Tuesday, September 13, 2011

Սերժը խելքի՞ է բերել Հովիկին

«Լրագիր» ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկին լրագրողների հետ ճեպազրույց ունենալով եւ WikiLeaks-ի հրապարակումներին անդրադառնալով, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հետաքրքիր խորհուրդ է տվել քաղաքական գործիչներին. “Ուզում եմ որոշ քաղաքական գործիչների խորհուրդ տալ, որ միշտ խոսում են պատերի տակ, ժողովրդի հետ կամ այլ քաղաքացու հետ, թող միշտ հիշեն, որ կարող է օրը գա իրենց խոսակցությունները, մտքերը ի հայտ գան եւ հանրության համար հասանելի լինի: Դրա համար հորդորում եմ, որ բոլորը իրենց խոսքերում, մոտեցումներում լինեն չափավոր»:
Այլ կերպ ասած, Հովիկ Աբրահամյանը քաղաքական գործիչներին, դե բնականաբար իշխանության ճամբարին պատկանող, հուշում է, թե “շատ բան գիտեք, քիչ խոսացեք”: Իրականում, քաղաքական գործիչը թերեւս հակառակը պետք է անի` պետք է խոսի այն մասին, ինչ գիտե, ինչից տեղյակ է, առավել եւս եթե “ժողովրդի” հետ է խոսում:
Բայց, Աբրահամյանի արձագանը թերեւս ունի բավական հետաքրքիր ներիշխանական նրբերանգ: WikiLeaks-ին արձագանքելով, օրերս իշխանական ճամբարին բավական հետաքրքրական խորհուրդ էր տվել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը, կրկին վիկիլիքսյան համատեքստում: Բացի այդ, կարծում եմ, ակնհայտ է, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ մի կարևոր դաս են քաղել այս պատմությունից: “Պետք է մտածել, թե ինչ ես խոսում, առավել ևս՝ երբ խոսում ես սեփական երկրի մասին օտարի ներկայությամբ, և պետք է խոսել այնպես, ինչպես մտածում ես: Կարճ ասած` հավատարիմ մնալ սկզբունքներիդ և շիտակ խոսել: Այդ դեպքում, վստահ եմ, որ որևէ բացահայտում, այդ թվում` WikiLeaks-յան, չի կարող քեզ անհարմար վիճակի մեջ դնել”, ասել էր Վիկտոր Սողոմոնյանը:
Փաստորեն Քոչարյանի մոտեցումն այլ է, քան Հովիկ Աբրահամյանինը: Եթե Աբրահամյանը կոչ է անում “շատ գիտեք, քիչ խոսեք” տարբերակով, այսինքն չասել ամեն մտքին եկած կամ եղած, ապա Ռոբերտ Քոչարյանը հորդորում է հակառակն անել` ասել, թե ինչ կա մտքում:
Քոչարյանն ըստ երեւույթին համոզված է, որ եթե իշխանական ճամբարի քաղաքական գործիչներն ասեն իրենց մտքին եղածը, մտածածը, ապա կստացվի, որ իշխանությունը երկրում ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ Ռոբերտ Քոչարյանին է պատկանում: Այլ կերպ ասած, Ռոբերտ Քոչարյանը թերեւս վստահ է, որ եթե իշխանության ճամբարը ասի մտքին եղածն ու բերանին եկածը, Սերժ Սարգսյանը հրապարակավ զրկվելու է անգամ ներիշխանական լեգիտիմությունից:
Այդ համատեքստում հիշարժան է վիկիլիքսյան մի հրապարակման մեջ եղած նախադասությունն այն մասին, թե Քոչարյանը վարչապետության հարցում կարող է հավաքել ԱԺ-ում անհրաժեշտ մեծամասնություն:
Փաստորեն, եթե ժամանակագրությամբ նայենք արձագանքները, ապա Քոչարյանի գրասենյակի ղեկավարի վիկիլիքսյան արձագանքից օրեր անց հակառակ տրամաբանությամբ արձագանքելով նույն WikiLeaks-ին, Հովիկ Աբրահամյանը իշխանական ճամբարին մեծ հաշվով կոչ է անում “չլսել Քոչարյանին” ու չասել այն, ինչ մտածում են:
Թերեւս մտավախություն ունենալով, որ Գագիկ Բեգլարյանից, Կարեն Կարապետյանից հետո հերթը կարող է նաեւ իրեն հասնել, Հովիկ Աբրահամյանը փորձում է կանգնել Սերժ Սարգսյանի ներիշխանական լեգիտիմության առնվազն շղարշի պաշտպանի դիրքում, երեւի թե մտածելով, որ վերստին ԱԺ նախագահ դառնալու իր ցանկությունը, որի մասին նա բարձրաձայնել է սեպտեմբերի 13-ի ճեպազրույցում, կարող է իրականություն դառնալ միայն այդ դեպքում:
Այդպիսով ստացվում է նաեւ, որ Հովիկ Աբրահամյանը չի հավատում Քոչարյանի քաղաքական հեռանկարին, այլապես հազիվ թե նրան հակառակ դիրքորոշմամբ կանգներ Սերժ Սարգսյանի ներիշխանական լեգիտիմության թիկունքին: Բացի այդ, ակնհայտ է, որ WikiLeaks-ի հայտնի դրույթից հետո, թե վարչապետության հարցում Քոչարյանը կարող է հավաքել խորհրդարանի մեծամասնության ձայնը, Հովիկ Աբրահամյանն ունի Սերժ Սարգսյանի աչքին լեգիտիմանալու անհրաժեշտություն:
Սարգսյանը նրան ԱԺ նախագահ դարձրեց ԱԺ «դերը բարձրացնելու» նշանաբանով: Դա այլ բան չէր նշանակում, քան հենց այն, որ Աբրահամյանը խորհրդարանը պետք է աստիճանաբար հաներ Ռոբերտ Քոչարյանի ստվերից եւ դներ ամբողջությամբ կամ մեծ մասամբ Սերժ Սարգսյանի ստվերի տակ: Չէ որ Սերժ Սարգսյանն ամերիկացիներից շատ ավելի շուտ եւ ավելի լավ գիտեր, որ 2007 թվականին իր գլխավորած ՀՀԿ բացարձակ հաղթանակով ձեւավորված խորհրդարանն իրականում ամենեւին իրենը չէ, այլ Ռոբերտ Քոչարյանինն է: Հովիկ Աբրահամյանը պետք է հենց այդ խնդիրը լուծեր Սերժ Սարգսյանի համար, բայց նա փոխանակ այդ խնդիրը լուծելու, սկսեց քաղաքականության մեջ «անվավեր» ճանաչել խելքն ու քաղաքական կատեգորիաների շարք ներառել մատուռը, որոշելով այդպիսին կառուցել ԱԺ բակում` խորհրդարանի դերի բարձրացման գործընթացում:
Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանին հաջողվել է խելքի բերել Հովիկ Աբրահամյանին, եւ թերեւս դրա համար էլ Աբրահամյանը թողել է ԱԺ բակի մատուռը եւ զբաղվում է Սերժ Սարգսյանի ներիշխանական լեգիտիմության հարցով, չխորշելով անգամ իշխանական ճամբարին խորհուրդ տալ «չընկնել Քոչարյանի խելքին» եւ չասել այն, ինչ մտածում են:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: