Thursday, September 29, 2011

Հայաստանն իր ռազմական արտադրանքը կհանի միջազգային շուկա

Tert.am. 28-9-2011- Հայաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել ռուսական РИА-Новости լրատվական գործակալությանը, որում, մասնավորապես, հայտնել է, որ Խորհրդային տարիներին Հայաստանում ռազմական նշանակության վերջնական արտադրանք չի թողարկվել, սակայն ռազմաարդյունաբերական ձեռնարկություններ շատ են եղել։
«Որոշ գնահատականներով, համամիութենական ռազմական էլեկտրոնիկայի մինչև 40%-ը արտադրվել է Հայաստանում։
90–ականներին ստեղծել ենք արտադրական հզորություններ, որոնք կարող են բավարարել հրազենային պահեստամասրի և որոշ հրետանային համակարգերի համար անհրաժեշտ պահեստամասերը։
Ներկայում քիչ չեն սեփական կարիքների համար ռազմական տեխնոլոգիաների մշակումները, որոնք արդեն սերիական արտադրության մեջ են։ Դրանցից մի քանիսը մտադիր ենք շուկա հանել։ Օրինակ, «ОСА-АК» և «С-125» հակաօդային պաշտպանության համակարգերի ռադիոտեխնիկական համակարգերում կիրառվող բարձր հաճախականության ուժեղացուցիչներ, հակաօդային պաշտպանության և ռադիոտեղորոշիչ համակարգերի՝ շարժական թիրախների սելեկցիայի համակարգեր, փոքրածավալ ռադիոտեղորոշիչ կայաններ, հրետանային հետախուզության օպտիկաէլեկտրոնային համակարգեր, տեղեկատվության գաղտնիացման սարքավորումներ և այլն», – ասել է Տոնոյանը։
Երևանյան զորահանդեսին ներկայացված հայկական արտադրության «Կռունկ» անօդաչու սարքերի՝ միջազգային շուկայում ներկայացվելու մասին հարցին Տոնոյանը պատասխանել է։
«Արդեն մի քանի տարի մեր գիտահետազոտական ինստիտուտներն ու ռազմաարդյունաբերական ձեռնարկությունները տարբեր տեսակի անօդաչու սարքեր են մշակում, որոնց թվում կառանձնացնեի «Կռունկ–25» մոդելը։ Բոլոր անօդաչու սարքերը հաջողությամբ օգտագործվում են զորքերում` տեղեկություններ հավաքելու և հետախուզության համար և մենք կարծում ենք, որ մեր մշակումները կարող են մրցունակ լինել միջազգային շուկայում։
Քիչ չէին մեկնաբանությունները, թե ինչպես է Հայաստանը իր սահմանափակ ռեսուրսներով շատ արագ նման հեռանկարային զինատեսակի արտադրություն սկսել։ Ուղղակի ճիշտ ժամանակին վերանայվել էր կադրային քաղաքականությունը, իսկ մասնագետները կարողացել են ճիշտ կազմակերպել իրենց գործը։ Բացի այդ, կյանքն է ստիպել։ Մեր սահմաններում այս տեխնիկան շատ անհրաժեշտ է, քանի որ չունենք արբանյակային խմբեր»։

No comments: