Thursday, September 8, 2011

Թույլի սերը նենգ է

Մեր զրուցակիցն է Ստեփան Դանիելյանը

-Ստեփան, եթե ամփոփենք անկախության քսանամյակը, ըստ Ձեզ, ռուսաֆիլությունը կամ ռուսասիրությունը որքանո՞վ նահանջ ապրեց կամ որքանո՞վ խորացավ մեզ մոտ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դանդաղ, բայց, այնուամենայնիվ, ռուսամետ քաղաքականությունը մեզանում նահանջ է ապրում:
-Եթե անկեղծ արտահայտվեմ, ինձ համար ռուսաֆիլություն և հակառուսություն նույն արատի երկու տարբեր կողմերն են, որովհետև ինչպես ռուսասիրությունն է աննորմալ երևույթ, այնպես էլ հակառուսությունն է աննորմալ երևույթ: Իրականում ամեն ինչ ավելի բարդ է և խորը: Ցանկացած ժողովուրդ ունենում է որոշակի մտածողության սխեմաներ, որոնք պարբերաբար արտահայտվում են տարբեր պատմական ժամանակաշրջաններում: Այդ սխեմաները փոխելը շատ դժվար է: Եթե այսօր դա ռուսաֆիլություն է, վաղը կարող է լինել ամերիկաֆիլություն, ժամանակին կար մոնղոլաֆիլություն(մեր պատմաբանները, չգիտես ինչու, դրա մասին չեն սիրում հիշել), այսինքն`սա հաշմանդամի հոգեբանություն է, որն իր կենսագործունեության համար ուրիշի օգնության կարիքն ունի, ով իր պաշտպանությունն արտաքին վտանգների դեմ պայմանավորում է օտար ուժով: Ես չէի ասի` հայերը ռուսներին սիրում են: Հայերը որոշակի պատճառներով այսօր այդ ուժը համարում են Ռուսաստանին, վաղը այս տարածաշրջանում կարող են ամենահակառուսական ուժը դառնալ, որովհետև միշտ սերն ու ատելությունը իրար մոտ են գտնվում: Իսկ թույլի սերը ոչ միայն էգոիստական է, այլ հաճախ` նենգ:

-Այսինքն` փոքր ժողովուրդները միշտ ունենում են ավագ եղբոր կարի՞ք, նման սխեմաներ են գտնում գոյատևելու համար:
-Չեչեններն էլ են փոքր ժողովուրդ, ավելի փոքր, քան հայրերը, բայց կարծես թե ոչ ոք նրանց նման արատ ունենալու համար չի մեղադրել: Իրականում ոչ թե ֆիզիկական չափսերն են կարևոր, այլ մտածողության խնդիր կա: Կան փոքր, բայց հպարտ ժողովուրդներ: Սա արժեհամակարգով է պայմանավորված: Եթե մենք փորձենք մի քիչ ավելի լայն դիտարկել, ապա կարող է պարզվել, որ այդ սխեմաները դեռևս հազարամյակի կամ ավելի պատմություն ունեն: Մտածողության որոշակի սխեմաներ ձևավորվեցին, պատմության ընթացքում բազմապատկվեցին և շարունակում են որոշակի դեֆորմացիաների ենթարկվել: Փորձենք որոնել այդ սխեմաները մեր քաղաքական պատմության պայմանական սկզբից` քրիստոնեության ընդունումից: Քրիստոնեությունը այն ժամանակվա գլոբալիզմն էր, աշխարհի մի մեծ հատված միավորվում էր մեկ քաղաքակրթության մեջ: Իսպանիայից մինչև Աֆրիկա ու Կովկաս մարդիկ կրում էին նույն անունները, կարդում նույն գրքերը, միևնույն աղոթքն արտասանում: Մենք կարծես թե շանս ստացանք ինտեգրվել մարդկության մի մեծ հատվածին: Հայաստանում առաջին քիստոնյաները`սկսած Գրիգոր Լուսավորչից, այդ քրիստոնեական գլոբալիզմի առաջամարտիկներն էին, և նույնիսկ փորձում էին այն տարածել Պարսկաստանում, Հյուսիսային Կովկասում և այլն: Դրանից հետո, սակայն, տեղի ունեցավ մի իրադարձություն, որից հետո ինչ-որ ձևով ծրագրավորվեց մեր մտածողության կարևոր էլեմենտներից մեկը. գտնվելով Պարսկաստանի և Բյուզանդիայի արանքում` պարսիկները քրիստոնյա հայերին դիտարկում էին որպես հինգերորդ շարասյուն, և այստեղ պետք էր որևէ լուծում գտնել: Լուծումը մեկն էր` պարսիկները պետք է իրենց տիրապետության տակ գտնվող քրիստոնյաներին պարտադրեին Բյուզանդիայի կողմից հալածվող և հերձվածով հայտարարված կրոնական ուղղությունները: Ասորի հոգևորականների միջոցով հայերին պարտադրվեց միաբնակությունը: Կային նաև նեստորականություն տարածելու փորձեր, որոնք սակայն ձախողվել են: Պարսիկների քաղաքական ազդեցության պատճառով Հայաստանը կտրվեց քրիստոնեական աշխարհից: Այսինքն, քրիտոնեական աշխարհից տարանջատվեցին հետագայում արևելյան քրիստոնեական եկեղեցիներ անվանվողները: Այս իմաստով հայերը, ղպտիները, ասորիները սկսեցին վերածվել լուսանցքային մշակույթների, դարձան ազգ-կրոնական համայնքներ: Այդ եկեղեցիները ճանաչում էին պարսիկների, իսկ հետագայում արաբների, մոնղոլների, սելջուկների, օսմանների քաղաքական ղեկավարությունը` փոխարենը ստանալով լայն ներքին ինքնավարություն, ֆինանսական արտոնություններ, անգամ ֆինասավորվելով արքունիքի կողմից: Այդ առավելությունների մասին նրանք չէին կարող անգամ երազել ազգային իշխանություն ունենալու պարագայում: Վրացիները կարողացան ճիշտ կողմնորոշվել, և վերադառնալով համաքրիստոնեական մշակույթ, կարողացան փրկել ու հզորացնել իրենց պետականությունը: Սա առաջին սխեման էր, որն իմ կարծիքով մինչ այժմ աշխատում է: Այսինքն` պաշարված ամրոցի սինդրոմն է սա: Արդյունքում` մենք մշակութային առումով փակ և լուսանցքային ժողովրդի վերածվեցինք: Այսպիսով, երկրորդ սխեման, որը տեղի ունեցավ դրա հետևանքով և մինչև հիմա մեր մտածողության մեջ է շարունակվում, այն է` ամբողջ աշխարհը մեր թշնամին է` քրստոնեական, կաթոլիկ, ուղղափառ:
Հաջորդ ամենամեծ վտանգն այն էր, որ մենք պետականությունը զոհաբերեցինք կրոնին: Սա ձեռնտու է բոլոր նվաճողներին: Յուրաքանչյուր ազգ ձևավորվում է որոշակի ինստիտուտների շնորհիվ: Ժամանակին կար մի շատ հզոր ազգ` դա միթրայական Տիբեթն էր, որը հարևաններին, այդ թվում` չինացիներին, մշտական սարսափի մեջ էր պահում: Հետո այդ ազգը, կրոնը և արժեքները փոխեցին, դարձան լամայական, աշխարհիկ իշխանությանը փոխարինեց կրոնական իշխանությունը, արդյունքում քայքայվեցին պետական ինստիտուտները, և այժմ տեսնում ենք տիբեթցիների վիճակը: Ես, անկեղծ ասած, հասկանում եմ չինացիներին, նման ազգերը իրավունք չունեն ինքնուրույն ապրել, նրանք չեն կարող ստեղծել կենսունակ պետական կառուցներ:
Կրոնական համայնքը, որը չունի իր ռազմական կառույցները, պետք է գտնի հովանավոր, այսինքն` այդ երեք սխեմաները հանգեցնում են նրան, որ պետք է հովանավորներ փնտրես: Ժամանակին արաբների, մոնղոլների և պարսիկների մեջ էինք հովանավորներ փնտրում, հիմա մենք հովանավոր ենք տեսնում Ռուսաստանին, որն ասում է` գիտեք ինչ, դուք ապրեք, առևտուր արեք, իմ զորքը կգա ու ձեզ կպաշպանի: Եվ հանկարծ 88-ին մի «աննորմալ» բան տեղի ունեցավ Հայաստանում, ձևավորվեց ռազմական ուժ, առաջացավ քաղաքական կամք և հաղթանակ պատերազմում: Սա շատ տարoրինակ երևույթ էր և շատերը, անգամ այդ ժամանակվա Հայաստանի գերագույն քաղաքական ղեկավարության մի հատվածը դրան պատրաստ չէր, նրանք հին քաղաքական պատկերացումների կրողներն էին: 1998-ին այդ երկու քաղաքական մտածողության կրողները հայտնվեցին կոնֆլիկտային իրավիճակում:
Այսօր կարծես թե մենք նորից հայտնվել ենք նույն երկընտրանքի առջև: Արդեն մի քաղաքական հատված կա, որը բերում է կղերական մտածողություն` վարչապետի գլխավորությամբ կղերականացվում է մեր մշակույթը, պետական ինստիտուտները, կրթական համակարգը: Հաջորդ քայլը, որ պետք է արվի, դրսի ուժ հրավիրելն է, որ գան և մեզ պաշտպանեն: Եվ պատահական չէ, որ հենց այս կառավարության կղերական թիմն է վարչապետի գլխավորությամբ իրականացնում այդ քաղաքականությունը` վերաբացում օտարալեզու դպրոցներ, երկիրը նստեցնում դրսի վարկերի վրա, ամրապնդում կոմպրադորային բուրժուզիան: Եվ բնականաբար որոշ մարդիկ, ովքեր չեն ցանկանում համակերպվել այս իրականության հետ, այս ամենի պատճառը տեսնում են ոչ թե հայերի մտածողության, այլ Ռուսաստանի մեջ և սկսում մտածել հետևյալ բանաձևը. ով հակառուս է, անկախական է, ով ռուսաֆիլ է, նա ստրուկ է: Այսօր մեծ եղբոր դերում Ռուսաստանն է, վաղը կարող են Միացյալ Նահանգները լինել: Ռուսաստանը կայսրություն է և բնականաբար պետք է ձգտի նվաճել: Ռուսներին մեղադրել պետք չէ, նրանք այդպիսին են, պետք է մեր քաղաքական կեղծ էլիտային մեղադրենք, ով իր ազգային ինքնության հիմքում որպես արժեք դրել է վերոհիշյալ մտածողությունը:

-Հաղթահարման ճանապարհ կա՞, այդ առողջ հատվածը, որը գիտակցում է, ի վիճակի՞ է հաղաթահարելու: Հարևան Վրաստանին ինչպե՞ս է հաջողվում դիմադրել Ռուսաստանին:
-Հարևան Վրաստանը ունի շատ կոնկրետ և առողջ մտածողություն: Նրանց մոտ կա պետականամետ եկեղեցի, որը պետության կողքին է, որի շնորհիվ տարբեր ցեղերը և ժողովուրդները դարձել են վրացի: Այդ եկեղեցին միավորում է, ձուլում է, այլ ոչ թե իր ժողովրդի տարբեր հատվածներին օրենքից դուրս հայտարարում ու հալածում: Այսօր ուղղափառ Ռուսաստանը ուղղափառ Վրաստանի հետ ավելի վատ հարաբերությունների մեջ է, քան ռուսների կողմից հերձվածող համարվող հայերի հետ: Բացեք ռուսական եկեղեցու պաշտոնական կայքերը և տեսեք, որ այնտեղ հայերին աղանդավոր են համարում: Իսկ վրացիները պետական ժողովուրդ են, իրենք ռուսներին մրցակից են և հենց անկախության համար են պայքարում, իսկ հայը պայքարում է օտար ուժի համար, որը պետք է իրեն պաշտպանի: Դա այսօր ռուսն է, վաղը պարսիկը, մյուս օրը ամերիկացին, չզարմանանք, որ մի օր էլ նորից թուրքը լինի:

-Այս դեպքում ինչո՞ւ դրեցինք անկախանալու խնդիր:
-Անկախությունը շանս է նորմալ ժողովուրդ դառնալու համար, սակայն այդ շանսը մենք կորցնում ենք, որովհետև անկախությունը ոչ միայն այն է, որ քեզ մոտ օտար զորք չկա, այլ հոգով անկախություն է: Անկախությունը բարոյական, արժեքային կատեգորիա է, երբ դու քո տարածքում ստեղծում ես կայուն և կենսունակ համակարգ, պետական ինստիտուտներ, որտեղ ամեն մարդ հավասար է մյուսին, որտեղ տիրում է օրինականություն: Այսօր մենք ունենք հակամարդկային համակարգ: Եվ միշտ էլ այդպես է եղել: Միջնադարում հաճախ հայերը, հույները ուրախությամբ էին ընդունում սելջուկներին, թուրքերին, սեփական հարստահարողներից ազատվելու համար: Բագրատունիները ստիպված դարձան վրացիներ և կրոնափոխ եղան, որպեսզի կարողանան կայացնել պետական ինստիտուտներ, Կիլիկիայում նույնպես այդ հարցը սուր էր դրված: Մենք միայն մեկ ճանապարհ ունենք` դառնալ պետական մտածողություն ունեցող ազգ և ձերբազատվել կամ փոխել այդ մտածողության սխեմաները:

-Ստեփան, ամեն ինչ իսկապե՞ս այսնքան անհույս է, թե մտածողության փոփոխության արդյունքում այլ պատկեր կունենանք:
-Մենք ունենք լավ օրինակ` 19-րդ դարի վերջ և 20-րդ դարի սկիզբ, երբ լուսավորչականության ազդեցության տակ նոր մտածողության պայթյուն ունեցանք: Դա ցույց տվեց, որ հայ ժողովուրդը ունակ է նման թռիչքների:

Սիրանույշ Պապյան

No comments: