Sunday, July 3, 2011

Hurriyet Daily News: Անհրաժեշտ է քաղաքական կամքով հիմնավորված բարի կամք

News.am. 3-7-2011- NEWS.am-ը մասնակի կրճատումներով ներկայացնում է Յուսուֆ Կանլըի «Անհրաժեշտ է քաղաքական կամքով հիմնավորված բարի կամք» հոդվածը` հրապարակված թուրքական Hurriyet Daily News and Economic Review պարբերականում:
Թուրքիան պնդում է, թե մեծ հարգանք է տածում մտքի ազատության նկատմամբ: Ես գիտեմ, որ այդ պնդումը նման է կատակի: Այն այսօրվա ցավալի կատակներից է:
Մոտ տասը տարի առաջ այսօրվա վարչապետ Էրդողանը չկարողացավ առաջադրվել խորհրդարանական ընտրություններում, որովհետեւ հանրային հավաքի ժամանակ բանաստեղծություն ասմունքելու համար մի քանի ամիս անցկացրեց բանտում: Այսօր կան ավելի ցավալի օրինակներ:
Օրինակ` Թուրքիայում այսօր բանտում է 68 լրագրող, եթե հաշիվը չեմ կորցրել: Հայաստանի հետ խաղաղության եւ եղբայրության ցանկությունը խորհրդանշող Կարսի կոթողը վարչապետի ճաշակով չէր եւ այն Էրդողանի հրամանով քանդեցին: Պատգամավոր ընտրված մեկը զրկվեց ընտրված լինելու իրավունքից եւ այլախոհության համար 20 ամսվա ազատազրկում ստացավ:
Նոր խորհրդարանի ութ ընտրյալներ չեն կարողանում պատգամավորի երդում տալ, քանի որ քրդերի իրավունքների պաշտպանության համար բանտարկված են: Նրանցից մի քանիսը մեղադրվում են կառավարությունը տապալելու դավադրության մեջ: Նրանք բռնի գործողությունների չեն մասնակցել, սակայն այս երկրում հատուկ լիազորություններով դատախազներն ունեն մարդկանց մեղադրելու ու բանտարկելու լիազորություն: Իսկ քանի դեռ այդ դատախազներն ապացույցներ են հավաքում, նրանք փտում են բանտում:
Նախագահ Գյուլը միջամտել է այդ ութ ընտրյալ պատգամավորների բանտարկության պատճառով քաղաքական ճահճից դուրս գալու ելք փնտրելու համար: Հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին Գյուլն ասել է, որ կմիջամտի, կհանդիպի նաեւ խորհրդարանը բոյկոտող քրդամետ պատգամավորների հետ եւ դարձյալ կանի նույն հավաստիացումը:
Հայտնի չէ, թե ինչպես կանի դա Գյուլը, քանի որ նույն պահին Էրդողանը հայտարարեց, որ անկախ բոյկոտից խորհրդարանը կձեւավորի հանձնաժողովներ եւ կսկսի աշխատանքը:
Հայտնի չէ, թե ինչպես Թուրքիան կգրի նոր, քաղաքացիական եւ ժողովրդավարական սահմանադրություն, եթե իշխող կուսակցությունն առանց փոքրամասնության պահանջները լսելու փորձում է շարժվել առաջ, իսկ փոքրամասնության կուսակցության ձայնը հաշվի առնելը համարում է ոչ թե հաշտեցում, այլ զիջում: Հիմնախնդիրը կլուծվի, եթե բարի կամքը հիմնավորվի քաղաքական կամքով:

No comments: