Tuesday, September 6, 2011

«ԵՎՐՈՏԵՍԻ՞ԼՆ» ԷԼ ԿՄՏՆԻ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿ»

«ԱԶԳ» , 06-09-2011- Ըստ կարգի, «Եվրոտեսիլ»-ի պաշտոնական կայքէջը պարբերաբար նյութեր է տեղադրում հաղթած երկրի մասին: Օրերս հերթական նյութը նվիրված է եղել Բաքվին, որը նախապատրաստվում է հյուրընկալել գալիք տարվա «Եվրոտեսիլ»-ը: Բայց ինչպես միշտ, այս անգամ էլ Ադրբեջանի «հանդեպ թույլ է տրվել տեղեկատվական անճշտություն»: Ոչ, խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին չէ: «Եվրոտեսիլ»-ի պաշտոնական էջը գրել է, որ «Բաքուն հին պարսկական քաղաք է, որտեղ 19-րդ դարում նավթային բում է եղել` նպաստելով քաղաքի արդյունաբերականացմանը, որից հետո խորհրդայնացվել է»:
Բնական է, որ այդ «անճշտությունը» նկատվել է Ադրբեջանում: Սակայն, ի տարբերություն այլ դեպքերի, այս անգամ լրատվամիջոցներն իրենց ընթերցողներին կամ համացանցի այցելուներին կոչ չեն անում նամակ-բողոք հղել «Եվրոտեսիլ»-ի պաշտոնական կայքէջին: Միայն զգուշավոր հույս են հայտնում, որ «թույլ տրված սխալը կուղղվի»: Եվ, իհարկե, ներկայացնում են իրենց «մեկնաբանությունը», համաձայն որի «Բաքուն տարբեր դարաշրջաններում եղել է ադրբեջանցիների ստեղծած պետական կազմավորումների կենտրոն, երկար ժամանակ կառավարել Հարավային Կովկասը եւ երբեք պարսկական պետության մաս չի կազմել»:
Թե «ադրբեջանական ո՞ր պետական կազմավորումների կենտրոնն է եղել» Բաքուն, այդ մասին, իհարկե, ոչինչ չի ասված: Քանի որ նման «պետական կազմավորումներ» չեն եղել առհասարակ: Իսկ որ Բաքուն մաս է կազմել պարսկական պետությանը, այդ է վկայում 1813թ. Գյուլիստանի պայմանագիրն Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջեւ, որով Բաքվի խանությունը Պարսկաստանից «ընդմիշտ անցել է» Ռուսաստանին: Հո չէր կարող խանությունը լինել պարսկական, պարսկական պետության մաս, իսկ նրա կենտրոնը` «ոչ պարսկական, այլ ադրբեջանական»:
Ամբողջ Եվրոպան գիտի, որ մինչեւ 19-րդ դարի երկրորդ կեսը Բաքուն շարունակում էր մնալ թեեւ ռուսահպատակ, բայց մեծ մասամբ պարսկական քաղաք: Եվ միայն նահանգական կենտրոնը Շամախիի ավերիչ երկրաշարժի պատճառով այնտեղից Բաքու տեղափոխելուց եւ մանավանդ եվրոպացիների կողմից Ապշերոնի թերակղզում նավթարդյունահանություն սկսելուց հետո է, որ այդ աննշան քաղաքը, շնորհիվ բազմազգ բնակչության ներհոսքի, աստիճանաբար կազմավորվել եւ զարգացում է ապրել:
Բաքուն, ինչ խոսք, ցարական Ռուսաստանի արդյունաբերական խոշոր կենտրոններից մեկն էր: Բայց դա «ադրբեջանական» քաղաք չէր, այլ` ռուսաստանյան, որտեղ, ի թիվս այլոց, առաջնակարգ էր նաեւ հայ առեւտրաարդյունաբերական բուրժուազիան: Բաքուն նաեւ հայ մշակույթի կենտրոններից մեկն էր: Ինչ վերաբերում է «Հարավային Կովկասը կառավարելուն», ապա փաստ է, որ Կովկասի փոխարքայանիստ քաղաք եղել է Թիֆլիսը` իր դարձյալ բազմազգ եւ բազմամշակութային ընդգծվածությամբ:
Իրականությունն, ի տարբերություն ադրբեջանական կողմի` մեծ մասամբ անհաջող քարոզչական հնարքների, պահանջում է իրենը: Եվ եթե «Եվրոտեսիլ»-ի պաշտոնական կայքէջում Բաքուն հիշվել է որպես ի սկզբանե պարսկական քաղաք, ապա դրանում զարմանալի ոչինչ չկա. մարդիկ բարեխղճորեն արձանագրել են փաստը: Ինչպես` եթե գրեին, որ Ստամբուլը բյուզանդական քաղաք է եղել:
Ի՞նչ կա դրանում վիրավորական: Չէ՞ որ խոսքը հեռավոր անցյալի մասին է: Իսկ որ Բաքուն` որպես Ադրբեջանի մայրաքաղաք, եկող տարի կհյուրընկալի «Եվրոտեսիլ»-ը, դա արդեն այսօրվա իրականությունն է: Ինչից, ի դեպ, ոչ ոք ողբերգություն չի ստեղծում: Ի վերջո, հենց նման միջոցառումներով է, որ Բաքուն կարող է դառնալ քաղաքակիրթ քաղաք: Իսկ ի՞նչ երաշխիք, որ «Եվրոտեսիլ»-ի կազմակերպիչները հատկապես ադրբեջանական զուգերգը հաղթանակի չեն արժանացրել այն մտադրվածությամբ, որ այդ քաղաքն առիթ ունենա ձերբազատվել իր մղձավանջային անցյալից: Դրա համար հարկավոր է երախտագետ լինել: Ոչ թե «սեւ ցուցակ»-ի թաքուն սպառնալիքներ հնչեցնել նրանց հասցեին, ովքեր հորդորում են ընդունել անցյալն ինչպես եղել է եւ նրա հետ հաշտ ապրել:

No comments: