Friday, August 26, 2011

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՂՄԿՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ԱՂԱՆԴՆԵՐԸ

«ԱԶԳ», 26-08-2011- Հայ առաքելական եկեղեցու եւ հայրենասիրական կազմակերպությունների ջանքերով վերջապես հայ ժողովրդի մեջ հստակ պատկերացում է ձեւավորվել աղանդների գոյության ու նրանց պառակտիչ գործունեության մասին: Ավելի հաճախ են մարդիկ արտահայտում իրենց վրդովմունքը աղանդների գործունեության հանդեպ: «Աղանդ» բառը «հերձված», «պառակտիչ», «բաժանող», «քայքայիչ» եւ այլ բառերի հետ ժողովրդի մեջ ընկալվում է նաեւ որպես «դավաճան» բառի հոմանիշ:
Բայց աղանդներն ու նրանց ազդեցության տակ ընկածներն էլ ձեռքերը ծալած չեն նստում: Այս ամենը շատ լավ տեսնելով եւ հասկանալով, հիմա էլ, իրենք իրենց խաբելով փորձում են մեր բարեպաշտ ու եկեղեցասեր ժողովրդին համոզել, թե Հայաստանում աղանդներ չկան, բոլորն էլ անմեղ կրոնական փոքրամասնություններ են, եւ ժողովրդավարությունը պահանջում է, որ բոլոր կրոնական կազմակերպությունները Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ օժտված լինեն հավասար իրավունքներով:
Խղճի ազատության ու կրոնական կազմակերպությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) եւ Հայ առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին ՀՀ օրենքները նույնքան ռազմավարական նշանակություն ունեն, որքան, ասենք, ՀՀ զինված ուժերի մասին օրենքը: Ամբողջ աշխարհին է հայտնի, որ հայ ժողովրդի պատմության մեջ մեր հաղթանակների ակունքում թագավորել եւ իշխում է հայ զինվորի մարտական ոգին` միահյուսված հայկյան վճռականությամբ, վարդանյան հավատքով ու նժդեհյան գաղափարախոսությամբ:
Ուստի, Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու միջեւ ներկայիս ողջամիտ հարաբերությունները, որ ամրագրված են համապատասխան օրենքով, բացի աղանդներից, ուրիշ որեւէ անհատի կամ կազմակերպության մտահոգելու առիթ չեն տալիս: Եթե, այդուհանդերձ, թվացյալ ժողովրդավարությունը պահանջում է կատարել բարեփոխումներ, հարցը նպատակահարմար է քննարկել ազգային, պետական ու հոգեւոր անվտանգության դիրքերից ու տեսակետից, ինչը համահունչ է նաեւ իրական ժողովրդավարության սկզբունքներին:
Տեսակետ կա, որ Հայ առաքելական եկեղեցուց դուրս գտնվող բոլոր կրոնական կազմակերպությունների հետեւորդները աղանդավորականներ են: Բնականաբար ես չեմ ընդունում այդ տեսակետը. ինչպե՞ս կարելի է, օրինակ, աղանդավորական համարել մեր երկրում ապրող ուղղափառ եկեղեցիների հետեւորդներին կամ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու, հայկական Մխիթարյան միաբանության հետեւորդներին եւ այլն:

«Կրոնական փոքրամասնություն» եւ «աղանդ» հասկացությունները մեկը մյուսից շատ տարբեր են: Նույնացնելը կարող է ոգեւորել ու հնարավորություն տալ աղանդներին (քաղաքական, մշակութային, տնտեսական, բժշկական, բարեգործական եւ այլն), քողարկել իրենց հակաեկեղեցական ու հակաժողովրդավարական գործունեությունը «կրոնական փոքրամասնություն» ու «ժողովրդավարություն» հասկացությունների տակ եւ իրականացնել իրենց գերնպատակը` հիմնովին խզել հայ ժողովրդի կապը Հայ առաքելական եկեղեցու հետ, կոտրել հայ ժողովրդի մարտական ոգին եւ այդպիսով խարխլել հայկական պետականության հիմքերը:

Անվիճելի է, որ պետք է շարունակել հարգալից վերաբերմունք ցուցաբերել եւ ազատ ու անկաշկանդ գործունեություն ծավալելու հնարավորություն տալ Հայաստանում գործող կրոնական փոքրամասնություն համարվող բոլոր ավանդական ու կանոնական եկեղեցիներին (սակայն ոչ երբեք աղանդներին), որովհետեւ Հայաստանից դուրս Հայ առաքելական եկեղեցին նույնպես իրավամբ համարվում է կրոնական փոքրամասնություն ու հիմնականում ազատ է գործում եւ արժանիորեն վայելում է լիարժեք հարգանք:

Ուրեմն զգոն լինենք մեր միասնականությամբ ու անսասան հավատքով: Առաքելական մեր Մայր եկեղեցու հետ մարտնչենք բոլոր հայտնի ու անհայտ աղանդների ու թշնամիների դեմ, որոնք ուզում են մեր իրավունքները սահմանափակելու հաշվին ավելացնել իրենց իրավունքները եւ խաթարել մեր ինքնությունը, կամքն ու հավատքը:
ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, Աստվածաբան

No comments: