Saturday, September 3, 2011

Մեր ժենգյալը Ղարաբաղում

«Լրագիր» 2-9-2011- Հայ ժողովրդին շնորհավորելով ԼՂՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ` Սերժ Սարգսյանը հայտարարել է. 'Մենք ամեն ինչ անում ենք ոչ միայն Արցախի խաղաղությունն ու անվտանգությունն ամրապնդելու, այլև սոցիալ-տնտեսական զարգացումն ապահովելու համար:
Ոչ միայն քաղաքագետները, այլև արդեն քաղաքական գործիչները հայտարարում են, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում մոտ ապագայում փոփոխություններ չեն սպասվում: Դա նշանակում է, որ քաղաքական գործիչներն ինչ-որ ժամանակ Ղարաբաղը հանգիստ կթողնեն: Մյուս կողմից, դիվանագիտական պասիվությունը ենթադրում է այլ ուղղություններով աշխատանքների աշխուժացում: Դա կարող է լինել միջազգային տեղեկատվական դաշտում Արցախի ներկայացումը, սակայն հանրապետությունում առանց տրանսֆորմացիաների ներկայացումը կարող է գորշ լինել և նույնիսկ հակագովազդ դառնալ:
Արցախի սոցիալ-տնտեսական զարգացումը առաջնային ուղղություն է դառնում հայկական դիվանագիտության համար:
Այժմ Արցախի տնտեսության ձևն ու բովանդակությունը հակադարձ են միմյանց: Արտաքինից Ստեփանակերտը բարեկեցիկ, համակրելի քաղաք է բազմաթիվ շինություններով, խնամված կենտրոնով, ոչ վատ հյուրանոցներով: Սակայն բավական է հայացք գցել ղարաբաղյան տնտեսության ընդերքին, պարզ կդառնա, որ շատ քիչ բան է արվում ինքաբավությունն ապահովելու համար: Միջոցների հիմնական մասն ուղղվում է ուռճացած պետական ապարատը պահելուն և զինվորականներին աշխատավարձ վճարելուն: Ղարաբաղում սպառումն ապահովվում է հիմնականում պետական և ռազմական աշխատավարձերի հաշվին: Բիզնես և ֆերմերային գործունեությունը զգալիորեն քիչ տեղ է զբաղեցնում:
Ղարաբաղում նույնպես 'խոշորներ' կան, սակայն նրանց մեծ մասը աշխատած գումարը ծախսում է Արցախից դուրս:
Միջին բիզնեսի տեսակարար կշռի փոքրությունը շատերը պայմանավորում են երկրի ճանաչված չլինելու ու մեծ շուկայի բացակայությամբ: Սակայն այս փաստարկները ժխտվում են, երբ տեսնում ես, որ նույնիսկ ավանդական կանաչեղենը, պանիրը, կաթնամթերքը ներկրվում է: Այդ մթերքների համար շուկան բավականացնում է, ճանաչում պետք չէ, և դժվար չէ պարզել, թե ինչու մարդիկ չեն ցանկանում զբաղվել մթերքների արտադրությամբ, որոնք ակնհայտորեն պահանջարկ ունեն:
Խնդիրը պետական քաղաքականության մեջ է, որը չի խթանում բիզնեսի զարգացումը` խրախուսելով ներկրումը, որը մենաշնորհված է: Հայտարարված լիբերալ տնտեսությունն իրականում ամբողջովին վերահսկվում է կառավարության կողմից, ընդ որում, չկա պլանային համակարգ, որը յուրահատուկ էր խորհրդային պետական տնտեսությանը: Ահա և ստացվում է, որ որոշումներն ընդունվում են ոչ թե շուկայի և պետության կողմից բաց կերպով, այլ ծածուկ, գրասենյակներում, որպեսզի բացառվի հասարակական վերահսկողությունը:
Վերահսկողություն էլ չկա` խորհրդարանը կառավարության կցորդն է, անկախ մամուլ չկա, ահա այդ պատճառով էլ ստացվում է, որ Ղարաբաղում մեկ զանգվածային եգիպտացորեն է աճեցվում, մեկ անցնում են բիովառելիքի, մեկ ջրատարներ են անցկացվում, որոնք նույնիսկ առաջին փորձությունը չեն հաղթահարում: Եվ ոչ ոք չի վրդովվում, սակայն բոլորը ծափահարում են:
Էլ չխոսենք այն տարածքների մասին , որոնք ազատագրված են կոչվում: Ինչպես ասում է Քարվաճառում բնակվող Ալեքս Քանանյանը, 2007 թ-ից շրջանում ոչ մի տուն չի կառուցվել: Ճիշտ է. օրերս այնտեղ մի դպրոց է շահագործման հանձնվել, սակայն բնակելի տներ չեն կառուցվում:
Եթե սոցիալ-տնտեսական զարգացման մասին Սերժ Սարգսյանի խոսքերը իրոք հիմնված են քաղաքական 'որոշման' վրա, ապա Արցախում պետք է բարեփոխման ենթարկվի 2 գլխավոր ուղղություն` բինզեսի ազատ զարգացման համար հարկերից ազատ գոտի ստեղծել և ազատագրված տարածքներն ընդգրկել պետական կադաստրում: Եթե հենց սա նկատի ուներ Սերժ Սարգսյանը, ապա ղարաբաղցիները դրանից միայն ուրախ կլինեն:

No comments: