Saturday, September 10, 2011

Թուրք-եգիպտական դաշինք չի կարող լինել

«Լրագիր» 9-9-2011- Քաղաքագետ Իգոր Մուրադյանը lragir.am-ի խնդրանքով մեկնաբանել է Եգիպտոսի եւ Թուրքիայի դաշինքի վերաբերյալ տեղեկությունները
Իսրայելի լրատվամիջոցներում ըեղեկություններ են հրապարակվել, թե Անկարան եւ Կահիրեն պատրաստվում են կնքել ռազմական եւ տնտեսական դաշինքի մասին համաձայնագիր Թուրքիայի վարչապետ Էրդողանի հաջորդ շաբաթվա մեջ նախատեսվող այցի ժամանակ: Իհարկե, այն, որ իսրայելցիներն ԱՄՆ-ին «զգուշացնում են» Եգիպտոսի ու Թուրքիայի բավական էքստրավագանտ մտադրությունների մասին, վատ չէ, առավել եւս, որ թե Թուրքիան, թե Իսրայելը գտնվում են սեփական արտաքին քաղաքական հետագա ծավալման ուղիների որոնումների մեջ, ինչն իսկապես կարող է հանգեցնել անսպասելի արդյունքների:
Սակայն դաշինք ստեղծելու մտադրությունների մասին խոսելն անհեթեթ է: Ոչ վաղ անցյալում Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան միավորել էին իրենց ջանքերը՝ կանխելու թուրքական էքսպանսիան Մերձավոր Արեւելքում, եւ առաջին հերթին թույլ չտալու Թուրքիայի դիրքերի ուժեղացում Սիրիայում եւ Իրաքում:
Լիովին հավանական է, որ արաբական քաղաքական էլիտան ներկայում, ինչպես երբեք, տարանջատված է, եւ նկատվում է խոր ճգնաժամ արաբ գործիչների՝ արաբական աշխարհի մոտ ապագայի վերաբերյալ պատկերացումներում: Տվյալ իրավիճակում հնարավոր են պետությունների միջեւ զանազան մանեւրներ եւ համաձայնություններ: Եգիպտական հեղափոխությունը, ավելի ճիշտ՝ քաղաքական հեղաշրջումը, պայմանավորում է այդ երկրի տարբեր խմբերի ձգտումները՝ խմբագրումներ կատարել ներքին ու արտաքին քաղաքականության մեջ: Ավելի ճիշտ, նրանք կցանկանային ցուցադրական քաղաքականություն եւ հաստատել ինչ որ նոր կաղապարներ Եգիպտոսի դիրքորոշման մեջ:
Պետք է նշել, որ Թուրքիան, Եգիպտոսը եւ Սաուդյան Արաբիան, Թուրքիայի հակազդման քաղաքականության կողքին, մտահոգ են Իրանի քաղաքականությամբ, որի դիրքերը Մերձավոր Արեւելքում զգալիորեն ավելի ուժեղ են, քան Թուրքիայինը:
Ներկայում, երբ Մերձավոր Արևելքում Թուրքիայի քաղաքականությունը պարտություն է կրել Լիբիայի, Սիրիայի իրադարձությունների և քրդերի գործունեության հետևանքով, արաբական 2 առաջատար պետությունները կարող են իրենց թույլ տալ նոր խաղ առաջարկել` այժմ արդեն շեշտը դնելով Իրանին հակադարձելու վրա: Արաբական վերնախավը, դիրքորոշումների ու հայացքների տարբերություններով հանդերձ, հիմնականում համոզված է, որ Իրանն արաբական աշխարհում լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ մտցնելու և այն իր շահերին ենթարկելու նպատակներ է հետապնդում: Այսպես թե այնպես, իրանական գործոնը վճռորոշ կարող է դառնալ Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև որոշակի համաձայնություններում:
Ամեն դեպքում, ոչ թե Իսրայելը, այլ հենց Իրանը կարող է դառնալ Եգիպտոսի և Թուրքիայի որոշակի մերձեցման պատճառը: Սակայն, պնդել, որ այս 2 պետությունների միջև հարաբերությունները կարող են դաշինքի բնույթ ստանալ, կամ ավելորդ նախազգուշանալու, կամ էլ ուռճացված ազդանշան ամերիկացիներին տալու նպատակ ունեն:
Արաբական պետությունների մեծամասնությունից, եթե ոչ բոլորից, արմատապես տարբերվող Եգիպտոսը համալսարանների և վերլուծական կենտրոնների երկիր է եւ ունի ուժեղ զինված ուժեր և հետախուզական ծառայություններ:
Եգիպտական վերնախավը ժամիշխան ու մարիոնետ չէ, ինչը ցույց է տվել 2011 թ եգիպտական հեղափոխությունը: Չնայած քաղաքականության մեջ նշանակալի փոփոխություններին, Եգիպտոսը եւ Թուրքիան շարունակում են մնալ ԱՄՆ գործընկերները և չեն կարող հեռանալ Վաշինգտոնից: Մերձավոր Արևելքում թուրքական էքսպանսիան զսպելու ամերիկացիների դիրքորոշումը միանշանակ է, եւ ԱՄՆ-ն սերտ համագործակցել է Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի հետ այդ հարցում: Եգիպտոսը շարունակում է պահպանել իր պարտավորությունները ԱՄՆ և Արեւմուտքի, ինչպես նաեւ ողջ արաբական էլիտայի առջեւ, իսկ նման “համակարգից դուրս” որոշման մասին, ինչպիսին է Թուրքիայի ու Եգիպտոսի դաշինքը, խոսելը պարզապես ծիծաղելի է: Եգիպտոսում իշխանության է մնում նախկին քաղաքական ու վարչական էլիտան, որը հասկանում է, որ իրենց երկրի համար գլխավորը ներկայիս միջազգային և տարածաշրջանային կարգավիճակը պահպանելն է: Տարածաշրջանում արգելափակման նոր պայմանների ձեւավորումը և “կրկնակի զսպման” քաղաքականության վարումը, հաշվի առնելով Թուրքիայի և Իրանի հավակնությունները եւ միաժամանակ մի քանի շեշտադրումների հերթագայությամբ հանդերձ, իրապես ակտուալ քաղաքականություն է Եգիպտոսի համար:

No comments: