Tuesday, September 6, 2011

«Ողբերգությունները կանխելու համար հարկավոր է բանակում արմատախիլ անել բռի հրամանատարի կերպարը»

Panorama.am.5-9-2011- «Բանակի զորամասերից մեկում տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց բոլորիս: Առիթ ունեցել եմ ասելու, և հիմա էլ կրկնում եմ. այդ մեկ-երկու ստահակի ոճրագործությունը հարված էր բանակի, պաշտպանության նախարարի, մեր բոլորիս թիկունքին: Այս օրերին մենք ականատեսն ենք լինում մեկ այլ վտանգավոր միտումի. շահարկվում է մարդկային ողբերգությունը: Փորձ է արվում հանրային ցասման վեկտորն ուղղել պաշտպանության նախարարի անձի վրա, կոնկրետ ստահակների ոճրագործության հետևանքով ձևավորված հանրային բացասական հուզական ֆոնը տարածել բանակի ընդհանուր կերպարի վրա: Որքանով է դա արդարացի: Չէ որ այդ դեպքում նսեմանում, ստվերվում է բանակի պարկեշտ զինվորականության առօրյա ծանր աշխատանքը, աշխատանք, որի արդյունքում մենք բոլորս ապրում ենք խաղաղության պայմաններում: Ի դեպ. սպայակազմի մոտ նույնպես ձևավորված է ցասում առ այն, որ մի քանի ստահակի պատճառով տուժում է իրենց բոլորի հեղինակությունը»,- այս մասին Panorama.am-ին ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

Նշենք, որ որ խոսքը «Եղնիկներ» անունը կրող զորամասում օգոստոսի 26-ին տեղի ունեցած ոճրագործության մասին է, ինչի հետևանքով մահացել էր նույն զորամասի զինծառայող Աղասի Աբրահամյանը: Իսկ այսօր կայացած մամուլի ասուլիսում ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանն անդրադառնալով այդ ու նմանատիպ միջադեպերին, նշել էր, թե «բանակում առկա խնդիրների առաջին ու վերջին պատասխանատուն նախարարն է, որն այդպես էլ մեր բանակը խելքի չբերեց»:
Դ. Ջամալյանի համոզմամբ, պաշտպանության նախարարն ունի ակտիվ աշխատանքի ոճ, ինչը կանխում է համակարգի լճացումը:
«Արցախում շատերը կվկայեն, որ որպես Պաշտպանության Բանակի հրամանատար պաշտոնավարելու ընթացքում Սեյրան Օհանյանը բազմից եղել է առաջնագծի բոլոր հենակետերում, անձամբ ճանաչել ոչ միայն գումարտակ, այլև վաշտ օղակի բազմաթիվ սպաների: Այդ ակտիվ ոճով է նա աշխատում նաև հիմա: Այստեղ խոսքը նախարարին քննադատությունից զերծ պահելու մասին չէ բնավ: Խոսքը պաշտպանության նախարարի կերպարը միտումնավոր վարկաբեկելու փորձի մասին է, ինչը վտանգավոր է և ահա' թե ինչու: Նման ողբերգությունները կանխելու համար հարկավոր է բանակում արմատախիլ անել բռի հրամանատարի կերպարը»,- ասաց նա:
Փորձագետի խոսքերով, այդ առումով մեզ այսօր անհրաժեշտ է այնպիսի պաշտպանության նախարար, որի կերպարը զերծ լինի բռի, անկիրթ, կոպիտ զինվորականի գծերից: Սեյրան Օհանյանի կերպարը հենց այդպիսին է, ինչը կարող է վկայել նրա հետ առնչություն ունեցած ցանկացած ոք: Ցավալի է, որ Գուրգեն Եղիազարյանը այս տարիների ընթացքում չի հասկացել, թե Սեյրան Օհանյանը ինչ ավանդ ունի բանակաշինության մեջ»,- ընդգծեց Դ. Ջամալյանը:
«Ես չեմ պատրաստվում այստեղ խոսել բանակի ձեռքբերումներից: Մարդկային ողբերգության ֆոնին ձեռքբերումներից խոսելը տեղին չէ: Հանրությունը դա ընկալվում է իբրև ողբերգությունը արդարացնելու փորձ, մինչդեռ ստահակների անմարդկային արարքն արդարացնելու փորձն անգամ անբարոյականություն է: Սակայն պակաս անբարոյական չէ նաև մարդկային ողբերգությունը մասնավոր շահերին ծառայեցնելը: Այսօր սպանված զինվորի հարազատներին կյանքին կապող միակ թելը արդարության վերականգնումն է, ինչին հետամուտ պետք է լինենք բոլորս»,- եզրափակեց փորձագետը:

No comments: