Wednesday, September 7, 2011

Արտագաղթողները շատ չեն, արտագաղթել ցանկացողներն են շատ. Գագիկ Եգանյան

Tert.am. 7-9-2011- «Միգրացիան երկու ուղղությամբ տեղի ունեցող տեղաշարժն է, որն ավարտվում է մշտական բնակավայրի փոփոխմամբ. եթե դեպի դուրս մշտական բնակության փոփոխմամբ է ավարտվում, դա էմիգրացիան է՝ արտագաղթը, եթե դեպի դերս՝ ներգաղթը՝ միգրացիան»,- «Ուրվագիծ» հաղորդման ուղիղ եթերում Հայաստանի միգրացիայի մասին զրույցն այսպես սկսեց Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը՝ նշելով, որ Հայաստանից արտագաղթի «ահռելի չափերի» մասին տվյալներ ներկայացնողները նման դասագրքային փաստեր հաշվի չեն առնում։
«200-ից ի վեր հատուկ թիրախավորված ուսումնասիրություն՝ միգրացիոն ծավալները որոշելու համար, չի կատարվել»,- ասաց նա։ Անդրադառնալով հաճախ շրջանառվող՝ մեկ տարվա ընթացքում 50-60 հազար արտագաղթածների մասին լուրերին՝ նա նշեց. «Ուղևորահոսքերը միգրացիայի ուսումնասիրման հիմք ընդունել չի կարելի, քանի որ ամեն ուղևոր չի, որ միգրանտ է։ Կարճաժամկետ ուղևորությունները, հանգստի մեկնելը դեռ միգրացիա չէ. այսինքն, ուղևորահոսքերով ներկայացնել միգրացիայի ծավալները ճիշտ չի։ Իսկ իրանք [Հայ ազգային կոնգրեսի վերլուծաբանները, ովքեր էլ նշում են արտագաղթի վերոբերյալ թվերը] վերցնում են ուղևորահոսքի ծավալները, իրարից հանում և ասում են. «Այսքան մարդ Հայաստանը լքեց»։ Ոչ, հունիս ամսին մնացորդը դրական է եղել։ Դե նույն տրամաբանությամբ թող մարդիկ ասեն՝ այսքան մարդ մշտական բնակության Հայաստան եկավ»։
Ըստ Գագիկ Եգանյանի՝ ոմանք փաստերը կեղծում և արտագաղթի ուռճացված թվեր են ներկայացնում, քանի որ «չեն հասկանում, որ միգրացիան և ուսևորահոսքերը տարբեր բաներ են», կամ էլ ցանկացած փաստ աղավաղում և օգտագործում են սենսացիոն էֆեկտներ ստանալու համար։ «Եվ երրորդ խումբը կա, որն օգտագործում է սա` քաղաքական շահարկումների համար. որովհետև սա շատ հարմար թեմա է. ուզում ես ասես, որ ամեն բան վատ է, ասում ես՝ տես ինչքան մարդ է գնացել էստեղից»,- ասաց նա։
Պաշտոնյայի կարծիքով՝ մեծ ծավալով արտագաղթի մասին խոսելու համար տվյալներ ու հետազոտություններ են պետք, իսկ դրանք թանկ արժեն և պետությունն այդ ուսումնասիրությունների համար գումարներ չի տրամադրում։ «Ոչ հեռու անցյալում՝ 1992-1994, 1991-ի նկատմամբ բացասական ուղևորահոսքը 100 000-ով աճեց. իրոք, մասսայական էմիգրացիա էր։ Ես տարբերությունն եմ ասում։ Հիմա, 2010-ին` 2009-ի նկատմամբ աճել է ընդամենը 4000-ով, 2008-ի նկատմամբ՝ 2500-ով։ Էս թվերի պայմաններում խոսել ահագնացող արտագաղթի մասին, ճիշտ չի։ Սա, վերջը, լուրջ գիտության պես բան է, որով կարող ես որակումներ տալ»,- նշեց Եգանյանը։

Ըստ նրա՝ ամեն դեպքում տարեցտարի մեծանում է արտագաղթել ցանկացողների թիվը։ «Սակայն սա տիպիկ հայկական երևույթ չի, բոլոր ազգերի մեջ էլ կա։ Իսկ հայերի մեջ էլ հայրենիքի կարոտի նկատմամբ վերաբերմունքը այլ է։ Ամեն հայ ծնվում է իր գաղթականի ցուպը ձեռքին»,- նշեց նա։ Եգանյանի կարծիքով՝ արտագաղթելը հայերի մոտ էթնոհոգեբանական երևույթ է։
Սակայն հայրենիքից հեռանալու այլ պատճառներ էին մատնանշել արտագաղթողները. Եգանյանը ներկայացրեց սոցիալական հարցումների տվյալներն, ըստ որոնց` ճնշող մեծամասնությունն արտագաղթելու պատճառն էր համարել սոցիալական պայմանները՝ աշխատանքի բացակայությունը կամ աշխատավարձի անբավարար լինելը, և միայն 5-6%-ը՝ անարդարությունն ու համատարած ապօրինությունը։

No comments: