Monday, September 12, 2011

9/11-ի ռուսական վարկածը

«Լրագիր» 12-9-2011- Սեպտեմբերի 11-ին լրացավ Նյու Յորքի ահաբեկությունների 10 տարին: 2001 թ. սեպտեմբերի 11-ին այդ ահաբեկություններին զոհ գնաց 3000 մարդ: Համաշխարհային լրատվամիջոցների երեկվա հիմնական թեման այդ ահաբեկություններն էին, դրանց հետեւանքները: Այս առումով բավական հետաքրքիր էին Ռուսաստանի հիմնական հեռուստաընկերությունների մեկնաբանությունները:
Ռուսական համապետական երեք՝ առաջին, НТВ եւ РТР հեռուստաընկերությունների կիրակնօրյա վերլուծական թողարկումներն աչքի ընկան առաջին հերթին նրանով, որ երեքն էլ, ակնհայտորեն նույն կենտրոնի հրահանգով, փորձում էին ապացուցել, որ Նյու Յորքի ահաբեկությունների հեղինակը ոչ թե Ալ Կաիդան էր, այլ ամերիկյան հատուկ ծառայությունները: Համենայնդեպս, թե Հետաքննությունների ֆեդերալ բյուրոն, թե ԿՀՎ-ն տեղյակ են եղել դրանց եւ չեն կանխել, ասում էին ռուս մեկնաբանները: Նաեւ նշվում էր, որ դրա նպատակն այն էր, որ ամերիկյան զորքը մտցվի Իրաք եւ Աֆղանստան: Ըստ ռուս մեկնաբանների, տեղի է ունեցել ամերիկացիների ուղեղների լվացում, որպեսզի վերջիններս չբողոքեն պատերազմի դեմ:
Ռուս մեկնաբանները հիշել էին Պեռլ Հարբորի իրադարձությունները, երբ երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ճապոնիայի ավիացիան հարձակվեց ամերիկյան ռազմաբազայի վրա եւ ոչնչացրեց այն: Դրանից հետո Ամերիկան մտավ պատերազմի մեջ: Այս դեպքում եւս նշվում էր, որ ամերիկյան հետախուզությունը տեղյակ էր ճապոնացիների հարձակման մասին, սակայն ոչինչ չէր ձեռնարկվել դա կանխելու համար: Այդ ժամանակ էլ Ամերիկան գնաց գիտակցված զոհերի, որպեսզի մտնի պատերազմի մեջ:
Հաջորդ հետաքրքիր թեզը, որ միաբերան պնդում էին ռուսաստանյան հեռուստաընկերությունները, այն էր, որ այդպիսով ամերիկացիները դուրս եկան մուսուլմանական աշխարհի դեմ: Այս թեզը հատկապես շեշտվում էր, մյուս կողմից փորձելով ցույց տալ, որ Ռուսաստանը, հակառակը, մուսուլմանների համար ստեղծում է բոլոր պայմանները եւ առավել հանդուրժող է:
Իհարկե, դժվար է ասել, թե որքանով է ճիշտ ռուսական քարոզչամեքենան: Շատ հնարավոր է, որ նրանց ասածների մեջ միայն ճշմարտություն է: Սակայն, կան մի շարք հանգամանքներ, որոնք արժեզրկում են այդ «ճշմարտությունները», մարգինալացնում ներկայում առանց այդ էլ մարգինալացված ռուսական քաղաքականությունը (հետաքրքիր է, որ ռուս մեկնաբաններն իրենք էլ էին նշում, թե այն ամենը, ինչ չի տեղավորվում Նյու Յորքի իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական վարկածի շրջանակում, սպառնում է դրանց հեղինակների մարգինալացմամբ):
Ընդ որում, այդ մարգինալացմանը զուգահեռ, Ռուսաստանում լայնորեն տարածում է ստանում առանց այն էլ դարեր շարունակ մեծ տարածում ունեցող «դավադրության տեսությունը»: Արտաքին ու ներքին ասպարեզում շարունակական ձախողումները, համաշխարհային զարգացումներին անհամարժեք լինելը սքողելու համար ռուսաստանյան քաղաքական-քարոզչական շրջանակները նոր թափով են լծվել այդ տեսության զարգացմանը: Դա արդեն վեր է ածվել բարդույթի, անգամ Ռուսաստանի էլիտայի ամենաբարձր մակարդակներում:
Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ Ռուսաստանը փորձում է համաշխարհային քաղաքականության մեջ ստանձնել մուսուլմանական աշխարհի առաջնորդի դերը: Մոսկվան ոչ վաղ անցյալում արդեն հայտարարվել է մուսուլմանական աշխարհի մայրաքաղաք:

No comments: