Saturday, September 3, 2011

Ժողովրդին պետք է բերել հրապարակ ու պահել

Հարցազրույց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ

- Երկխոսության հենց սկզբում՝ Lragir.am-ին տված հարցազրույցում էլ ասել էիք, որ վերապահումներով եք մոտենում Հայ Ազգային Կոնգրես-իշխանություն երկխոսությանը: Հիմա, որ երկխոսությունն առկախվեց, ինչպես կմեկնաբանեք դա: Արդյոք կարելի է ասել, որ այս գործընթացը ձախողվեց այլեւս:
- Իրոք, իմ մոտեցումն ի սկզբանե եղել է այն, որ այս իշխանությունների հետ երկխոսությունը, բանակցությունները ժողովրդավարության, մարդու իրավունքների վերականգնման համար բարդ է, որովհետեւ նրանք ճահճի նման ներքաշված են այս պրոցեսների մեջ: Եթե անգամ Սերժ Սարգսյանը ցանկանա, ապա համակարգը ծանր քարի նման ներքաշելու է նրան: Ուստի եղավ այն, ինչ պետք է լիներ: Մեր կուսակցությունը համամիտ է եղել մեծամասնության կարծիքին ու կողմ ենք եղել երկխոսությանը: Ասեմ, որ երկխոսությունը տվեց իր արդյունքները: Համար մեկ արդյունքն այն է, որ իշխանությունները պաշտոնապես ընդունեցին, որ լեգիտիմ չեն: Այդ մասին է խոսում նրանց ձեւավորած օրակարգը: Եվ երկրորդ՝ քաղաքական դաշտն էլ ավելի հստակեցվեց: Եթե 2008թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադարձից հետո ֆիլտրացիայի ենթարկվեց քաղաքական դաշտը, զտվեց հաճախորդներից, դատարկ դհոլներից, իդիոտներից ու մանր-մունր սպասարկուներից, ապա հետո ժամանակի ընթացքում փորձ էր արվում կրկին երրորդ ուժ ձեւավորել, նոր սպասարկուներ գտնել: Այս առումով, երբ Կոնգրեսի հետ իշխանությունը երկխոսության նստեց, փաստեց, որ կա երկու քաղաքական հիմնական ուժ, երրորդ բեւեռ չկա: Այնպես որ, չկար չարիք առանց բարիքի: Վաղը մենք այս հարցը քննարկելու ենք կուսակցության քաղխորհրդի նիստում:

- Գալուստ Սահակյանը տեսակետ էր հայտնել, որ Կոնգրեսը, տեսնելով, որ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ իշխանությունների առարկություններն ուժեղ են, առկախեց երկխոսությունը, քանի որ խոսելու տեղ էլ չուներ:
- Իսկ իշխանություններն ինչ հակափաստարկ պետք է բերեն, որ Կոնգրեսը խոսելու տեղ չունենա: Կոնգրեսը մի կողմ, իսկ հասարակությունը հո գիտի, թե ովքեր են այս իշխանավորները, ինչ ճանապարհով են նրանք իշխանության ղեկին հայտնվել, ինչ որակներ ունեն, մասնավորապես նույն Գալուստ Սահակյանը: Իրենք իշխանությունն ավելի շատ օգտագործում են իրենց բիզնեսն առաջ տանելու, անխնա հարստանալու, ժողովրդին թալանելու համար: Կոնգրեսին իրենք ի՞նչ պիտի համոզեն, թող հասարակությանը համոզեն:

- Ձեր կարծիքով՝ կվերսկսվի՞ արդյոք երկխոսությունը:
- Որպես ԺՀԿ նախագահ ես կարծում եմ, որ վերսկսելը նշանակում է նորից ռեժիմին ժամանակ շահելու հնարավորություն տալ, մոտենալ հերթական ընտրություններին, արդյունքում Կոնգրեսի համար խնդիրներ կստեղծվեն: Այնպես որ, ես կարծում եմ, որ պետք է սկսվի այն պրոցեսը, որին սպասում է հասարակությունը:

- Եվ ի՞նչ պետք է սկսի Կոնգրեսը, ժողովուրդն ի՞նչ է սպասում:
- Կոնգրեսի անելիքը հայտնի է. այս իշխանության դեմ գործող միակ ուժը, միակ լծակը ժողովուրդն է: Ժողովրդին պետք է բերել հրապարակ ու պահել: Իսկ իշխանությունը՝ տասը տարի Ռոբերտի, ավելի քան երեք տարի էլ՝ Սերժի օրոք, միշտ աջակցում է ժողովրդի հրապարակ գալուն: Ժողովուրդը պատրաստ է հրապարակ գալ, մնում է, որ Կոնգրեսը կարողանա հասարակության մեջ իշխանություններին չընդունող 80 տոկոսի գոնե մի մասին բերել հրապարակ: Շատերն են ատում սրանց, բայց չեն գալիս հրապարակ՝ մտածելով՝ ով ուզում է, թող քշի: Բայց այդպես չի կարելի: Պետք է մարդը գա հրապարակ ու հանրահավաքին իր ներկայությամբ օգնի այդ հարցը լուծելուն:

- Իսկ ձեր ասած զանգվածը չի՞ հոգնել գալ-տուն գնալով: Ժողովուրդն ավելի ռադիկալ քայլեր է ուզում տեսնել:
- Կոնգրեսն ամեն ինչ անում է, որ հնարավորինս քաղաքակիրթ, երկրի համար անվնաս կերպով, երկրի վարկը բարձրացնելով գնա փոփոխությունների: Հասարակությանը, միջազգային հանրությանը ներկայացվեց, որ մենք փորձեցինք ամեն ինչ անել՝ քաղաքակիրթ ճանապարհով գնալու համար: Հիմա այն զանգվածը, որ նեղվում է Կոնգրեսից, ինչ-որ պահից չէր գալիս հրապարակ, պետք է հասկանա, որ եկել է գործողություններ կատարելու ժամանակը, ու նրանք պետք է գան հրապարակ: Հրապարակ գալու այլընտրանքը Ռուսաստան գնալն է, ինչը մեզանում լայն թափով է ընթանում: Բայց այնտեղ էլ նրանց գորգերը փռած չեն սպասում:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

No comments: