքականությունը հանգեցրել է Ադրբեջանի դիրքորոշման սանձարձակության եւ ադրբեջանցի քաղաքական գործիչների մոտ անպատժելիության զգացման ուժեղացման: Այնպիսի ոչ լեգիտիմ սկզբունքի, ինչպիսին է տարածքային ամբողջականությունը, անընդհատ առաջ քաշումը եւ արդարացումը ցանկացած իրավիճակի համար հանգեցրել է տարածաշրջանում անսահմանափակ սպառազինության մրցավազքի, եւ արտաքին բոլոր շահագրգիռ կողմերի շահերի սպառնալիքների: Բացի այդ, արտաքին կողմերը եւ հակամարտության սուբյեկտները համոզվել են, որ Ռուսաստանի քաղաքականությունը, որ վերջին երեք տարում ստացել էր ազատության բարձր աստիճան, հանգեցրել է տարածաշրջաններում նրա արտաքին քաղաքականության վարկաբեկման եւ մոտեցումների հանդեպ բացահայտ ծաղրի:

Ներկայում, առաջատար տերությունները փորձում են զգուշացնել Ադրբեջանին, որ պատերազմի սանձազերծումն անթույլատրելի է, ցանկացած դեպքում: Դա փորձում են ներշնչել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին Վաշինգտոնում եւ Մոսկվայում:

Բաքվում տեղի են ունենում բավական տարօրինակ իրադարձություններ: Ադրբեջանական գեներալներն առանձնապես էնտուզիազմ չեն ցուցաբերում հնարավոր պատերազմի կապակցությամբ, քանի որ հասկանում են, որ դրա նախապատրաստական աշխատանքների համար անհրաժեշտ կլինի 7-10 տարի, եւ ընդհանրապես, ում ում, բայց գեներալներին պատերազմ պետք չէ: Բայց, քաղաքական գործիչները եւ առավելապես Իլհամ Ալիեւի թիմի ֆունկցիոներները մշտապես ներշնչում են նրան ղարաբաղյան երկրորդ պատերազմի հաջողության հնարավորության մասին: Կա բավական ստուգված տեղեկատվություն, որ դա տեղի է ունենում ներքաղաքական ինտրիգների շրջանակում, եւ լիովին հնարավոր է, որ նույնիսկ նախագահի թիմում կան մարդիկ, որոնք ցանկանում են ազատվել նրանից պատերազմի միջոցով, իհարկե հասկանալով, որ ներկայում, Ադրբեջանի համար ոչ բարենպաստ իրավիճակում, պատերազմի սանձազերծումը կհանգեցնի Ադրբեջանի ծանր պարտությանը:

Ալիեւյան շրջապատի տվյալ “տրամադրությունները”, ավելի ճիշտ նախաձեռնություններն արդեն փոխանցվել են, այս կամ այն կերպ, արտասահմանյան դիվանագետներին, փորձագետներին ու այլ դիտորդների: Այս իրավիճակն ամենից լավ են հասկանում ամերիկացիները, եւ ամենավատը` ռուսները: Ներկայում Իլհամ Ալիեւը հասկանում է, որ ինքը շատ է բարձրացրել խոստումների նշաձողը, սակայն, ինչպես Մ. Սահակաշվիլին, բախվել է ռազմական գործողություններ կիրառելու անհրաժեշտությանը: Իրավիճակն այնքան լուրջ է, որ նույնիսկ ամերիկացիները, որոնք շահագրգռված են Ալիեւին պատժելու եւ նրա արկածախնդիր ծրագրերի տապալման մեջ, հասկանում են, որ պատերազմը կարող է անխուսափելի դառնալ, Ադրբեջանում քաղաքական ակտիվության նոր կենտրոնների առաջացման պայմաններում:

Սակայն, գոյություն ունի պատերազմի վերսկսման եւս մեկ, եւ գուցե առավել կարեւոր գործոն` Թուրքիայի դիրքորոշումը: Արեւմտյան տերությունները եւ Ռուսաստանը բացարձակապես դեմ են տվյալ պատերազմին Թուրքիայի մասնակցությանը, եւ ընդհանրապես Հարավային Կովկասում ուժային մեթոդների կիրառմանը: Ենթադրենք դա այդպես է, թեեւ վերջին ժամանակներս Թուրքիան ուժային մեթոդներ է կիրառել հարեւան տարածաշրջաններում, առանց ՆԱՏՕ-ի հետ որեւէ համաձայնեցման: Ըստ ամենայնի, տվյալ կարծիքները հիմնվում են հարցի ձեւական իմացության եւ Թուրքիայի մասին արեւմտյան քաղաքական գործիչների ավանդական պատկերացումների վրա, թեեւ Թուրքիան կվարվի այնպես, ինչպես նպատակահարմար համարի, եւ ոչ ՆԱՏՕ-ն, ոչ ԱՄՆ արդեն զսպիչ գործոն չեն նրա համար, նույնիսկ նկատի առնելով Թուրքիայի եւ արեւմտյան հանրության հարաբերության հակասականությունը:

Սակայն, Արեւմուտքն ունի սպասումների նման “հրահանգ”, եւ դա ստիպված են հաշվի առնել Հարավային Կովկասի երկրները եւ Ռուսաստանը: Միաժամանակ, թերեւս տեղի է ունեցել բավական կարեւոր իրադարձություն` ԱՄՆ սկսել է ծավալել իր գեոռազմավարությունը Սեւծով-Կովկասի տարածաշրջանում, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայում, եւ այդ քաղաքականության շրջանակներում ԱՄՆ-ին հաջողվել է ինչ որ սկզբունքային բան պայմանավորվել Թուրքիայի հետ: Դա, անշուշտ, կհանգեցնի Թուրքիայի ու Ռուսաստանի որոշ հեռացման միմյանցից, ինչպես նաեւ Ռուսաստանի` Ադրբեջանից լիակատար եւ երկարատեւ դուրս մղման, ինչը հաստատում է մեր նախորդ կանխատեսումը` Թուրքիայի հանդեպ ռուսական քաղաքականության տապալման մասին:

Լիովին հասկանալի է, որ Մեդվեդեւի թիմը կոմբինացիոն գործողությունների մարդիկ չեն, եւ Ռուսաստանի ԱԳՆ-ում ՌԴ նախագահը ոչ միշտ է գտնում իր մտադրությունների ըմբռնում, ոչ արեւմտյան, ոչ էլ արեւելյան ուղղություններով: Ստեղծված իրավիճակում, երբ Թուրքիան, ինչպես եւ Ռուսաստանը, Արեւմուտքի հետ հարաբերություններում, ինչպես նաեւ ընդհանրապես արտաքին աշխարհի հետ հարաբերություններում կրել է բավական խոշոր անհաջողություն, հնարավոր է հանգել է իր պահեստային խնդրին` Ադրբեջանին մղել ռազմական գործողությունների վերսկսմանը, իհարկե, առանց իր անմիջական մասնակցության:

Ընդ որում, Թուրքիային չի հետաքրքրում Ադրբեջանի “հաղթանակը” կամ “պարտությունը”, նրան հետաքրքրում է այն, որ ցույց տա տարածաշրջանում իր դոմինանտությունը, որտեղ հենց իր փոխանցմամբ կարող է սկսել ու ավարտվել պատերազմը: Ինչպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասով, Ադրբեջանը թուրքական քաղաքականության համար պահեստային տարբերակ է: “Ներադրբեջանական” եւ “թուրքական տարածաշրջանային” գործոնների համատեղումը պատերազմի հնարավոր վերսկսման մասով բավական շատ է:

Միեւնույն ժամանակ, ԱՄՆ ակտիվորեն մշակում են Հարավային Կովկասի երկրների համար դերերի ֆունկցիոնալ բաժանման տարբերակը: Վրաստանը, որ կորցրել է գործընկերոջ գործառույթը, դարձել է ընդամենը տրանզիտային երկիր, համակերպվելով տարածքների կորստին: Հայաստանն այլեւս չի դիտարկվում որպես բացառապես Ռուսաստանի գործընկեր, այլ դարձել է կարեւորագույն գործոններից մեկը Թուրքիայի էսպանսիան զսպելու ամերիկյան տարածաշրջանային քաղաքականության մեջ, ինչպես նաեւ հավասարակշռող տարածաշրջանում: Ադրբեջանը կորցրել է ռազմավարական “նավթային տակառի” եւ նավթի ու գազի տրանզիտային պետության դերը, ու ԱՄՆ քաղաքականության մեջ ստանում է զինված ուժերի բազավորման դեր: Այս ամենն իր ամբողջության մեջ կարող է համարվել “երրորդ ուժի” առաջացում Սեւ ծովում եւ Հարավային Կովկասում, - ասել է Իգոր Մուրադյանը:


No comments: