Tuesday, August 16, 2011

Ո՞ւմ բաժին կհասնի Ռուսաստան- Հայաստան գազատարը

News.am. 16-8-2011- Վրաստանի կառավարությունը վերջապես հստակեցրեց, թե ինչպես է իրականացնելու Ռուսաստանից Հայաստան ձգվող մայրուղային գազատարի սեփականաշնորհումը: Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրիի անցյալ շաբաթ կատարած հայտարարության համաձայն` Նավթի եւ գազի միջազգային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը վաճառքի կհանվի Նյու Յորքի, Լոնդոնի եւ Վարշավայի բորսաներում: Այդ կորպորացիայի կազմում ներառված է նաեւ Ռուսաստանից Հայաստան ձգվող գազատարի 221 կմ-ոց հատվածը:
Արդյո՞ք այս որոշումը Երեւանին անհանգստանալու առիթներ պետք է տա: Նախ նշենք, որ բորսայական սեփականաշնորհումը միանգամայն ընդունելի է Հայաստանի համար: Մեզ համար անընդունելի կլիներ, եթե գազատարը վաճառեին ուղղակի կամ մրցույթի ձեւով, ինչը ադրբեջանական SOCAR-ին հնարավորություն կտար գնել այն: Բաժնետոմսերի բորսայական շրջանառության դեպքում հավանականությունը չնչին է, որ բոլոր առաջարկվող բաժնետոմսերը բաժին հասնեն մեկ ընկերության, նույնիսկ եթե այդ ընկերությունը շատ բարձր գին առաջարկի: Հնարավոր է` ադրբեջանական ընկերությունը իսկապես էլ ձեռք բերի բաժնետոմսերի որոշ մասը, ենթադրեք` 1-2 տոկոսը, բայց չմոռանանք, որ դրանց նկատմամբ հետաքրքրություն կա նաեւ ռուսական ու ղազախական ընկերությունների կողմից, իսկ միջազգային շուկայում հնարավոր է` կհայտնվեն այլ հետաքրքրվողներ եւս: Նույնիսկ «Հայռուսգազարդը» չի թաքցնում իր հետաքրքրությունը այս բաժնետոմսերի նկատմամբ: Այն հանգամանքը, որ վաճառքի է հանվում ոչ թե հսկիչ փաթեթը, այլ բաժնետոմսերի ընդամենը 25 տոկոսը, կարող է այնքան էլ գրավիչ չթվալ ներդրողներին: Համենայնդեպս` ադրբեջանական մամուլում բավական սառն են վերաբերում բաժնետոմսերը բորսայում վաճառելու գաղափարին, այնտեղ դեռեւս հույս ունեն, որ խոսքը գազատարին չի վերաբերի:
Նշենք, որ Նավթի եւ գազի միջազգային կորպորացիան մոնստր կազմակերպություն է, որը միավորում է մի շարք ընկերություններ: Դրանք են` Վրացական միջազգային նավթային կորպորացիան, Վրացական միջազգային գազային կորպորացիան (այս ընկերությունն էլ իրականացնում է մայրուղային գազատարի կառավարումը) եւ «Գրուզնեվթը»: Ինչպես տեսնում ենք` գազատարը այս վիթխարի կորպորացիայի ակտիվների փոքր մասն է, որոշումը նույնիսկ ուղղակիորեն գազատարին չի էլ վերաբերում, այն կարող է ցանկացած պահի հանվել այդ ակտիվների կազմից:
Նշենք, որ գազատարի այդ հատվածը տնտեսական լուրջ շահաբաժիններ չի խոստանում՝ միակ եկամուտը Հայաստան մատակարարված գազի այն 10 տոկոսն է, որ Ռուսաստանը թողնում է Վրաստանին տրանզիտի համար։ Սա մոտավորապես կազմում է տարեկան 150-200 մլն խոր. մետր գազ, որը միջազգային գներով համարժեք է 40-45 մլն դոլարին: Հաշվի առնելով, որ գազը Վրաստանի ներքին շուկայում շատ ավելի էժան է գնահատվում, գազատարի իրական եկամուտները շատ ավելի չնչին են: Սա խոսում է այն մասին, որ ապագա ներդրողները Նավթի եւ գազի կորպորացիայի բաժնետոմսերից առանձնապես մեծ շահաբաժիններն չպետք է սպասեն: Միակ առավելությունն այն քաղաքական դիվիդենտներն են, որ կստանա ներդրողը, սակայն դա դեռեւս բորսայական տեղաբաշխման հաջողության երաշխիք չէ:
Սամվել Ավագյան

No comments: