Thursday, September 1, 2011

Ամեն մեկն իր չափով

Հարցազրույց “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի հետ

- Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանուն քաղաքի արտաքին տեսքի, ապամոնտաժում է կրպակները, արդյունքում` սոցիալական լուրջ դժգոհություններ են առաջ եկել, քանի որ շատերի համար կրպակները ապրուստի միակ միջոցն են: Որպես նախկին քաղաքապետ, ինչպես կմեկնաբանեք այդ փաստը, արդյոք սա ճիշտ ճանապարհ է:
- Ես անձնապես Կարեն Կարապետյանի հանդեպ ոչ մի վերաբերմունք չունեմ: Միգուցե նա շատ արժանիքներ ունի, բայց նա կեղծված ընտրությունների արդյունքում է դարձել քաղաքապետ: Սրան պետք է ավելացնել, որ նա ահավոր վատ ժառանգություն է ստացել: Ցավոք սրտի, իշխանությունները Երեւանի հանդեպ սպառողի հոգեբանությամբ վարվեցին: Հիմա կոնկրետ անուններ չտամ, որովհետեւ քաղաքապետներից մեկն էլ ես եմ եղել ու նույն խնդիրների առաջ ես եմ կանգնել: Բայց շատ ստանալու, էլ ավելի փող աշխատելու իրենց “բիզնես ծրագերով” այս քաղաքը դարձրին ռիթմից ընկած, քաղաքաշինության բոլոր խելամիտ սկզբունքներից զուրկ քարե կոնգլոմերատ, անհասկանալի մի իրավիճակ ստեղծվեց քաղաքում թե արտաքին առեւտրի, թե մայթերի, թե շենքերի արտաքին տեսքի հետ կապված: Այս ամենի մեջ ես այդքան քաղաքապետերին չեմ մեղադրում, որքան քաղաքի գլխավոր ճարտարապետներին, որովհետեւ նրանց քավորությամբ են կատարվել Երեւանում բոլոր այլանդակությունները:

- Ի վերջո, նախկին քաղաքապետերից ո՞վ էր մեղավոր այս իրավիճակի համար` Դուք, Վանո Սիրադեղյանը, Վահագն Խաչատրյանը, Ալբերտ Բազեյանը, Կամո Արեյանը, Երվանդ Զախարյանը, Գագիկ Բեգլարյանը…
- Բոլորս միասին: Մեզանից ամեն մեկն իր չափաբաժնով: Ես ինձ նրանցից չեմ առանձնացնում, որովհետեւ ես էլ Գետառի վրայի կառույցները քանդեցի, Աբովյան փողոցից կառույցները քանդեցի: Ինձ այդքան անիծեցին, հիմա կրկին շինություններ են հայտնվել Աբովյանի վրա: Փողը առան, այդ շինությունները կրկին սարքեցին: Ռոբերտ Քոչարյանը քաղաքապետին ասաց` “Փողի վրա նստած փող ես ուզում”: Ու վերջ: Դրանից հետո սկսվեց Երեւան քաղաքի վակխանալիան: Դրա համար ես կդժվարանամ միանշանակ գնահատական տալ գործողություններին: Միակ խորհուրդս Կարեն Կարապետյանին հետեւյալն է` թող հիշի, որ այս քաղաքը մարդկանց համար է: Պետք է հաշվի առնել մարդու հանգամանքը, որովհետեւ շատ դեպքերում սոցիալական խնդիրներ էլ են առաջանում: Այսօր այս խնդիրն իրեն թվում է շատ հրատապ, բայց թող մտածի` միգուցե հիմա դրանց լուծումը ժամանակավրեպ է: Միգուցե ավելի ռեալ կլինի որոշ ժամանակ անց դրանք լուծելը: Ի վերջո, այս քաղաքը սոցիալական սոսկալի իրավիճակում է, մի քիչ պետք է զգույշ ու մարդասեր լինել: Հիմա կարելի է որոշ բաների վրա աչք փակել, մինչեւ գան այն լավ ժամանակները, որ հնարավոր լինի քաղաքը նորմալ տեսքի բերել: Միեւնույն է` քաղաքն այնպես են այլանդակել, որ հինգ Կարեն Կարապետյան էլ լինի, քաղաքը նորմալ տեսքի չեն բերելու:

- Կարելի՞ է ենթադրել, որ Երեւանի “այլանդակումը” սկսվեց Քոչարյանի հայտնի խոսքերից հետո:
- Քաղաքի այլանդակումն ամենաշատն այդ ժամանակ եղավ: Այդ ժամանակ պատահական մարդիկ թաղապետեր ընտրվեցին: Ընտրական գործընթացի կեղծիքներն արդարացնելու համար բուդկաներ ու մայթերի նման շինություններ տեղադրելու թույլատրություն տվեցին: Ու ամեն մեկն իր չափով այլանդակեց, բռնաբարեց քաղաքը:

- Դուք եղել եք ՀՀ ՆԳ նախկին նախարարը: Ինչպե՞ս կմեկնաբանեք Մարգար Օհանյանի ձերբակալությունը: Կարելի՞ է ենթադրել, որ այս ձերբակալությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում էր:
- Ամենեւին էլ ոչ: Հայաստանում կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարի մթնոլորտ բացարձակապես չկա: Ավելին, կոռուպցիան ու կաշառակերությունն այս համակարգի գոյության միակ ձեւն է: Իսկ Մարգար Օհանյանն այդ համակարգի զոհերից մեկն է: Ամենայն հավանականությամբ, իրենց ներքին “արիշ-վերիշների” մեջ “պարզություն” չի եղել, դրա համար էլ ձերբակալել են Մարգարին: Ես ցավում եմ, որ որոշակի դպրոց անցած մարդիկ դառնում են այս համակարգի զոհը եւ արագ վերածվում հանցագործի:

- Սրանից առաջ էլ ձերբակալվեց ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Հովհաննես Թամամյանը, այժմ` ՃՈ պետ Մարգար Օհանյանը: Այսինքն` ոստիկանության կարեւոր ստորաբաժանումների ղեկավարների ձերբակալությունները, ձեր կարծիքով, ինչի՞ մասին են վկայում:
- Սա խոսում է մեկ բանի մասին. այդ համակարգում ինչ-որ մի բան այնպես չի: Ու վերջին հաշվով այդ համակարգի համար պատասխանատուներ կան, որոնք անպայման պետք է պատասխան տան դրա համար:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
«Լրագիր» 1-9-2011

No comments: