Tuesday, September 6, 2011

Ե՞ՐԲ Է ԳԱԼՈՒ ՀԱՅԵՐԵՆԻՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

«ԱԶԳ», 06-09-2011- Ամերիկյան դիվանագիտությունը անհրաժեշտություն է տեսնում Վրաստանում փոքրամասնությունների առնչությամբ վստահության ամրապնդման առումով, ընդ որում, այդ խնդիրը թողնելով լուծելու հենց վրացական կառավարությանը:
Ինչպես տեղեկացնում է Հայրենադարձության եւ հիմնավորման հասարակական կազմակերպությունների «Երկիր» միությունը, «WikiLeaks»-ի ԱՄՆ դիվանագիտական փաստաթղթերից մի քանիսը տեղեկություններ են պարունակում վրացահայության եւ ջավախահայության խնդիրների եւ դրանք լուծելու ուղղությամբ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների կողմից առաջ քաշվող օրինական պահանջների վերաբերյալ:
Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթի հանդիպման մանրամասները պարունակող ԱՄՆ դեսպանատան 2009թ. հունիսի 16-ի հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ սրբազանն առանձնացրել է 3 չլուծված խնդիրներ. «Դրանք ենՙ հայերենը որպես պաշտոնական լեզու տեղական մակարդակներում օգտագործելու հնարավորությունը, էթնիկ հայերի համար կրթական հնարավորությունների ստեղծումը եւ վիճելի եկեղեցական ունեցվածքի վերադարձը»:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Վազգեն եպս. Միրզախանյանը առաջարկել է Ախալքալաքում ստեղծել համատեղ հայ-վրացական համալսարան, ինչը կբարձրացնի վրացերենի իմացությունը տարածաշրջանում եւ որակյալ կրթության ապահովման միջոցով կօգնի հայերին լինել ավելի մրցունակ Վրաստանի տնտեսության մեջ միջին եւ բարձր մակարդակի աշխատատեղեր զբաղեցնելու համար: ԱՄՆ դեսպանը խոստացել է բարձրացնել նշված խնդիրները վերաինտեգրման նախարար Թեմուր Յակոբաշվիլու մոտ:
2009թ. սեպտեմբերի 29-ով թվագրված մեկ այլ հաղորդագրության մեջ ասվում է, թե Սամցխե - Ջավախքի, Ախալցխայի եւ Ախալքալաքի քաղաքային իշխանության ներկայացուցիչները եւ ՀԿ-ները լավատեսորեն են տրամադրված եղել Վրաստանում իրենց ապագայի հանդեպ, սակայն անհանգստացած են իրենց մշակութային եւ լեզվական ժառանգության պաշտպանության կապակցությամբ: «Վրաստանի 300000 հայ բնակչության գերակշիռ մասը ապրում է երկրի հարավկենտրոնական մասում տեղակայված այս երկու շրջաններում: ... Սամցխե-Ջավախքի հայ համայնքի ինտեգրմանն ուղղված ջանքերում լեզուն մնում է կարեւորագույն խոչընդոտը», նշված է դիվանագիտական հաղորդագրությունում:

Ըստ այդմ, հայ համայնքը շարունակում է հայերենը որպես տարածաշրջանային լեզու ճանաչելու, եկեղեցու ունեցվածքի խնդիրների լուծման եւ տեղական ինքնակառավարման մակարդակի բարձրացման կոչեր հնչեցնել:
Հաղորդագրության «Ինչպես կառավարությունը կարող է ամրապնդել վստահությունը» բաժնում էլ ասվում է, որ ջավախքցի զրուցակիներն ամենից առաջ նշում են հայերենը որպես տարածաշրջանային լեզու ճանաչելու հարցը: «Դե յուրե միայն վրացերենը կարող է օգտագործվել տեղական ինքնակառավարման մեջ եւ դպրոցներում. դե ֆակտո հայերենն ու ռուսերենն են օգտագործվում: (2009թ.) սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ Վրաստանը պետք է ճանաչի հայերենը որպես տարածաշրջանային լեզու «ինտեգրում առանց ձուլման» սկզբունքի հիման վրա»:
Որպես երկրորդ խնդիր է ներկայացվում Հայ եւ Վրաց ուղղափառ եկեղեցիների կողմից վիճարկվող եկեղեցական կառույցներին վերաբերող ունեցվածքային հարցերի լուծումը: «Աղգոմելաձեն (ԱՄՆ դեսպանության ներկայացուցչի կողմից հարցված փորձագետներից մեկը) ասաց, որ խնդիրը «նման է հրաբխիՙ չգիտես, թե ե՛րբ է ժայթքելու», նշված է հաղորդագրության մեջ:
«Հարցերից երրորդն էլ առավել լայն տեղական ինքնակառավարման պահանջն է: Մարդիկ բողոքում են, որ ստիպված են սպասել Թբիլիսիից պաշտոնյաների գալուն կամ ստիպված են ինքնուրույն մեկնել Թբիլիսիՙ ծախսելով մեծ գումարներ, որպեսզի լուծում տան տարրական վարչական գործերին, ինչպիսիք են անձնագրի ստացումը կամ իրենց գույքի գրանցումը»:
Վրաստանի հայերի առաջ քաշած երեք հիմնական հարցերից մեկի` եկեղեցական ունեցվածքի առնչությամբ ինչ-ինչ գործընթացներ նոր սկսում են տեղի ունենալ, եթե որպես ունեցվածքի հարցը լուծելու ճանապարհ դիտարկենք Վրաստանում կրոնական համայնքներին կարգավիճակ տրամադրելու մասին Վրաստանի քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխությունները: Ինչ վերաբերում է էթնիկ հայերի համար կրթական հնարավորությունների ստեղծմանը, ապա այդ ուղղությամբ էլ դեռեւս երկու տարի առաջ է Վրաստանի նախագահն առաջընթաց քայլ արել` էթնիկ փոքրամասնություններին հնարավորություն տալով որոշակի արտոնություններով ու վրացերեն սովորելու առանձին հնարավորթւյամբ ընդունվելու վրացական բուհեր:
Փաստացի ոչ մի քայլ դեռեւս չի արվել հայերենին տարածշրջանային լեզվի կարգավիճակ տալու ուղղությամբ, այսինքն` կարելի է հուսալ, որ մոտակա շրջանում ամերիկյան` ժողովրդավարությունն ամբողջական դարձնելու կոչերի ներքո վրացական կառավարությունը կարող է խիզախել ու անցնել նաեւ լեզվական հարցերի լուծմանը, ընդ որում, ոչ միայն Ջավախքում հայերենի, այլեւ Քվեմո Քարթլիում ադրբեջաներենի առումով:

No comments: