Saturday, September 3, 2011

ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ՉՆՉԻՆ ՄԱՍԸ, ԲԱՅՑ Ո՞ՒՄ

«Կարելի է եւ պետք է Թուրքիայից ակնկալել ու պահանջել ավելին»

«ԱԶԳ», 03-09-2011- «Ազգը» արդեն տեղեկացրել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի օգոստոսի 27-ից ուժի մեջ մտած հրամանագիրի մասին, որով նախատեսվում է Թուրքիայում ապրող քրիստոնեկան համայնքներին վերադարձնել նրանցից 1936-1974-ի ընթացքում խլված կալվածքները: Երեկ այս կապակցությամբ հայտարարություն էր տարածել Ամերիկայի հայկական համագումարը: Որտեղ մասնավորապես նշվում է, թե հրամանագիրը արվեց Թուրքիայում մի շարք դրական զարգացումների հետ մեկտեղ, որոնց արդյունքում աճեց քաղաքացիական հսկողությունը Թուրքիայի կառավարության որոշ ճյուղերի նկատմամբ, որոնք մինչ այդ գտնվում էին բանակի վերահսկողության ներքո: Բացի սրանից` համագումարը նկատում է, որ այս բարեփոխումների մի մասը բխում է Թուրքիայի` ԵՄ-ի անդամ դառնալու ցանկությունից: «Սակայն այս հրամանագիրը ոչնչով չի շտկում Հայոց ցեղասպանության հետեւանքները: Թուրքիան չի ապացուցել, որ պատրաստ է հաղթահարել Հայոց ցեղասպանության հետեւանքները... Հրամանագիրը նաեւ ոչինչ չի անում Թուրքիայում ճարտարապետական ժառանգության պաշտպանության համար. անթիվ հուշարձաններ, որոնցից շատերը կրոնական բնույթի են, ենթարկվել են վանդալիզմի, արհամարհանքի, նույնիսկ ուղղակի ոչնչացման», նշված է հայտարարությունում: Իսկ` որպես վերջաբան` համագումարն ընդգծում է. «Կարելի է եւ հարկավոր է անել ավելին` Թուրքիայում փոքրամասնությունների խնդիրները լուծելու համար»:

Երեկ «Տեսակետ» մամուլի ակումբում թուրքագետներ Հակոբ Չաքրյանն ու Արտակ Շաքարյանը , անդրադառնալով Էրդողանի հրամանագրին, նշեցին, որ այն ընդամենը «ավազահատիկ է անապատում»: Շաքարյանը նկատեց, որ հոկտեմբերին հրապարակվելու է Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ զեկույցը, հետեւաբար այնտեղ Անկարային խիստ կարեւոր է դրական հեղինակություն ձեռք բերելը. «Չմոռանանք նաեւ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մի շարք հայցեր կան` ընդդեմ Թուրքիայի, պահանջով վերադարձնել այդ երկում փոքրամասնությունների կալվածքները», ասաց Շաքարյանը` արձանագրելով, որ այս հրամանագիրն ընդամենը Թուրքիայի վրա ԵՄ-ի գործադրած ճնշման արդյունքն է: Համաձայնելով Շաքարյանի հետ` Հակոբ Չաքրյանը նկատեց, որ անհասկանալի են մնում մի շարք հարցեր: Օրինակ` ինչպե՞ս եւ ո՞ւմ պետք է փոխհատուցի Թուրքիան: «Ոչ մահմեդական համայնքները Թուրքիայում իրավաբանական անձի կարգավիճակ չունեն, հետեւաբար` ո՞ւմ պետք է իրավաբանորեն վերադարձնի կալվածքները պետությունը: Բացի այդ` ի՞նչ տեսքով. օրինակ, Էրդողանը վերջերս հայտարարեց, որ հավանական է դրամով փոխհատուցումը», նկատեց Չաքրյանը: Նշենք, որ 1936-1974-ը ազգային` հիմնականում քրիստոնյա համայնքներից բռնազավթած կալվածքները հիմնականում ներառում են Ստամբուլ քաղաքն ու նրա մերձակայքը: Այսինքն խոսքը Արեւմտյան Հայաստանի վանքերի, վանական համալիրների կամ տարբեր աշխարհիկ կալվածքների մասին չէ: Ինչ վերաբերում է կոնկրետ գործին առնչություն ունեցող Ստամբուլում գտնվող կալվածքներին, ապա, ինչպես նկատեց Շաքարյանը, այսօր դրանց տեղերում խոշոր առեւտրային կենտրոններ են, այգիներ, տարբեր խոշոր շինություններ: Հետեւաբար` այս համայնապատկերում ավելի հասկանալի է թվում Էրդողանի վերոհիշյալ հայտարարությունը, որ պետությունը կարող է փոխհատուցել գումարով:

Ըստ էության` թուրքական պետության այս որոշումը կարելի է եւ ողջունել` հաշվի առնելով, որ Անկարան երբեք նման` թեկուզ չնչին քայլ չի կատարել` վերադարձնելու իր փոքրամասնությունների ունեցվածքի մի փոքրիկ մասը: Մյուս կողմից էլ` պետք է շատ չոգեւորվել, քանի որ սա ընդամենը «ավազահատիկ է անապատում», բացի այդ չի կատարվում Անկարայի բարի կամքով, այլ` արեւմտյան տարբեր կառույցների ու ուժերի պահանջ-թելադրանքով: Այսինքն` դժվար է ասել, նույն ճանապարհով կընթանա՞ Թուրքիան, եթե արեւմտյան այս ճնշումը դադարեցվի: Բացի սրանից` ինչպես նկատեց Շաքարյանը` արեւելյան երկրներում սովորաբար երկար է տեւում գրված օրենքի գործադրումը. «Այսինքն հնարավոր է, որ այս հրամանագրով արձանագրված գործընթացը տեւի մի քանի տարի, եթե ոչ տասնամյակ», ասաց Շաքարյանը:

Հետաքրքրական զուգադիպությամբ` Էրդողանի այս հրամանագիրը հրապարակվեց Մեջլիսի օրակարգից հայ-թուրքական արձանագրությունները հանելուց մի քանի օր անց: Այդ կապակցությամբ Չաքրյանը նկատեց, որ Հայաստանի պահվածքն ու դիրքորոշումը բավական ճիշտ է. «Ըստ էության Հայաստանի նախագահի հայտարարությունը` արձանագրությունները առկախելու` մինչեւ Թուրքիան ինքը քայլեր կատարի, հենց նշանակում է, որ նախ` Հայաստանը իրավաբանորեն դուրս չի գալիս գործընթացից, հետո` ըստ էության հետ է կանչում իր ստորագրությունը, քանի որ, ստացվում է, Անկարան երկար ժամանակ չի կատարելու քայլեր»: Հիշեցնենք նաեւ օրեր առաջ ՀՀ նախագահի ելույթից մի հատված, որ նա ունեցավ հայ դիվանագետների ամենամյա հավաքի ընթացքում` օգոստոսի 30-ին: Այնտեղ նախագահը շեշտեց, որ հայ-թուրքական արձանագրությունները «բաց, անժամկետ հնարավորություն չեն...»: Այս կապակցությամբ Շաքարյանը նկատեց, որ նույն արեւմտյան ճնշման ալիքի տակ, չի բացառվում, որ առաջիկա ամիսների ընթացքում, հաշվի առնելով, որ Հայաստանը կարող է ամբողջությամբ դուրս գալ գործընթացից, որի տապալման մեղավորի անունը բոլորը գիտեն, որ Թուրքիա է, նորից Մեջլիսի մեծ օրակարգ բերի արձանագրությունները` «իհարկե, առանց հարցը քննարկման դնելու, այլ զուտ այն պատճառով, որ միջազգային հանրությունը տեսնի, որ Թուրքիայում գործընթացը կասեցված չէ», նկատեց Շաքարյանը:
Հ. ԱՖՅԱՆ

No comments: