Wednesday, September 14, 2011

Բաքուն և Թբիլիսին կբողոքեն Սարկոզիին, իսկ թե ինչ կասի Երևանը, առայժմ պարզ չէ. НГ

Tert.am. 14-9-2011- Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին պատրաստվում է այցելել Հարավային Կովկաս։ Այցի կոնկրետ ամսաթվի մասին առայժմ ոչինչ հայտարարված չէ, սակայն դատելով հարավկովկասյան երեք երկրների մայրաքաղաքաների մեկնաբանություններից՝ կարելի է ասել, որ Անդրկովկասում կարևորում են Սարկոզիի այցը։ Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետան»՝ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահի՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան կատարելիք այցելությանը։
«Թբիլիսիի և Բաքվի հետ ամեն ինչ քիչ թե շատ պարզ է. Վրաստանը կբողոքի Մեդվեդև–Սարկոզի համաձայնությունը խախտող Ռուսաստանից, ըստ որի, նախատեսվում է զորամիավորումները հետ քաշել մինչև 2008թ. գոյություն ունեցող դիրքերը։ Եվ, իհարկե, կհիշեցնի հյուրին Վրաստանի՝ եվրոպական կառույցներին ինտեգրվելու առնչությամբ տված խոստումների մասին»,– գրում է թերթը:
«Ադրբեջանը նույնպես կբողոքի Ռուսաստանից, որը, հանդես գալով խաղաղարարական առաքելությամբ, Բաքվի կարծիքով չի կարողանում (չի ցանկանում) Հայաստանին ստիպել զիջումների գնալ։ Ադրբեջանը նշել է փոփոխությունների անհրաժեշտության մասին և, հավանաբար, դեմ չի լինի, եթե նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի Ֆրանսիան, որը պատրաստ է եռակողմ բանակցային ձևաչափում փոխարինել Ռուսաստանին։ Փարիզը եղբայրական Անկարան չէ, սակայն ավելի վատ չի լինի։ Բացի այդ, նրան կարելի է ինչ–որ բան խոստանալ կասպյան պաշարներից, այն դեպքում, երբ տարածքային ամբողջականության վերականգնման դիմաց Մոսկվային ցանկացած քանակությամբ պաշարների տրամադրման խոստումների դեպքում գործը տեղից չշարժվեց»,– գրում է НГ–ն։
Նշելով, թե առայժմ հայտնի չէ՝ Սարկոզիի այցի ընթացքում ինչի մասին են խոսելու Փարիզն ու Երևանը, թերթը գրում է. «Իսկ թե ինչ կլինի Երևանում, առայժմ մշուշոտ է։ Ֆրանսիան միջազգային ասպարեզում Հայաստանի մոտ գործընկերն է Ռուսաստանից հետո։ Սակայն վերջերս հարաբերությունները ենթարկվեցին փորձության. հակառակ Ֆրանսիայի հայ համայնքի հետ ձեռք բերված համաձայնությանը՝ Սարկոզին հանկարծ սկսեց անել հնարվորը Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը տապալելու համար։ Հարվածը հասցվեց այն պահին, երբ Ռուսաստանն իր ձեռքն էր վերցրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նախաձեռնությունը։ Իսկ դա կարող էր ակնարկ լինել Երևանին նման սցենարի անցանկալիության մասին։ Հայաստանն սկսեց դիսկոմֆորտ զգալ»։
НГ–ն, հայ–ռուսական հարաբերությունների ֆոնին վերլուծելով Ֆրանսիայի և Հայաստանի միջև առկա հարաբերությունները, ենթադրում է, որ Սարկոզիի այցի ժամանակ Երևանը կհիշի կոմպլեմենտարիզմի քաղաքականության մասին։
«Չի բացառվում, որ Երևանը «հիշի» պետական հայեցակարգում ընդգրկված Ֆրանսիային «ուղղված» կոմպլեմենտարիզմի քաղաքականության մասին, որը, ինչպես նշվել է, դեմ չէ զբաղվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու միջոցով», – գրում է թերթը։

No comments: