Saturday, September 17, 2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՄՆ-Ի ՈՒ ԱՇԽԱՐՀԻ ԱՆՈՒՆԻՑ ԽՈՍՈՂ ԱՄԵՐԻԿԱՑԻՆ

Azg.am-17-9-2011-Միացյալ Նահանգները շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ` Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ բանակցությունների շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնության հասնելու նպատակով: Վաշինգտոնում Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում Հարավային Կովկասում անկախության 20-ամյակին նվիրված կոնֆերանսում այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով վարչության տնօրեն Ջասթին Ֆրիդմանը:
Ֆրիդմանը մասնավորապես նշել է, որ Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանում հարավկովկասյան երկրների ինքնիշխանության «առաջխաղացման» քաղաքականություն է վարում, որպեսզի տարածաշրջանն ապրի խաղաղ, զարգանա` պաշտպանելով մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները:
«Հարավային Կովկասում հատվում են երեք գերտերությունների` Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի շահերը, որոնք տարածաշրջանում տարբեր ու հակասող հետաքրքրություններ ունեն», տարածաշրջանում ամերիկյան շահի ու անգամ, որոշ առումով, Վրաստանի ներկայության մասին մոռանալով ասել է Ֆրիդմանը:
Տարածաշրջանային հաջողություններից պետքարտուղարության ներկայացուցիչը առանձնացրել է նավթագազային խողովակները, Վրաստանի` «կոռումպացված պետությունից թափանցիկ կառավարման ու իրավունքի գերակայությամբ երկիր» անցումը: «ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցման գործընթացին, ինչպես նաեւ Վրաստանի ինքնիշխանությանը», ասել է Ֆրիդմանը:
Այսպիսի «լավատեսական» ու «դրական» գնահատականների կողքին, ըստ էության ԱՄՆ պետքարտուղարության աշխատակից հանդիսացող մեկ այլ ամերիկացի` Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Կիտ Բինը ադրբեջանական լրատվամիջոցներից 1news.az կայքէջին տված հարցարզույցը շփոթել է WikiLeaks-ում հայտնվող ամերիկյան հաղորդագրությունների հետ: Մասնավորապես, ըստ ադրբեջանական կայքէջի մեջբերման, որ ամենայն հեշտությամբ կարող է գոյություն ունենալու իրավունք չունենալ, Բինը մեկնաբանել է ԱՄՆ Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի հետ կոնգրեսականների հանդիպումը:
Բավական չէ, որ պետքարտուղարության ներկայացուցիչը խառնել է իր դերը ամերիկյան օրենսդիրների դիրքորոշման հետ, նա նաեւ կարծիք է հայտնել Հայաստանի ու ընդհանրապես աշխարհի երկրների անունից: Հաստատապես կարիք կա, որ ոչ միայն ամերիկացի կոնգրեսականները, այլեւ Հայաստանի ներկայացուցիչները ամերիկացի Բինին հիշեցնեն, որ բնավ էլ իր դերն ու գործը չէ նման մեկնաբանություններ անելը:
Այդուհանդերձ, Բինը նշել է. «Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Հայաստանը եւ աշխարհի ոչ մի երկիր չի ճանաչում այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:
Անգամ ԱՄՆ պետքարտուղարության աշխատակցի համար սա առավել քան շատ է:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: